«Շանթ» եւ մի շարք այլ ընկերությունների սեփականատեր Վարշամ (Յուրա) Ղարիբյանը, մեր տեղեկություններով, օրերս հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ԱԱԾ տնօրենին՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ հանցագործությունների գործերով վարչության պետ, զինվորական դատախազի տեղակալ Վահագն Ժուլվերի Մուրադյանի կողմից առերեւույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գործարարի եւ դատախազության հնաբնակի միջեւ վեճը, հիշեցնենք, տասնամյակների պատմություն ունի, սակայն թվում է, թե հեղափոխությունից հետո «ժողովրդավարության բաստիոնում» հետամուտ կլինեին գործարարին «քցող» դատախազին պատասխանատվության ենթարկելու առնչությամբ։ Ղարիբյանը Մուրադյանից 19 միլիոն դրամի պարտք ու պահանջ ունի։ Վեճը սկիզբ է առել 2005-ին եւ անվերջ ձգձգվում է՝ մի դատարանից անցնելով մյուսը։ Բանն այն է, որ 2005 թ. հոկտեմբերին Ղարիբյանն ու Մուրադյանը նոտարական կարգով կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, որով Ղարիբյանը վաճառել է Շեւցովայի փողոցում գտնվող գործարանը՝ 19 միլիոն 500 հազար դրամով։
Ըստ գործի տվյալների. «Վ. Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելուց հետո Վ․ Մուրադյանը 2008-2011թթ. ընթացքում ձեւական առքուվաճառքի պայմանագրեր կնքելու եղանակով, 885 հազար դոլար իրական արժողությամբ գույքը 163 հազար 542 դոլարով առքուվաճառքի ձեւական պայմանագրերով ձեւակերպել է իր 2 մտերիմների անուններով՝ տվյալ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու համար, որից հետո գույքը ձեւական առքուվաճառքի պայմանագրով ձեւակերպել է իր անունով՝ ավարտին հասցնելով նախապես մշակված ծրագիրը»:
Մուրադյանի տարեկան հայտարարագրերից երեւում է, որ նա բնակարաններ, տներ, գործարաններ ունի Երեւանի կենտրոնում, առանձնատուն՝ Գերմանիայում, դրամական մեծ միջոցներ։ Ղարիբյանն ակնկալում է, որ այս անգամ ՀՀ գլխավոր դատախազն անաչառ եւ օբյեկտիվ կգտնվի` կստուգի նշված հանգամանքները: Մենք տեղեկացանք, որ Ղարիբյանը նաեւ ՄԻԵԴ է դիմել։
Բաց մի թողեք
Մի՞թե բալանսավորված քաղաքականություն է, երբ ասում է մի բան, մտածում` այլ բան, անում` լրիվ ուրիշ բան
Առողջապահության նախարարը անկարող է կիրառել օրենքը
Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը