13/12/2024

Փաշինյանը ոչ թե սխալվել է, այլ խուսափել է այդօրինակ քայլից

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում նախօրեին հայտարարել է, որ իր մեծ սխալն այն է, որ դեռեւս 2018 թվականին չի եկել ու դռնփակ ռեժիոմւմ չի ասել, որ Արցախը պետք է լինի Ադբեջանի կազմում եւ չկա Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի հնարավորություն:

«Ես ինքս ինձ չէի կարողանում դրանում համոզել: Եվ դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է: Պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամենը պետք է վերցնի իր վրա: Ես այսօր դրա համար եմ դա անում: Եթե ես ինձ վրա չվերցնեմ, ուրիշ ոչ մեկը չի վերցնի: Իմ պարտքն է, որ վերցնեմ», հայտարարել է Փաշինյանը:

Եթե մի կողմ դնենք այս հայտարարությունների քարոզչական բաղադրիչը, այստեղ կա քննարկելու լուրջ բան, ընդ որում ոչ թե անցյալի իմաստով, այլ ներկայի ու ապագայի՝ պարզապես անցյալի օրինակով: Նիկոլ Փաշինյանը կամա, թե ակամա խոսում է այն մասին, որ Հայաստանում չի գործել, գոյություն չի ունեցել քաղաքական լրջագույն քննարկումների եւ որոշումների համակարգ: Ի՞նչ է այդ համակարգը: Դա լոկ իշխանական համակարգը չէ, դա կենսունակ քաղաքական համակարգն է իր հիմնական առաջատար քաղաքական դերակատարներով, որոնք ձեւավորում են այն օրգանիզմը, որ քննարկում ու կայացնում է պետության ճակատագրին առնչվող որոշումներ:

Ընդ որում, էական չէ՝ այդ որոշումը կլինի այո, թե ոչ, դիցուք եթե դիտարկենք այն բովանդակությունը, ինչի մասին խոսում է Փաշինյանը: Էականն այն է, որ կլինի թե այո-ի, թե ոչ-ի համար պատասխանատու օրգանիզմ, ըստ այդմ՝ այդ պատասխանատվությունը իրագործելու կոչված, սպասարկելու կոչված մեխանիզմ:

Սա ցանկացած պետության կարեւորագույն բաղադրիչ է, եթե նույնիսկ այդ պետությունը կենսագործում է ոչ թե ժողովրդավարության, այլ ամբողջատիրության մոդելով: Նիկոլ Փաշինյանը ըստ էության ոչ թե սխալվել է, այլ խուսափել է այդօրինակ քայլից թերեւս միանգամայն գիտակցված, լավ պատկերացնելով, որ դռնփակ այդօրինակ նախաձեռնությունը չէր բերելու խորքային համակարգի աշխատանքի, որովհետեւ այդ համակարգը բացակայել է:

Դրա փոխարեն, ընդամենը առաջանալու էր մակերեսային դիմակայության մի ալիք, որը գործնականում չէր լուծելու Հայաստանի առաջ եղած մարտահրավերը, այլ հակառակը՝ ավելի խորացնելու էր այն: Սա բոլորովին չի նշանակում, որ Փաշինյանի վրայից դուրս է գալիս պատերազմի եւ դրա հետեւանքի պատասխանատվությունը:

Պարզապես, շատ կարեւոր է խորապես ախտորոշել քաղաքական պրոցեսների պատճառահետեւանքային կապը, որպեսզի նաեւ ներկայի ու ապագայի համար դրանցից արվող հետեւությունները լինել համարժեք: Ըստ էության, Հայաստանում այդպիսի օրգանիզմ չի գործում առ այսօր եւ սա թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ հանգամանքների բերումով:

Մինչդեռ հարցն ազգային անվտանգության է, որովհետեւ միայն կարող է թվալ, թե Հայաստանի համար բարդ որոշումների հրամայական ժամանակները հետեւում են: Դրանց աճող դինամիկան համաշխարհային է: