Ադրբեջանն արդեն մի քանի օր է չի արձագանքում Հայաստանի վարչապետի աշխատակազմի առաջարկին, կապված սահմանին հրադադարի խախտման համատեղ հետաքննական մեխանիզմ ստեղծելու հետ:
Երեւանն այդ առաջարկն արեց այն բանից հետո, երբ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ տարածեց տեղեկություն, թե իբր հայկական զինուժը կրակել է իրենց դիրքերի ուղղությամբ: Հայաստանի ՊՆ հերթական անգամ հերքեց դա, ասելով, որ ապատեղեկատվություն է:
Երեւանը Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունից հետո հայտարարեց, որ դիվանագիտական խողովակով փոխանցել է այդ առաջարկը: Այն, որ Ադրբեջանը մի քանի օր չի արձագանքում դրան, կամ կարող է լինել պարզապես արհամարական վերաբերմունքի նշան, կամ նշան այն բանի, որ Բաքվում կա քննարկում՝ ընդունել, թե ոչ:
Հնարավոր է, որ այդ քննարկումը նույնիսկ ներադրբեջանական -ներիշխանական չէ, այլ Բաքվի եւ որեւէ այլ երրորդ կողմի միջեւ, իսկ գուցե նաեւ Հայաստանի հետ՝ դիվանագիտական խողովակով, ինչպես խաղաղության պայմանագրի դեպքում: Անցնող ամիսների ընթացքում եղել են մի քանի դեպքեր, երբ Հայաստանի ԱԱԾ-ն հայտնել է միջադեպերը համատեղ քննելու պատրաստակամություն:
Օրինակ, երբ ադրբեջանցիները կրակել էին Կապանի օդանավակայանի ուղղությամբ, երբ միջադեպ էր եղել Տեղ գյուղում կամ Ներքին Հանդում, որտեղ եղել են զոհեր: Բաքուն սակայն որեւէ կերպ չի արձագանքել այդ պատրաստակամությանը: Կփոխվի՞ արձագանքը այժմ: Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Երեւանի առաջարկը:
Իհարկե դժվար է չողջունել այդպիսի առաջարկը: Հարցն այն է, թե այդ առաջարկն արդյո՞ք անգամ ընդունվելու պարագայում կարող է լինել սահմանին սադրանքների կանխարգելման գործուն երաշխիք, թե՞ ընդամենը հերթական անգամ լինելով հայ-ադրբեջանական հատվածային համաձայնություն, Բաքվի համար կդառնա դիվանագիտական շղարշ՝ ագրեսիվ, մարտաշունչ, շանտաժային քաղաքականությունը շարունակելու համար:
Իրավիճակը ինչ որ առումով էլ իհարկե հիշեցնում է դեռեւս 2015 թվականից շրջանառության մեջ մտած՝ շփման գծի մոնիտորինգի մեխանիզմների թեման, որ քննարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո գործընթացում:
Այդ թեման առավել աշխուժացավ 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո, սակայն գործնականում բավականին արագ էլ մարեց: Իհարկե այդ ժամանակ խոսվում էր միջազգային մեխանիզմի մասին, իսկ այժմ՝ երկկողմ հետաքննական մեխանիզմի:
Հայ-ադրբեջանական որեւէ երկկողմ մեխանիզմ դուրս չի լինելու գոյություն ունեցող ուժային բալանսի տրամաբանությունից, այդ հարցում չպետք է ունենալ մոլորություն, երբ խոսվում է որեւէ երկկողմ ձեւաչափի մասին:
Բաց մի թողեք
Իր ազդեցությունից դուրս որևէ համաձայնություն թույլ չտալն է ամենակարևորը
Տարաձայնություններ Էրդողանի ու Պուտինի միջև
Նախագահ Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ Վրաստանի ընդդիմադիրները ստորագրել են «Վրացական խարտիան»