Ամառը, այլ կերպ ասած՝ տաք եղանակը շատերի մոտ ասոցացվում է հանգստի, ճամպրուկները հավաքելու և նոր էմոցիաների ու արկածների ետևից գնալու հետ:
Այս մասին են փաստում նաև անցկացված սոցհարցումները, որի մասնակիցների մեծ մասը ևս քարտեզի վրա նոր երկրներ ու ուղղություններ բացահայտելու, ճամփորդելու և այլ մշակույթների հետ հաղորդակցվելու համար սրտատրոփ սպասել է ամռանը:
Մեր անցկացրած հարցման մասնակիցների մեծ մասը, սակայն, ուշագրավ է, որ հանգիստը ծրագրում է Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ մեր երկրում հանգստանալը, ըստ նրանց, ավելի թանկ է, քան, օրինակ, հարևան Վրաստանում, Եգիպտոսում կամ եվրոպական որոշ երկրներում:
Նույնն են փաստում նաև տուրիստական ընկերությունների աշխատակիցները, որոնց հետ զրույցում փորձել ենք հասկանալ՝ ՀՀ քաղաքացիներն առավել նախապատվությունը տալիս են ներգնա՞, թե՞ արտագնա հանգստին, և հիմնականում ո՞ր ուղղություններն են առավել շատ սպառվում:
«Ռիմա Թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանի խոսքով՝ տարեցտարի աճում է ՀՀ-ից արտերկիր մեկնողների քանակը, մարդիկ սկսել են ավելի շատ գումար և ժամանակ տրամադրել հանգստին:
«27 տարի է՝ ոլորտում եմ և վերջին տարիներին նկատում եմ, որ ՀՀ քաղաքացիները սկսել են չխնայել, չափսոսալ գումարները, շրջագայել աշխարհով մեկ: Երբեմն զարմանում եմ՝ մարդիկ կան, որ, այսպես ասած, սնունդ չունեն ուտելու, սակայն գումարներ են ծախսում շրջագայության համար: Բայց սա այնքանով է լավ, որ մարդիկ փորձում են տեսնել այլ երկրների կենցաղը, ապրելակերպը, ինչը միանշանակ տանելու է դեպի զարգացում: Շրջագայող մարդիկ սկսում են ավելի բարձրանալ, նոր բաներ են սովորում, այդ մշակույթը հետո Հայաստան են բերում»,- կարծում է Ռիմա Խաչատրյանը:
Ըստ նրա՝ արտագնա տուրիզմին նպաստում է նաև այն, որ տեղում գները շատ բարձր են, և այս դեպքում երկրից դուրս հանգիստն ավելի շահավետ է: Միաժամանակ զրուցակիցը նկատում է, որ նախ պետք է ճանաչես սեփական երկիրդ, նոր դուրս գաս դրա սահմաններից. «Աշխարհը շրջագայեցի, բայց հասկացա, որ ՀՀ-ն ինձ համար ուրիշ աշխարհ է, միակ տեղը, որտեղ ունեմ տան զգացողություն: Զբոսաշրջիկներն էլ, երբ գալիս են Հայաստան, հիմնականում հիացած ու տպավորված են գնում այստեղից, գոհ ու շնորհակալ, քանի որ մենք հյուրասեր ազգ ենք և սիրում ենք դրսից եկածին մատուցել ամենալավը»:
«MGM Travel» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Մկրտչյանը ևս փաստում է, որ 2020 թվականից՝ կորոնավիրուսից ու պատերազմից հետո, մարդիկ սկսել են ավելի շատ ճամփորդել, ապրել ներկայով:
«Վարակից հետո միանշանակ ավելացել է, որովհետև մարդիկ հասկացան, որ ինչ-որ մի օր կարող է էլ այդ հնարավորությունը չլինել, հիմա փորձում են հնարավորինս օգտագործել այն: Օրինակ՝ համեմատած Վրաստանի հետ՝ կարող եմ ասել, որ միանշանակ ՀՀ-ից հանգստացողները ավելի շատ են»,- նշում է նա:
