16/07/2024

Գլխավոր դատախազությունը Մանվել Գրիգորյանի ընտանիքին առաջարկում է հաշտության գալ

Շուրջ 7 ամիս առաջ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վճիռը, ըստ որի վերջիններս մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքներում։ 

Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մ․ Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձվեր 1 միլիարդ ութ հարյուր միլիոն ՀՀ դրամ, 8 ավտոմեքենա, բացի այդ՝ շուրջ 8 հազարի հասնող «Զինվորի բաժին» մակնշմամբ մթերք, հանդերձանք, դեղորայք պետք է տրվեր ԵԿՄ-ին, իսկ մի քանի տասնյակ հազարի հասնող զենք և զինամթերք՝ ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինմանը։

Դատարանի որոշմամբ՝ Նազիկ Ամիրյանից էլ պետք է բռնագանձվեր հարյուր մեկ միլիոն երկու հարյուր հազար ՀՀ դրամ, իսկ նրա հաշիվները, շարժական, անշարժ գույքերը կալանքի տակ էին մնացել մինչև դատավճռի կատարումը:

Գրիգորյանների փաստաբան Լեւոն Բաղդասարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում խոսեց դատարանի վճռի, դատախազության եւ իրենց քայլերի մասին։

«Օրինական ուժ ստացած դատական ակտ չունենք։ Մենք վարույթ ունենք․ մեկը հակակոռուպցիոնում հարուցված վարույթ՝ գլխավոր դատախազության կողմից, իսկ մյուսը՝ ձեր մատնանշած քրեական վարույթը։ Երկուսով էլ մենք օրինական ուժ ստացած դատական ակտ չունենք»,-նշեց փաստաբանը։

Վերջինիս խոսքով՝ Գլխավոր դատախազությունը Գրիգորյաններին առաջարկել է գալ հաշտության․ «Կհիշեք, որ դեռ 2018-ին, երբ վարույթը նախաձեռնվեց, Մանվել Գրիգորյանը հենց առաջին օրվանից մեղքը չընդունեց, եւ նույն սկզբունքով ընթացավ դատական պրոցեսը, իսկ դատական ակտի կատարման հետ կապված դատախազությունըբ հաշտության տարբերակ է առաջարկել, որը հարազատների կողմից քննարկվում է»։

Ճշտող հարցին, թե խոսքը «Ակնալճի» տարածքի մասի՞ն է, որը Մանվել Գրիգորյանն առաջարկել էր տարիներ առաջ, Լեւոն Բաղդասարյանը նշեց․ «Հարազատների կողմից այդ տարածքը չի առաջարկվում, բայց առաջարկվում է համարժեք տարածք, մոտավորապես, նույն ֆորմատով է գնում։ Մեկ անգամ եւս արձանագրեմ, որ սկզբնաղբյուրով հայտարարվեց «զինվորի բաժին» եւ այլն, մեղմ ասած, իրականություն չէր, եւ դրա իրավական հետեւանքները, ես կարծում եմ, հետագայում մեր դատարաններում կարձանագրվի»։

Նա դժվարացավ նշել, թե խոսքը Գրիգորյանների կողմից առաջարկվող ինչ տարածքի մասին է։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։ ԵԿՄ նախկին ղեկավարը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: 2020 թվականի հունվարի 15-ին առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նա մահացավ 2020 թվականի նոյեմբերի 19-ին: Մանվել Գրիգորյանի նկատմամբ պատիժ չի նշանակվել՝ մահացած լինելու պատճառաբանությամբ, իսկ Նազիկ Ամիրյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Արցախյան պատերազմի մասնակից է, ազատվել է ազատազրկման ձևով պատիժը կրելուց։

Գլխավոր դատախազությունը Մանվել Գրիգորյանի ընտանիքին առաջարկում է հաշտության գալ