Հունիսի 28-ին Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի ճեպազրույցից մի հատված՝ «սա այն դեպքն է, երբ խոսքերն ավելորդ են» ուղեկցող գրառմամբ:
Տեսանյութի այն հատվածում, որը տեղադրել է Պետրոս Ղազարյանը, լրագրողներից մեկը հարցնում է Մենուա Սողոմոնյանին, թե արդյո՞ք Մարտի 1-ի և Հունիսի 12-ի միջև տարբերություն չի տեսնում: Սողոմոնյանը, ի պատասխան, ասում է հետևյալը. «Մարտի 1-ին 10 զոհ է եղել, հունիսի 12-ին դեռևս, ցավոք սրտի, զոհ չի եղել»:
Տեսանյութի նույն հատվածը տարածել է նաև Civic.am-ը՝ գրելով.
««Սրբազան շարժման» աջակիցը ցավում է՝ հունիսի 12-ը մարտի 1 չդառնալու համար»: Ի դեպ, նույն կայքէջը տարածել է նաև Պետրոս Ղազարյանի գրառումը։
Սակայն Պետրոս Ղազարյանի, ինչպես նաև Civic.am-ի հրապարակումները մանիպուլյատիվ են:
Ուսումնասիրելով տեսանյութն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ տեսանյութում Մենուա Սողոմոնյանը իր խոսքից հետո լրագրողների օգնությամբ ուղղում է խոսքը և ներողություն է խնդրում: Նա ասում է.
«Մարտի 1-ին 10 զոհ է եղել, հունիսի 12-ին դեռևս, ցավոք սրտի, զոհ չի եղել: Բարեբախտաբար, ներողություն եմ խնդրում, հազար ներողություն եմ խնդրում: Բարեբախտաբար զոհ չի եղել»:
Մենուա Սողոմոնյանը, միաժամանակ, Պետրոս Ղազարյանի հրապարակումից հետո իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է տեղի ունեցածը՝ նշելով, որ լեզվի սայթաքում է եղել:
«Ակցիայի ընթացքում՝ ճեպազրույցի ժամանակ, զուգահեռներ անցկացնելով մարտի 1-ի և հունիսի 12-ի միջև, լրագրողի հարցին ի պատասխան թույլ եմ տվել խոսքային վրիպում, որի համար անմիջապես ներողություն եմ խնդրել»,- գրել է նա:
Ալյոնա Հայրապետյան
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները