«Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է և պատրաստ է արդեն»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ հիշեցնելով, որ խոսքը 2022 թվականի հուլիսին ձեռք բերված պայմանավորվածության մասին է, ըստ որի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը պետք է բացվի 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար:
«Հայկական կողմից մենք բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք և ավարտել, և անցակետը պատրաստ է գործունեության համար: Թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ, բայց մենք հույս ունենք, որ այդ քայլերը կիրականացվեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ երկխոսությանը, Ռուբինյանը մանրամասնեց․ «Այնպես չէ, որ հանդիպումներ չկան. եթե կհիշեք վերջին հանդիպումը՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների, տեղի է ունեցել այս տարվա փետրվարի վերջին Անթալիայում, նույն քաղաքում և նույն ժամանակ ես եմ հանդիպել Թուրքիայի ներկայացուցչի հետ: Պաշտոնական հանդիպում վաղուց չի եղել, բայց մենք ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև: Ժամկետի և վայրի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չունենք»:
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում հայկական կողմի դիրքորոշումները չեն փոխվել: Վերջինս շեշտեց, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում հետևյալն է՝ ենթակառուցվածքները ապաշրջափակվեն կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների ներքո:
«Ընդհանուր առմամբ, սա է մեր դիրքորոշումը, սա ասում եմ՝ անկախ «Խաղաղության պայմանագրի» համատեքստից: Ընդհանրապես, ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը սա է. տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերն ունեն համաձայնություն, և այդ համաձայնությունը ֆիքսվել է 2022 թվականին Պրահայում, այնուհետև՝ Սոչիում, այնուհետև՝ Բրյուսելում, այնուհետև՝ վերջերս տեղի ունեցած՝ փոխվարչապետների ղեկավարության ներքո համապատասխան սահմանազատման հանձնաժողովների նիստերի ընթացքում արձանագրված համաձայնության համատեքստում: Եթե այս բոլոր համաձայնություններն արտահայտվեն «Խաղաղության պայմանագրում», պայմանագիրը կարելի է շատ արագ ստորագրել»,- նկատեց նա։
Բաց մի թողեք
Տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը
Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, որ Հայաստանը ետ է կանչել իր ստորագրությունը Պուտինի ձերբակալության հարցում
«Այսօրվա ընդդիմությունը մեր Աստծո պարգևն է, ես շնորհակալ եմ այսօրվա ընդդիմությանն իրենց գոյության, իրենց աշխատանքի համար»․ Սիմոնյան