12/12/2024

Երևանի քաղաքապետարանը ստեղծել է նոր ակադեմիա. Ստեղծագրության ակադեմիայի առաջին հոսքը՝ այս ամառ

Երևանի քաղաքապետարանը ստեղծել է նոր ծրագիր, որը նախատեսում է հասցեագրել ժամանակակից ստեղծագրողների խնդիրները՝ ինքնաարտահայտման, միջոլորտային կապերի հաստատման, գիտելիքի և հմտությունների ձեռքբերման հնարավորություն տալով:

Ստեղծագրության ակադեմիա ծրագրի մեկնարկը կտրվի հուլիսին։ Ծրագրի շրջանակում տարատեսակ միջոցառումներ կիրականացվեն բանաստեղծների, արձակագիրների, դրամատուրգների, սցենարիստների և արվեստի քննադատների համար:

Ծրագիր բաղկացած է մի քանի փուլերից: Ընդհանուր առմամբ հինգ անվանակարգերի համար (բանաստեղծություն, արձակ, դրամատուրգիա, կինոսցենար, արվեստի քննադատություն) հայտարարվում է ընդունելության մրցույթ մինչև հունիսի 15-ը, որին կարող են դիմել 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիություն ունեցող բոլոր ցանկացողները: Խմբերի ձևավորումից հետո ոլորտի առաջատար մասնագետները դասընթացներ կմատուցեն ուսանողներին, որոնց կշնորհվի մասնակցության վկայագրեր: Դասընթացները բաղկացած են լինելու 10 մասից:

Դասընթացներից հետո շրջանավարտները հնարավորություն կունենան մասնակցելու սույն ծրագրի շրջանակում հայտարարվող մրցույթին: Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողին կհատկացվի դրամական պարգև և որ ամենակարևորն է, նրանց հայտերի հիման վրա կտպագրեվեն գրքեր, կնկարահանվեն ֆիլմեր և կիրականացվեն բեմադրություններ:

«Հատկանշական է, որ ծրագրի շրջանակում մինչև 150 մասնակից կստանա անվճար դասընթացների մասնակցելու հնարավորություն։ Յուրաքանչյուր անվանակարգում ներառված են 3 անվանի մասնագետներ։ Շրջանավարտների մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ։ Լավագույն աշխատանքների հիման վրա կտպագրվի պատկերազարդ գիրք, կնկարահանվի ֆիլմ, կբեմադրվի թատերական ներկայացում»,-նշում են Ակադեմիայի նախաձեռնողները։

Ակադեմիայի մասնակցության վկայական ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի մասնակիցը ներկա գտնվի 10 դասընթացներից առնվազն 8-ին: Վկայագիր ստանալուց հետո մասնակիցը կարող է դիմել այս ծրագրի շրջանակում անցկացվող դրամաշնորհին:

Ստեղծագրական մրցույթը կանցկացվի բոլոր 5 անվանակարգերում: Հաղթողները կընտրվեն հանձնաժողովի կողմից:

Դասընթացները կամփոփվեն գալա համերգով, որը նախատեսված է սեպտեմբերին։ Համերգային ծրագրի ավարտից հետո հաղթող հայտատուների աշխատանքները կուղարկվեն պատկերազարդողներին, կինոռեժիսորներին, բեմադրիչներին՝ տեսլական ստանալու նպատակով: