21/07/2024

Սամվել Շահրամանյանը և Սարգիս Գալստյանը առերեսվել են

Սարգիս Գալստյանի գործով, ում մեղադրում են Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու մեջ, օրերս առերեսում է տեղի ունեցել նրա եւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի միջեւ, ով վկայի կարգավիճակ ունի։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, Շահրամանյանի ցուցմունքներով չի հաստատվում մեղադրանքը։ Շահրամանյանը նախագահի պաշտոնում Գալստյանին նշանակել էր իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Սեպտեմբերի 19-ին ողջ արցախահայությունը տեղափոխվեց Հայաստան, այնտեղ մնացին հատուկենտ մարդիկ, այդ թվում՝ Սարգիս Գալստյանը եւ կինը: Նրանք Արցախից մոտ 3 ամիս առաջ են Հայաստան տեղափոխվել:

Արցախի հայաթափումից հետո լուրեր էին շրջանառվում, որ Գալստյանը նշանակվել է Արցախի պարետ եւ ադրբեջանցիների հետ է համագործակցում։ Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ամուսինները տեղափոխվեցին Հայաստան, որտեղ հասնելուն պես իրավապահները ձերբակալեցին նրանց, բայց կնոջն ազատ արձակեցին, իսկ ամուսնուն մեղադրանք առաջադրեցին՝ Ադրբեջանի օգտին լրտեսության համար։

Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, սակայն նա չի ընդունում մեղադրանքը: Թեպետ նախապես ինքնախոստովանական ցուցմունք է տվել Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու մասին, սակայն որոշ ժամանակ անց հետ է վերցրել ցուցմունքը՝ ասելով, թե ճնշման տակ է նման բան ասել։ Արդեն երկու ամիս է՝ հարազատներին թույլատրում են տեսակցել կալանքի տակ գտնվող Գալստյանին: