21/12/2024

Ազգային բարոյական նկարագրի աղճատումը

Աշխարհի բոլոր երկրներում էլ տարերային աղետներ, բնության արհավիրքներ լինում են և պետությունները սովորաբար արձագանքում են իրենց ունեցած հնարավորություններով, ինչպես նաև դիմում գործընկեր ու այլ պետությունների, սեփական հանրություններին` տուժած շրջաններին օգնության հասնելու, տնազուրկ մարդկանց օգնելու, կացարան տրամադրելու և այլ հարցերով։

«Փաստ» օրաթերթը գրում է. Տասնամյակներ շարունակ քաղաքակիրթ աշխարհը համապատասխան մոդելներ է ստեղծել, կառույցներ և ընթացակարգեր՝ մեկը մյուսին դիմելու, օգնություն առաջարկելու։ Այդ ամենը, սակայն, քիչ է կոնկրետ տվյալ երկրի ժողովրդի արձագանքի համեմատ։

Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ աղետներ է տեսել, որոնցից ամենամեծն, իհարկե, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժն էր։ Բնավ ոչ տարօրինակ կերպով ողջ հայ ժողովուրդը Հայաստանում, Սփյուռքում, ամենուրեք հավաքվեց, օգնության ձեռք մեկնեց տուժած հայրենակիցներին, յուրաքանչյուրը փորձում էր իր ունեցածի, իր կարեցածի չափով օգնել տուժած մարդկանց, հնարավորինն անել՝ նրանց հոգսը թեթևացնելու, վիշտը կիսելու ուղղությամբ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ից հետո Հայաստանում, ցավոք, այլ դեպքեր էլ են եղել, բնության տարբեր աղետներ, որոնց ընթացքում ևս բազմիցս աչքի են ընկել մեկը մյուսին օգնելու՝ հայ ժողովրդի ցանկությունը, մղումները։

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղները ահռելի վնաս են հասցրել, ստիպել, որ իշխանությունը աղետի գոտի հայտարարի դրանք։ Դեբեդի բարձրացման հետևանքով 4 մարդ զոհվեց, տասնյակ ու հարյուրավոր տներ օրեր շարունակ մնացել են ցեխի ու ջրի տակ, իսկ հասցված վնասը դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինի վերականգնել։ Քաղաքակիրթ աշխարհն այս անգամ էլ արձագանքեց, օգնություն առաջարկեց։ Ռուսաստանի Դաշնությունից նշեցին, որ կապի մեջ են Հայաստանի իշխանությունների հետ, պատրաստ են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, Շվեյցարիան վնասները գնահատելու հատուկ մասնագետներ է ուղարկել, Լիտվիան 100 հազար դոլարի օգնություն է առաքելու Հայաստան, Իրանը առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկեց, Արգենտինան և Իսպանիան ևս առաջիկայում մարդասիրական օգնություն կուղարկեն Հայաստան։

Օգնության ձեռք մեկնողների շարքում են ավելի քան 20 երկիր և սփյուռքի հայկական օջախներ։ Զարմանալիորեն բավարար չէր Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հատկապես քաղաքացիական հասարակության արձագանքը՝ միասնություն և ուժ ցուցաբերելու բնական աղետի հետևանքները վերացնելու հարցում։ Քաղաքական ուժերը ևս այս անգամ, կարծես, բավարար չափով չարձագանքեցին, մինչդեռ դա առաջին հերթին խոսում է հենց կոնկրետ հանրության բարոյական նկարագրի մասին, որը նախընտրում է գինու փառատոնները, մի սուպերմարկետի խաղարկությունը, ժամանցի այլ վայրերը՝ սեփական երկրի տուժած քաղաքացիներին կարեկցելու, օգնության հասնելու փոխարեն։

Ազգային բարոյական նկարագրի այս աղճատումը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, ծանրագույն հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի հետագա ընթացքի համար. հատկապես անբարյացկամ երկրներով շրջապատված լինելով՝ Հայաստանը պետության և պետականության արժանի հիմքեր պիտի կարողանա դնել, իսկ պետության և պետականության կարևորագույն հիմնաքարերից մեկը քաղաքացու, բնակչի, ժողովրդի բարոյական նկարագիրն է, և այդ բարոյական նկարագրի մեջ ոչ պակաս կարևոր դեր ունի հայրենակցին օգնության ձեռք մեկնելու արձագանքը։ Եթե Հայաստանն ուզում է քաղաքացիական իսկական հասարակություն ունենալ, պետք է աղետների, տարբեր խնդիրների ժամանակ միմյանց ձեռք մեկնել սովորի։ Այսօր էլ ուշ չէ…