Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցության առնչությամբ Բաքվից հնչող մեղադրանքներին, թե այդ գործակցությունը ռեգիոնն ապակայունացնող հանգամանք է:
Երեւանը հիշեցնում է Բաքվին Հայաստանի սուվերեն իրավունքի մասին, նշելով նաեւ, որ Հայաստանը ոչ մի հավակնություն չունի որեւէ երկրի տարածքային ամբողջության նկատմամբ: Հայաստանի ԱԳՆ հայտարարության առումով հատկապես ուշադրության է արժանի այն, որ Երեւանը «կոչ է անում» Ադրբեջանին դադարեցնել Հայաստանի հանրապետության 30 գյուղերի կենսական տարածքների օկուպացիան: Այստեղ ուշադրության արժանին երկու հանգամանք է՝ նվազագույնը:
Նախ, խոսքը վերաբերում է ՀՀ տարածքի օկուպացիային եւ այդ պարագայում պետք է լինի ոչ թե այն դադարեցնելու կոչ, այլ՝ պահանջ: «Կոչ» ձեւակերպումը համարժեք կլինի միջազգային կառույցների, միջնորդ երկրների կամ ձեւաչափերի պարագայում, որովհետեւ այն որոշակիորեն պարունակում է չեզոքության տոնայնություն: Մինչդեռ, երբ խոսքը սեփական երկրի տարածքի օկուպացիայի մասին է, ապա այդ պարագայում համարժեք կարող է լինել պահանջը: Հայաստանը պետք է պահանջի դադարեցնել օկուպացիան: Բաքուն, օրինակ, հայտարարում է, թե Հայաստանը 4 գյուղեր վերադարձրել է ոչ թե իրենց կոչով, այլ՝ «պահանջով»: Իհարկե, որեւէ պատրանք չկա, որ Բաքուն կատարելու է Հայաստանի պահանջը՝ ուժերի բալանսն է որոշիչը, ոչ թե ձեւակերպումները:
Բայց, ձեւակերպումները կարեւոր են «քաղաքական թղթապանակների» կազմման համար, քաղաքական մթնոլորտի եւ մտայնության ձեւավորման համար: Մյուս հանգամանքը, որ արժանի է ուշադրության, ինքնին Հայաստանի հիշեցումն է: Երեւանը հիշեցնելով 30 գյուղերի կենսական տարածքների մասին, Բաքվին «խոստու՞մ» է հիշեցնում, թե՞ պարզապես ակնարկում, որ իրավիճակը դեպի լարվածություն տանելու դեպքում Հայաստանը կդնի այդ 30 գյուղերի կենսական տարածքների խնդիրը: Ընդ որում, Հայաստանի ԱԳՆ այդ ձեւակերպումը հնչում է Հայաստանի վարչապետի սյունիքյան այցի ընթացքում արած այն հայտարարության ֆոնին, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում կարող է լինել հանրաքվեի անհրաժեշտություն՝ տարածքային փոխանակման համար:
Այս ամենով հանդերձ, ՀՀ ԱԳՆ հայտարարության մեխը թերեւս այն է, որ Երեւանը բարձրաձայնում է նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք Կլիմայի գագաթնաժողովից հետո Բաքվի հնարավոր ագրեսիայի ռիսկերի մասին, ղում անելով ինչ որ վերլուծական կենտրոնների եւ արձանագրելով, որ նրանք գուցե իրավացի են՝ Բաքուն վիժեցնելու է խաղաղության գործընթացն ու մտածի նոյեմբերից հետո նոր ագրեսիայի մասին: Երեւանը կանխարգելի՞չ հայտարարություն է անում, փորձելով մինչեւ նոյեմբեր ձեւավորել մի «գիծ», որի միջոցով կփորձի հնարավորինս հակակշռել Ադրբեջանի ուժային շանտաժը, որով Բաքուն կարող է փորձել մինչեւ նոյեմբեր Երեւանին պարտադրել առնվազն մի փաստաթուղթ, եթե ոչ ամբողջական խաղաղության պայմանագիր, որը կդարձնի 2025 թվականին շանտաժն ավելացնելու հիմք:
Ընդ որում, հատկանշական է, որ Երեւանն ԱԳՆ մակարդակով այդ շեշտադրումներն անում է մի քանի օր անց այն հայտարարությունից, որ Ազատություն ռադիոկայանի եթերում արեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը, ասելով, թե Բաքուն ու Երեւանը միմյանց հետ բավականին լավ խոսում են ուղիղ: Հայաստանի ԱԳՆ արձագանքը մեղմ ասած դժվար է համարել «լավ խոսելու» մասին, եթե իհարկե այդ հայտարարությունն «ազնիվ խոսք» է:
Բաց մի թողեք
Ի՞նչ հետևանքներ կունենա ճամբարափոխության սինդրոմը կամ ինչո՞ւ ․․․
Ռուսաստանը պարտվում է, այժմ տարածաշրջանի տերն ու տիրականը Թուրքիան է. The Telegraph
Մակրոնի խորհրդավոր զանգը Իվանիշվիլիին