Ըստ Մկրտչյանի՝ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ հետաքրքրված են դեպի Եգիպտոս, Վրաստան, Թունիս, Դուբայ, Դոհա ուղղություններով: Նրա խոսքով՝ Վրաստանում մեկ շաբաթյա հանգիստը արժի նույնքան, որքան Հայաստանում 1-2 օր հանգիստը:
«ՀՀ-ում հյուրանոցների արժեքներն այնքան բարձր են, որ մարդիկ նախընտրում են 1-2 օր ՀՀ-ում հանգստանալու փոխարեն գնալ, օրինակ, Վրաստան, որտեղ նույն գնի սահմանում կարող են 5-7 օր հանգստանալ: 7 օրով գնում են Քոբուլեթի՝ 70-90 հազար դրամի սահմանում, իսկ Հայաստանում ընդամենը 2 օր են այդ արժեքով հանգստանալու»,- ասում է տուրիստական ընկերության տնօրենը:
Միաժամանակ վերջինս նկատում է, որ Հայաստանը շատ ավելի քիչ է գովազդվում, քան շատ ակտիվ հանգստի ուղղություններ համարվող երկրներ, այդ թվում՝ նաև Վրաստանը: Նա վստահ է՝ ճիշտ գովազդի և մարքեթինգի դեպքում կարելի է մեծ թվով զբոսաշրջիկներ բերել մեր երկիր. «Առանց գովազդի ոչ մի բիզնես չի կարող գոյատևել, իմ կարծիքով՝ քիչ է գովազդվում, ես, օրինակ, ՌԴ-ում շրջագայելիս միշտ տեսնում եմ Վրաստանի մասին պաստառներ և ճանաչողական նյութեր, բայց ՀՀ-ի մասին գրեթե չեմ հանդիպել: Ամեն երկիր իր հմայքը, գույնը, համն ու հոտը ունի, մենք էլ մեր երկրի գույնը պետք է ճիշտ գովազդենք: Ինքս, օրինակ, եղել եմ թե՛ Բաթումիում, թե՛ Դուբայում, բայց ես այդ շքեղությունը չեմ սիրում, ավելի շատ բնության մարդ եմ: Մենք ո՛չ գազ ունենք, ո՛չ նավթ, բայց հրաշալի բնություն ունենք, տուրիստներին կարող ենք այդպես ներգրավել: Ճիշտ մատուցում է պետք: Դա նույնն է, ինչ ապրանքը, օրինակ՝ հագուստը, շատ ավելի վատ ապրանքը ճիշտ գովազդով ավելի շատ են վաճառում, քան լավ ապրանքը, երբ ճիշտ գովազդ չի արվում: Ռեստորանային ոլորտում շատ քիչ երկրներ կան, որ ՀՀ-ի սպասարկումն ունեն, էլ չեմ ասում համը, հոտը արևը, օդը, բնությունը, սարը, քարը… շատ մարդկանց դա կարող է գրավել ու կանչել»:
«One way tour» տուրիստական ընկերությունից էլ հայտնում են, որ իրենք թե՛ ներգնա, թե՛ արտագնա տուրիզմով հետաքրքրվողների մեծ բանակ ունեն: Քիչ չեն նաև այլ երկրներից ՀՀ-ով հետաքրքրվողներն ու եկողները, որոնց զգալի մասը ավանդական երկրներից՝ ՌԴ-ից, Հնդկաստանից են գալիս, փոքր մասը՝ Եվրոպայից, ասում է տուրիստական ընկերության ներգնա մենեջեր Ռիմա Հայրապետյանը:
«Շատ հաճախ դրսից, երբ որ զբոսաշրջիկներ ենք ունենում, հետո նրանց բարեկամները, ընկերներն ու հարազատներն են գալիս, ինչը ցուցիչ է այն բանի, որ հավանել են ու խորհուրդ տվել ընկերներին, հարազատներին: Զբոսաշրջիկներին հայկական հյուրընկալությունն է գրավում»,- նշում է նա:
Բաց մի թողեք
Լողավազաններից անվտանգ օգտվելու ուղեցույց․ Արմեն Մուրադյան
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար