Կան մարդիկ, որոնց կյանքը մահով չի ավարտվում: Նրանց գործերը, բարությունն ու ոգին մնում են կենդանի ու շարունակում լուսավորել աշխարհը:
Այդպիսին էր արքայադուստր Դիանան, որի մահից արդեն 25 տարի է անցել, բայց չի եղել տարի, որ նրա հիշատակը, գործերն ու ոճը օրինակ եւ ոգեշնչման աղբյուր չլինեն շատերի համար:
Մանկությունը
Դիանա Ֆրենսիս Սփենսերը ծնվել է 1961 թվականի հուլիսի 1-ին Նորֆոլկում: Հայրը՝ Ջոն Սփենսերը, Էլտորպի վիկոնտի տիտղոսն էր կրում, Սփենսեր-Չերչիլների տոհմից էր:
Ծնողները բաժանվել են, երբ 8 տարեկան էր, ու շատ ցավոտ է տարել այդ փաստը: Դիանան քրոջ ու եղբոր հետ մնացել է հոր մոտ, իսկ մայրը մեկնել է Շոտլանդիա, որտեղ նորից է ամուսնացել: Շուտով հայրն էլ է նոր ընտանիք կազմել ու երեխաները հոր կնոջն այնքան էլ ոգեւորությամբ չեն ընդունել՝ նրան բոյկոտ հայտարարելով: Միայն երկար ժամանակ անց է Դիանան հասկացել, թե այդ կինը որքան համբերատար ու իմաստուն է եղել:
Արմատները
2013 թվականին հայտնի դարձավ, որ Դիանայի նախանախատատը՝ Էլիզա Քյուարկը (Գեւորգ), հնդկահայ է եւ ապրել է Հնդկաստանում: Ենթադրվում է, որ հենց ծագման պատճառով է նրանից բաժանվել շոտլանդացի վաճառական Թեոդոր Ֆորբսը՝ Դիանայի նախանախապապը: 18-րդ դարի շեմին ասիացու ու բրիտանացու միջեւ կապը հասարակությունում անընդունելի էր համարվում: Ֆորբսն իր հետ Բրիտանիա է տարել Քյուարկի դստերն ու արգելել շփվել մոր հետ, իսկ ժառանգության մեջ նրան նշել է որպես սպասուհի:
Սենսացիոն հայտարարության հեղինակը Էդինբուրգի համալսարանի փորձագետ Ջիմ Ուիլսոնն էր, որը BritainsDNA կազմակերպության հետ հետազոտել էր արքայազն Ուիլյամի թուքն ու պարզել, որ նա նաեւ հնդկական արյուն ունի: Դիանայի մորաքույր Մերի Ռոուչը խոստովանել է, որ իմացել է միայն հայկական արմատների մասին:
1977 թ. Դիանան առաջին անգամ հանդիպել է արքայազն Չարլզին, սակայն այն ժամանակ առանձնակի ուշադրություն չեն դարձրել միմյանց: Չարլզին այդ ժամանակ դուր էր գալիս Դիանայի ավագ քույր Սառան, որի հետ մտադիր էր ամուսնանալ: Բայց հարցազրույցներից մեկի ժամանակ Սառան կոպիտ սխալ թույլ տվեց, ինչն էլ ճակատագրական դարձավ: Նա նշեց, թե կարեւոր չէ՝ ով է իր ամուսինը՝ արքայազն, թե աղբ հավաքող, առաջնայինը սերն է: Նման համեմատությունը վիրավորեց արքայական ընտանիքին, Չարլզը զայրացած հրաժեշտի նամակ գրեց:
«Չարլզին առաջին անգամ քրոջս շնորհիվ եմ ճանաչել: Մեր անտառում աղվեսների որսի էր եկել: Այդ մասին իմանալով՝ ամեն ինչ արեցի, որ դպրոցից դուրս գամ ու հանդիպեմ նրան: Եթե չթողնեին, միեւնույն է՝ կփախչեի. նստել դպրոցում, երբ քո կալվածքում իսկական արքայազն է, անհնար է»,-պատմել է Դիանան:
Շվեյցարիայում սովորելիս Դիանան կարոտեց հայրենիքն ու որոշեց վերադառնալ: Նա սկսեց Լոնդոնի հայտնի թաղամասերից մեկի մանկապարտեզում դայակ աշխատել: Սկզբում մայրիկի հետ էր ապրում, ապա տեղափոխվեց իր բնակարան, որը ստացել էր 18-ամյակի առիթով: Դիանան առաջին արքայական հարսնացուն էր, որը վճարվող աշխատանք ուներ ամուսնությունից առաջ. նա խորեոգրաֆիայի ստուդիայում պարել է սովորեցրել պատանիներին:
Ամուսնությունը
19 տարեկանում Դիանան նորից է հայտնվել Չարլզի տեսադաշտում, որի ամուրի կյանքը նրա ծնողներին շատ էր մտահոգում: Եղիսաբեթ թագուհին անհանգստացած էր որդու ու ամուսնացած Կամիլա Պարկերի կապով, այդ հարաբերությունները Չարլզը չէր էլ թաքցնում: Այդ պատճառով էլ թագավորական ընտանիքը միանգամից համաձայնեց Դիանայի թեկնածությանը՝ որպես ապագա հարս:
Սկզբում Չարլզը նրան թագավորական զբոսանավ հրավիրեց, ապա՝ Բալմորալ ամրոց, որպեսզի ծանոթացնի ընտանիքի հետ: Առաջարկություն արեց Վինձոր ամրոցում, բայց այդ լուրը որոշ ժամանակ գաղտնի պահեցին: Պաշտոնական հայտարարություն արվեց 1981-ի փետրվարի 24-ին, իսկ նշանադրության գլխավոր վկան հայտնի շափյուղայով մատանին էր՝ շրջապատված 14 ադամանդներով:
Լեդի Դին վերջին 300 տարում դարձավ առաջին անգլուհին, որն ամուսնացավ թագի ժառանգորդի հետ: Նրանց հարսանիքն ամենաթանկն էր Մեծ Բրիտանիայի պատմության մեջ: Այն կայացավ Լոնդոնի Սուրբ Պետրոսի տաճարում՝ 1981-ի հուլիսի 29-ին, Դիանան կրում էր 8 մետրանոց քողով զգեստ, որն արժեր 9000 ֆունտ ստերլինգ, հեղինակներն անգլիացի երիտասարդ դիզայներներ Էլիզաբեթ ու Դեւիդ Էմանուելն էին: Այդ արարողությունը հեքիաթային համարվեց ու դարի հարսանիք անվանումը ստացավ: Տարբեր երկրներում հեռուստացույցով հարսանիքին հետեւել է 750 մլն մարդ:
«Դանդաղ քայլելով դեպի խորանը, որտեղ ինձ Չարլզն էր սպասում, ես ամեն դեպքում նկատեցի Կամիլային՝ մուգ մոխրագույն զգեստով ու անհեթեթ քողով գլխարկով, ասես դրա տակ հնարավոր էր քողարկել նրա մեծ ծնոտը: Նա իր որդու՝ Թոմի հետ էր: Գիտեմ, որ ինձ մոխրագույն մկնիկ է անվանում, բայց այդ պահին հենց ինքն էր մռայլ մկնիկը», – նշել է Դիանան:
Հարսանիքից հետո նրանք Բուքինգեմյան պալատում ընթրիքի մասնակցեցին, ապա մեկնեցին Ջիբրալթար, որտեղից էլ Միջերկրական ծովում շրջագայություն կատարեցին: Հարսանեկան միջոցառումների վրա ծախսվեց 3 մլն ֆունտ ստերլինգ:
Ամուսնալուծությունը
Դեռ մեղրամսի ժամանակ ի հայտ եկան առաջին խնդիրները: Հենց այդ ընթացքում Դիանան իր կենսագիր Էնդրյու Մորթոնին նամակներ է ուղարկել, որոնցում հայտնել է, որ հարսանիքից առաջ ուժեղ նոպաներ է ունեցել խանդի պատճառով, 2 անգամ էլ փորձել ինքնասպանություն գործել, ընդ որում՝ առաջինն արել է հղիության ժամանակ: Դիանան խոստովանել է, որ ամուսինը նրա նկատմամբ անտարբեր էր ու իր դեպրեսիան մանիպուլյացիա էր համարում:
Ամուսնալուծությունը կայացել է թագուհու միջնորդությամբ, այն բանից հետո, երբ մի քանի աղմկոտ սկանդալ է տեղի ունեցել: Նրանք բաժանվել են համատեղ կյանքի 15-րդ տարում, զույգի ավագ որդին՝ Ուիլյամը, 14 տարեկան էր, իսկ Հարրին՝ 12: Ամուսնալուծությունից հետո Դիանան 17 մլն ֆունտ ստացավ, եւ ամեն ամիս՝ 400 հազար ֆունտ հավելյալ գումար:
Նոր սիրավեպը
1995-ին Դիանան հանդիպեց իր իսկական սիրուն: Նա ընկերոջը հիվանդանոցում այցելելու ժամանակ պատահաբար ծանոթացավ սրտաբան Հասան Խանի հետ: Նրանք միանգամից սիրեցին իրար, սակայն հանրության կողմից Դիանայի նկատմամբ ուշադրությունն այնքան մեծ էր, որ խանգարում էր զույգին: Նրանք անգամ փախան Խանի հայրենիք Պակիստան, բայց այնտեղ էլ բժշկի ծնողները չէին ընդունում այն փաստը, որ իրենց որդին Դիանայի սիրեկանն է:
Ապա որոշ ժամանակ անց Դիանան սկսեց հանդիպել կինոպրոդյուսեր, եգիպտացի մեծահարուստի որդու՝ Դոդի ալ-Ֆայեդի հետ: Նրանք հանդիպել են, երբ Դիանան որդիների հետ գնացել էր Դոդիի հոր՝ Լազուրե ափին գտնվող կեցավայր: Ավելի ուշ նրանք արդեն երկուսով Միջերկրական ծովում ուղեւորություն կատարեցին:
Ոճն ու արտաքինը
Արքայադուստր Դիանայի ոճը մինչ օրս էլ շարունակում է ոգեշնչել կանանց: Նա վառ երեւակայություն ուներ, ինչն օգնում էր կերպարներ ստեղծելիս: Կարողանում էր հիանալի համադրել արիստոկրատ խառնվածքն ու բացառիկությունը՝ դրան գումարելով մի քիչ էպատաժություն:
Ամուսնանալով թագավորական ընտանիքի ներկայացուցչի հետ՝ նա փորձարկումների ու սխալների արդյունքում գտավ սեփական ոճը: Կրեց հագուստի բոլոր ոճերը՝ հնաոճ բլուզներից մինչեւ ծաղկավոր զգեստներ ու վառ հագուստներ, որոնք ընդմիշտ արդեն նորաձեւության պատմության մի մասն են:
Դա ե՛ւ սպիտակ բլուզն է շղթայաձեւ օձիքով, հենց դրանով է նա առաջին անգամ հայտնվել Vogue ամսագրի շապիկին, ե՛ւ կարմիր կոստյումը, որով Դիանան այցելել է ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն: Մինչեւ այսօր ամենահայտնին այսպես կոչված «վրեժի զգեստն» է, որով 1992 թվականին ներկա է եղել Սերփենթայն պատկերասրահի կազմակերպած ընդունելությանը:
Դրա նախօրեին ապագա թագավորն ազգային հեռուստատեսությամբ խոստովանել էր, որ դավաճանել է Դիանային. նա չի հերքել, որ երկար տարիներ է՝ սիրավեպ ունի Կամիլայի հետ: Նախապես պլանավորած էր, որ Դիանան պետք է կրեր Valentino-ի զգեստ, սակայն վերջին պահին փոխարինել է Հունաստանում ծնված հայազգի դիզայներ Քրիստինա Ստամբոլյանի սեւ զգեստով: Այն մի քանի տարի եղել էր Դիանայի զգեստապահարանում, մինչեւ որ եկավ կրելու ճիշտ ժամանակը:
Բարեգործությունը
Դիանան Մեծ Բրիտանիայում մեծ սեր ու ժողովրդականություն էր վայելում: Նա շատ էր զբաղվում բարեգործությամբ՝ գումարներ տրամադրելով տարբեր հիմնադրամների, եղել է հակահետեւակային ականների արգելման շարժման ակտիվիստ, մարդկանց նյութական եւ բարոյական օգնություն ցուցաբերել։
Նրա հոգածության տակ 100-ի ավելի կազմակերպություն է եղել, որոնց մշտապես հումանիտար օգնություն է ցույց տվել: Օգնել է մանկատներին ու ծերանոցներին, մասնակցել հոսպիտալների խնդիրների լուծմանը, հանդիպել ՁԻԱՀ-ով վարակվածների հետ: Նրա գործունեությունը դուրս է եղել Մեծ Բրիտանիայի սահմաններից:
Ամուսնության ընթացքն ամենածանրն ու դժբախտն է եղել Դիանայի համար: Նա չէր կարողանում զսպել զայրույթն ու խանդը. Չարլզը ոչ միայն չէր ընդհատում Կամիլայի հետ կապը, այլ չէր էլ թաքցնում այն: Իրավիճակն էլ ավելի բարդացավ, երբ անգամ թագուհին սկսեց նրան պաշտպանել:
Դիանայի դեպրեսիան այնքան էր խորացել, որ սկսեց բուժվել միաժամանակ 3 մասնագետների մոտ, բայց այդ օգնությունը միայն ժամանակավոր ազդեցություն էր ունենում, հետո նորից ամեն ինչ վերսկսվում էր:
Նա ամուսնու ուշադրությունը տարբեր կերպ էր փորձում գրավել՝ հիստերիայով ու սկանդալներով: Ասում են՝ անգամ տղամարդու հագուստով միջոցառման է մասնակցել՝ Ֆրեդի Մերկուրիի ուղեկցությամբ, Սպիտակ տանը պարել Ջոն Տրավոլտայի հետ, բայց ամեն ինչին վերջ է դրել Դիանայի մեկ ժամանոց հարցազրույցը BBC-ի հաղորդավար Մարտին Բեշիրին:
Մահը
Դիանան մահացել է 1997 թվականի օգոստոսի 31-ին ավտովթարից՝ Փարիզում: Մեքենան անցնելիս է եղել Ալմա կամրջի տակով եւ բախվել է բետոնե հենարանին: Մեքենայում են եղել նաեւ Դոդի Ալ Ֆայեդը, թիկնապահն ու վարորդը, վերջինս ու Դոդին միանգամից են զոհվել:
Երբ վթարված մեքենային մոտեցել են, Դիանան դեռ ողջ է եղել: Հիվանդանոցում նրան փորձել են փրկել, բայց ուժեղ հարվածից սիրտը բավական տեղաշարժված է եղել ու վնասված: Փրկել Դիանային հնարավոր չի եղել: Մահանալիս նա ցածր արտաբերել է. «Աստված իմ»:
Ավտովթարի շատ պատճառներ են նշվում, այդ թվում, որ պապարացիներից են փորձել խուսափել, կամ էլ Դիանայի դեմ մահափորձ է եղել: Հետաքննությունից 10 տարի անց Սքոթլանդ Յարդը հայտնել է, որ մեքենայի արագությունը 2 անգամ գերազանցվել է, իսկ վարորդի արյան մեջ հայտնաբերվել է թույլատրելիից 3 անգամ ավելի ալկոհոլ:
Թաղումը
Դիանային հողին հանձնեցին սեպտեմբերի 6-ին, Վեստմինստերյան աբբայությունում կայացած հոգեհանգստի արարողությանը մասնակցել է ավելի քան 3 միլիոն մարդ:
Դագաղի հետեւից գնում էին Դիանայի եղբայր կոմս Սփենսերը, որդիները, Չարլզը եւ Ֆիլիպը: Այդ կես ժամանոց քայլերթը հետագայում Չարլզ Սփենսերն իր կյանքում ամենածանր պահն է անվանել: Դիանայի գերեզմանը Սփենսերների ընտանեկան Էլտրոպ կալվածքում է՝ մեկուսացած կղզու վրա:
Հիշատակը
