08/09/2024

Ի՞նչ է ծրագրում Ալիեւը, նոր՝ լայնամաշտաբ պատերա՞զմ

Ադրբեջանի նախագահը Կանադայի նորանշանակ դեսպան Քավին Համիլտոնի հետ հանդիպմանը խոսել է հայ-ադրբեջանական բանակցություններում «բավական արագ առաջընթացի» մասին եւ գնահատել, որ կարելի է առնվազն կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումն ավարտել առաջիկա մի քանի ամիսներին:

Ալիեւը վկայակոչել է նախապատերազմական բանակցությունները, երբ պետք է համաձայնեցվեին մադրիդյան սկզբունքները, նախաստորագրվեին, ապա «կազմվեր տեքստը»:

Ալիեւը հաստատել է, որ դա կարող է «տարբերակներից մեկը լինել՝ հասնել հիմնական սկզբունքների համաձայնեցման, նախաստորագրել, իսկ հետո աշխատել (հարաբերությունների կարգավորման պայմանագրի) տեքստի վրա»: Բայց ըստ Ալիեւի, հնարավոր կլինի Հայաստանի սահմանադրության փոփոխությունից հետո:

Այնքան էլ պարզ չէ, որ Ալիեւը վերնջանական պայմանագրի տեքստի վրա աշխատանքը է պայմանավորում Հայաստանի սահմանադրությամբ, թե նաեւ հիմնական սկզբունքնեցումը:

Եթե գտնում ենք, որ նա առաջարկում է կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության հասնել, ապա անցնել պայմանագրի տեքստի խմբագրական աշխատանքին, որ, բնականաբար, ավելի տեւական ժամանակ կպահանջի, իսկ այդ ընթացքում «Հայաստանը կփոխի սահմաանդրությունը»: Բայց ինչու՞ է նա հիշել մադրիդյան սկզբունքները, որ չեն համաձայնեցվել հենց իր կոշտ դիրքորոշման պատճառով: Ալիեւն ակնարկում է, որ եթե Հայաստանը չընդունի կարգավորման իր առաջարկած սկզբունքները, ապա Ադրբեջանը կդիմի ուժի, ինչպես մադրիդյան սկզբունքների չհամաձայնեցվածության դեպքում:

Հայաստանի փորձագիտական հանրության ուշադրությունից, կարծես, դուրս է մնում իրողությունը, որ Ալիեւը Միլլի մեջլիսը ցրել է նաեւ 2019թ. վերջին, արտահերթ ընտրություններ կայացել են 2020-ի փետրվարին: Կես տարի անց Ալիեւը պատերազմ է սկսել: Միլլի մեջլիսն արձակվել է, արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկայանան սեպտեմբերի 1-ին: Նոյեմբերին Բաքուն կհյուրընկալի Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողով, ինչին կհաջորդեն ԱՄՆ նախագահական ընտրությունները:

Ի՞նչ է ծրագրում Ալիեւը: Հայաստանի սահմանադրության խնդիրն, ամենահավանականությամբ, արհեստածին է: Ադրբեջանը կարգավորման «հինգ սկզբունքները» հրապարակել է 2022թ. մարտին: Դրանցում ազգային օրենսդրության փոփոխության մասին խոսք չկա: Առկա է սկզբունք, որ կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային եւ քաղաքական ամբողջականությունը: Միջազգային իրավունքի տեսակետից վերջին ձեւակերպումը նշանակում է, որ պայմանավորվող երկրները մեկը մյուսի պետական-սահմանադրական կարգը ճանաչում են լեգիտիմ, միմյանց ներքին գործերին չեն միջամտում, մեկը մյուսի քաղաքական համակարգը փոխելու ուղղությամբ քայլ չի ձեռնարկում:

Եթե այս սկզբունքն Ադրբեջանը քննարկումներից հանել է կամ մտադիր է հանել, ապա փոխարենն ի՞նչ է առաջարկում: Համարժեք կարող է լինել այն, որ կողմերը պարտավորվեն ազգային օրենսդրությունը ստորադասել պայմանագրին՝ նշելով համապատասխան փոփոխություններ կատարելու հստակ ժամկետներ: Ալիեւի խոսքից չի հետեւում, թե նա նման համաձայնության պատրաստ է կամ նույնիսկ մտադիր է քննարկել:

Հետեւաբար Հայաստանի սահմանադրության փոփոխության նախապայմանը կամ հետապնդում է Երեւանում ներքին սուր հակասություններ սադրելու, կամ խաղաղության պայմանագրից հրաժարվելու նպատակ: Երկու դեպքն էլ հղի է իրավիճակի սրացման վտանգով:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի մասին Կանադայի դեսպանի հարցին, Ադրբեջանի նախագահը ասել է, որ հարցը պետք է դիտարկել փոխադարձության սկզբունքով: Խոսքը Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասին է:

Նախ, Ալիեւը պետք է հաշվի առնի, որ միայն Բաքվից բռնատեղահանվել է 204 հազար հայ: Ընդ որում, դա պաշտոնական տեղեկություն է: Իրականում նույնիսկ ադրբեջանցի մի շարք փորձագետներ են ընդունում, որ խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում «մոտ 250-300 հազար հայ է ապրել»:

Եւ եթե վերադարձի իրավունքը «փոխադարձ» է, ապա այն պետք է գործի նաեւ Բաքվի հայերի նկատմամբ: Այդ դեպքում Բաքուն պետք է Երեւսաղեմի նման բաժանվի հատվածների, որովհետեւ այնտեղ վերադառնալու իրավունք ունեն նաեւ մոտ կես միլիոն տուսները, հրեաները:

Բայց դա հարցի մի կողմն է: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը էթնիկ փոքրամասնություն չէ, այլ՝ Ադրբեջանում պետականակիր սուբյեկտ: Նրա այդ կարգավիճակը ճանաչված է ինչպես խորհրդային Ադրբեջանի, այնպես էլ 1918-20թ.թ. գոյություն ունեցած Ժողովրդական հանրապետության կողմից: Ալիեւը բացում է Պանդորայի արկղը:

Բանն այն է, որ 1919թ. օգոստոսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը եւ Ադրբեջանի ժողովրդական հանրապետության կառավարությունը կնքել են համաձայնագիր, որով ԼՂ-ն իրեն ժամանակավորապես ճանաչել է ԱԺՀ սահմաններում՝ մինչեւ խաղաղության Փարիզի խորհրդաժողովը կորոշեր նրա վերջնական կարգավիճակը:

Այդ իրավական ակտի հիման վրա է, որ արդեն խորհրդայնացած Ադրբեջանը 1923 թ. հուլիսի 7-ի դեկրետով «Ղարաբաղի հայկական մասից», ինչպես ստույգ ձեւակերպված է փաստաթղթում, կազմավորել է Ինքնավար Լեռնային Ղարաբաղի մարզ: Հայաստանում, այո, ադրբեջանցիներ բնակվել են, բայց նրանք ոչ անկախ, ոչ խորդրդային Հայաստանում պետականակիր սուբյեկտ չեն հանդիսացել, չեն ունեցել ինքնակազմակերպվածության իրավա-քաղաքական ինստիտուտներ:

Նրանք էթնիկ փոքրամասնություն էին, ինչպես Խանլարի, Շամխորի, Դաշքեսանի շրջանում կամ Սումգայիթում, Մինգեչաուրում բնակվող ավելի քան 200 հազար հայերը:

Եթե Ադրբեջանը 1918-20 թվականներին գոյություն ունեցած ԱԺՀ իրավահաջորդն է, ապա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ Բաքվի հարաբերությունների հիմքում պետք է դրվի 1919 թ. օգոստոսի 19-ի «Ժամանակավոր համաձայնագիրը». Այսինքն, ԼՂ-ն ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի սահմաններում՝ մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժաղովի կողմից նրա վերջնական կարգավիճակի որոշարկումը: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի Գերագույն խորհրդի բոլոր որոշումները պետք է չեղյալ ճանաչվեն, սահմանվի անցումային կարգավիճակ, որը ԼՂ հայ բնակչությանը թույլ կտա ունենալ իշխանության տեղական մարմիններ եւ մշակութային լիակատար ինքնուրույնություն:

Այսպիսի առումով, Ստեփանակերտի քաղաքական էլիտան, ի դեմս Ազգային ժողովի, համապատասխան գործընթացը պիտի նախաձեռնի: Սա իրավա-քաղաքական լրջագույն խնդիր է, որ Ադրբեջանի նախագահը է ակտուալացրել: Ոչ ոք ԼՂ հայ բնակչության իրավունքների խնդիր չի քննարկելու, եթե քաղաքական Ստեփանակերտը նախաձեռնություն չցուցաբերի:

Ով ասում է, որ Արցախի հարցը փակված չէ, պարտավոր է քաղաքական կամք դրսեւորել եւ միջազգայանցնել հիմնավորումները: Ալիեւն այդ առիթը եւ հնարավորությունը տվել է: Մնում է, որ Ստեփանակերտը «նետած ձեռնոցը վերցնի»: Կվերցնի՞, թե կշարունակի զբաղվել անպտուղ պոպուլիզմո՞վ: