18/07/2024

ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանն ու նրա ընտանիքի անդամները կանչվել են Գլխավոր դատախազություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին անդամ, անկախ պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, նրա կինը՝ Գայանե Սողոմոնյանը, որդին՝ Վարդան Զաքարյանը, ևս մեկ փոխկապակցված անձ՝ Սեդա Ադամյանը, հունիսի 17-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

azdarar.am-ում հրապարակված ծանուցագրերից տեղեկանում ենք, որ նրանց պատկանող գույքերի վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։ Զաքարյանն ու նրան փոխկապակցված անձինք հաշվառված են Ավան վարչական շրջանի Բագրևանդի փողոցում։

Նշենք, որ Իշխան Զաքարյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2023 թ. հայտարարագիրը, որում տվյալ տարեսկզբին երեք հողամաս է հայտարարագրել, մեկը՝ Արարատի մարզի Լանջազատում (ձեռք է բերել 2007-ին՝ նվիրատվության կարգով), մյուս երկուսը՝ Կոտայքի մարզի Հացավանում (ձեռք է բերել 2018-ին՝ գնել է)։ Կոտայքում գտնվող երկու հողամասերը, սակայն, Զաքարյանը 2023-ի փետրվարի 20-ին օտարել է՝ նվիրատվության եղանակով։ Իսկ թե ով է գործարքի մյուս կողմը՝ հայտարարագրում նշված չէ՝ պաշտպանված է։

Պատգամավորը հայտարարագրել է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված 1 շինություն Նոր Նորքում, որպես դրամական միջոց՝ բանկային հաշվի մնացորդ, 19 եվրո, 233 ԱՄՆ դոլար և ավելի քան 530 հազար դրամ։ Որպես կանխիկ դրամ անկախ պատգամավորը տարեվերջին հայտարարագրել է 25 հազար եվրո, 2 մլն 700 հազար դրամ և 6 հազար 500 ԱՄՆ դոլար։ Որպես եկամուտ էլ հայտարարագրել է ԱԺ աշխատակազմից ստացած 8 մլն 518 հազար 156 դրամը։ Զաքարյանը, նշենք, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին է անդամակցում՝ հասարակական հիմունքներով։

Զաքարյանի կինը, որը Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության նախկին պետն էր և Տարոն Մարգարյանի կողմից նրա քաղաքապետության օրոք արժանացել է վաստակավոր մանկավարժի կոչման, «Վարդանանք կրթահամալիր»-ի 100 տոկոս բաժնետերն է։ Սողոմոնյանը 2023 թ. իր հայտարարագրում որպես անշարժ գույք հայտարարագրել է Երևանի Կենտրոնում գտնվող միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող մեկ բնակարան, որը նվիրատվություն է ստացել 2006-ին։ Տարեվերջին այդ բնակարանը Սողոմոնյանը վաճառել է 131 մլն 580 հազար դրամով՝ Գեղամ Գարիկի Գրիգորյաին։ Սողոմոնյանը հայտարարագրել է նաև Նոր Նորքում գտնվող 1 շինություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված, «Լեքսուս» մակնիշի 2012 թ. արտադրության 1 մեքենա, որը գնել է 2019-ին։ Որպես արժեթղթեր և այլ ներդրումներ՝ Սողոմոնյանը հայտարարագրել է 50 հազար դրամի չափով բաժնեմաս, որը ձեռք է բերել 2022 թվականին։ Որպես հանձնված փոխառություն կամ ավանդ՝ պաշտոնյայի կինը հայտարարագրել է վերոհիշյալ կրթահամալիրին հանձնած 81 մլն 900 հազար դրամը, որը տարեվերջում կազմել է նույնքան։ Սողոմոնյանը մի քանի բանկում ավանդներ ունի, որոնցից մեկը տարեվերջին կազմել է 11 մլն 20 հազար դրամ, մյուսը՝ 40 մլն 200 հազար դրամ, մյուսն էլ՝ մոտ 5 հազար 700 ԱՄՆ դոլար։ Ավանդներից մեկն էլ տարեսկզբին եղել է 7 մլն 209 հազար 800 դրամ, որը տարեվերջին կազմել է 0 դրամ։

Պատգամավորի կինը նաև հայտարարագրել է բանկային հաշիվների մնացորդները, որոնցից մեկը տարեվերջին կազմել է 285 հազար 900 դրամ, մյուսը՝ 476, 56 ԱՄՆ դոլար, մյուսը՝ 641.52 ԱՄՆ դոլար, մյուսը՝ 2 մլն 945 հազար 780 դրամ, մյուսը՝ 6 հազար 188 դրամ։ Որպես կանխիկ դրամ Սողոմոնյանը հայտարարագրել է 41 մլն 560 դրամ, 10 հազար եվրո և 10 հազար 500 ԱՄՆ դոլար։ Սողոմոնյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 48 մլն 417 հազար 593 դրամ, որը գոյացել է «Վարդանանք կրթահամալիր»-ի շահաբաժնից, նույն համալիրում աշխատավարձից և քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից, ինչպես նաև ԵՊՀ-ից ստացած աշխատավարձից։