Մահից հետո Դիանան խոր հետք է թողել մարդկանց սրտերում, այդ թվում եւ՝ շոու բիզնեսի ներկայացուցիչների: Սըր Էլթոն Ջոնը նրա հիշատակին երգ է գրել՝ «Candle in The Wind», Մայքլ Ջեքսոնը՝ «Privacy» կոմպոզիցիան, Դիանային շատ կատարողներ են երգեր նվիրել:
Մահից 10 տարի անց վթարի մասին ֆիլմ է նկարվել, 50-ամյակին նվիրվել է «Արքայադուստր Դիանա. Վերջին օրը Փարիզում» աշխատանքը: 2017-ին Դիանայի հիշատակին Քենսինգթոնյան պալատի մոտ կանգնեցվել է Սպիտակ այգի՝ կազմված 12 հազար սպիտակ ծաղիկներից:
Մահվան 20-ամյակին Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի բնակավայրում բացվել է Լեդի Դիի իրերի թանգարանը: 2019-ին «Թագը» սերիալում նրա դերը կատարել է Էմմա Կորինը, իսկ «Սփենսեր» ֆիլմում՝ մարմնավորել Քրիստեն Ստյուարտը:
Այս աշխարհը շատ մեծ խնդիր ունի՝ մարդիկ տառապում են սիրո մեծ պակասից: Ես գիտեմ, որ կարող եմ սեր տալ ու ուզում եմ այդպես էլ անել:
Գրկախառնությունները մեծ ուժ ունեն, մանավանդ՝ երեխաների համար:
Հասկացել եմ, որ կարողանում եմ լեզու գտնել մարդկանց հետո, որոնց հասարակությունը մերժում է՝ թմրամոլների, հարբեցողների, լքվածների: Միշտ գնահատել եմ, թե ինչպիսի անկեղծությամբ են ինձ ամեն ինչ պատմում: Երբ մարդ գտնվում է մահվան շեմին, ավելի ազնիվ է, քան մյուսները:
Ովքեր իմ կարիքն ունեն ու դժվարության մեջ են, կարող են զանգել: Վազելով կհասնեմ՝ որտեղ էլ որ լինեն:
Ցանկանում եմ լինել ձեր սրտերի թագուհին, բայց ինձ չեմ պատկերացնում այս երկրի թագուհու կարգավիճակում:
Կանոններով չեմ ապրում, լսում եմ սրտիս, ոչ թե՝ գլխիս, դրա համար էլ բազմաթիվ խնդիրների մեջ եմ ընկնում:
Գրեյս Քելլի հետ մեր առաջին հանդիպման ժամանակ նա ասաց, որ հետագայում ավելի վատ է լինելու. այնքան հաճախ էի հիշում նրա խոսքերը:
Մեր ամուսնության մեջ 3 հոգի կար, իսկ ես ամբոխ չեմ սիրում:
Թագավորական ընտանիքի կանայք պողպատից ու բետոնից են, նրանք չեն անհանգստանում, չեն հիվանդանում, նյարդեր չունեն, պատրաստ են իրենց պարտականությունները կատարել ծննդաբերելուց կես ժամ անց կամ էլ սրտի կաթվածից հետո:
Ուիլյամն ու Հարրին միակ տղամարդիկ են իմ կյանքում, որ ինձ հուսախաբ չեն արել:
Տղամարդիկ ավելի քիչ են ստում, քան կանայք՝ բացի այն դեպքերից, երբ խոսում են զգացմունքների մասին:
Եթե տղամարդիկ երեխա ունենային, ոչ մեկը մեկից ավելի չէր ծննդաբերի:
Եթե ձեր կյանքում կա մեկը, որին սիրում եք, պետք է նրա կողքին լինեք ու հոգ տանեք: Եթե բախտ է վիճակվել գտնել մեկին, ով ձեզ է սիրում, պետք է ամեն գնով փորձեք պաշտպանել նրան: Իսկապես կառչեք այդ զգացմունքից, եթե այն կարեւոր է ձեզ համար:
Բաց մի թողեք
Ծնկի իջա ու Աստծուն խնդրեցի, որ այլևս չտանջվի, այդ երեկո նա հանգչեց. Շահիրյան
Աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը
Դեկտեմբերի 22-ի աստղագուշակ. Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա