26/12/2024

Տեղի է ունեցել Փաշինյան – Էրդողան հեռախոսազրույց․ ինչ հարցեր են քննարկվել

Հունիսի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Նախագահ Էրդողանը ցավակցել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։ Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։

Այդ համատեքստում առաջնորդներն ընդգծել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը և վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Առաջնորդները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը։ Նրանք քննարկել են նաև տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները։

Ըստ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության, քննարկվել են հայ-թուրքական կարգավորմանը, նաեւ ռեգիոնալ ու միջազգային օրակարգին առնչվող հարցեր: «Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ», ասված է հաղորդագրության մեջ: Եթե առաջնորդները ունեն առանց նախապայմանի հարաբերություն կարգավորելու կամք, հարց է առաջանում, թե այդ դեպքում ի՞նչն է խոչընդոտում այդ կամքի իրագործմանը: 2022 թվականի հուլիսին Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացների հանդիպմանը պայմանավորվել են, որ բացվելու է սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, նաեւ վերականգնվելու են ուղիղ ավիաբեռնափոխադրումները:

Բայց, առ այսօր չի իրականացված այդ պայմանավորվածություններից որեւէ մեկը, եւ սա վկայում է, որ առանց նախապայմանի հարաբերություն կարգավորելու կամքի մասին հավաստիացումները պարզապես «արարողակարգ» են: Ընդ որում կասկածից վեր է, որ նախապայման առաջ քաշողը Թուրքիան է, քանի որ Հայաստանը գործնականում չունի նախապայմանի մոտիվ: Թե որոնք են նախապայմանները թուրքական կողմից, պարզ լսելի եւ տեսանելի է Ադրբեջանի վարքագծից: Ադրբեջանական կողմն է իր վրա վերցրել թուրքական նախապայմանների հիմնական «տրանսլյատորի» դերը:

Ըստ կառավարության հաղորդագրության, «առաջնորդներն ընդգծել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը և վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները»: Սա ձեւակերպում է, որը թերեւս պարզապես հաստատում է, որ հայ-թուրքական կարգավորման «երկինքը» առանց նախապայմանի չէ եւ Թուրքիայի համար այդ կարգավորման գործընթացը ավելի ընդգրկուն հարցերում խաղարկվող հանգամանք է: «Առաջնորդները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսությունը», արձանագրում է Հայաստանի կառավարությունը:

Երկխոսությունն անշուշտ կարեւոր է, թեեւ շատ կարեւոր է, որ այն ունենա արդյունք՝ ընդ որում հենց առանց նախապայմանի արդյունք: Ներկայումս դա իրատեսական չէ եւ դա բավականին ակնառու է: Սա երկխոսությունը դադարեցնելու պատճառ չէ, բայց նաեւ ազդանշան է, որ երկխոսությունը պետք է շարունակել իրողությունների սառը գնահատմամբ: Բնական է, որ առաջանում է հարց, այդ դեպքում ինչի՞ մասին էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի այդ հեռախոսազրույցը: Նախ, իհարկե հարկ է արձանագրել, որ այն բոլորովին առաջինը չէր եւ խոշոր հաշվով նախորդ զրույցներըցույց են տվել, որ դրանք ամենեւին չեն նշանակում շրջադարձային հանգրվաններ:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեցի օրեր առաջ, պետք է ուշադրության արժանացնել «խաչաձեւ» շփումները այն բանից հետո, երբ Ռուսաստան էր այցելել Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ու հանդիպել մի շարք բարձրաստիճանների, այդ թվում Պուտինի հետ: Դրրանից հետո՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցերով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչը մեկնել է Իրան եւ հանդիպել այդ երկրի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ, իսկ Ֆիդանը հեռախոսազրույց ունեցել Բայրամովի հետ: Զուգահեռ, վերջին շաբաթվա ընթացքում բավականին ինտենսիվ էր ԱՄՆ աշխատանքը Հայաստանի ուղղությամբ: Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը թերեւս այդ ռեգիոնալ «մաքոքի» արդյունք է: