03/11/2024

Էրդողանը` Ալիեւին ուղղված զգուշացման կամ նախազգուշացման նկատելի բազմիմաստ տոնով

Այսօր Աստանայում Շանհայի գործակցության կազմակերպության վեհաժողովիշրջանակում տեղի կունենա նաեւ Պուտին-Ալիեւ հանդիպում, ինչպես ազդարարել է Կրեմլը նախօրեին:

Այդ սպասվող հանդիպման առիթով արդեն իսկ նկատել եմ, որ Պուտինն ըստ ամենայնի կփորձի ամրացնել իր պայմանավորվածություններն ու հարաբերությունը Ալիեւի հետ, այդ կերպ փորձելով ամրացնել դիրքերը հաջորդ օրը նույն Աստանայում Էրդողանի հետ կայանալիք հանդիպմանն ընդառաջ:

Եվ ահա, նախօրեին բավականին ուշագրավ հայտարարություն-հիշեցում է արել Էրդողանը՝ Թուրքիայի կառավարության նիստում: Նա դարձյալ հիշել է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմը հաղթել է Թոււրքիայի «ուժեղ աջակցությամբ», բայց նաեւ գնացել պատմության ավելի «խորք»՝ 1944 թվական, ասելով, որ Թուրքիան այդ աջակցությունը ցուցաբերելով նաեւ մաքրել է իր խիղճը 1944 թվականի Բորալթանյան ողբերգությունից, երբ այն ժամանակ Թուրքիայի հանրապետական կառավարությունը ԽՍՀՄ իշխանությանն է հանձնել 176 ադրբեջանցիների, որոնց ԽՍՀՄ կառավարությունը անմիջապես գնդակահարել է:

Էրդողանի այդ հիշեցումը կարծես թե բավականին բազմաշերտ է: Նա մի կողմից Ալիեւին հիշեցնում է, որ Արցախի ու Հայաստանի հանդեպ հաղթանակի համար պարտական է իրեն, միեւնույն ժամանակ հիշեցնելով 80-ամյա վաղեմության պատմությունը՝ կապված ԽՍՀՄ հետ, թերեւս ակնարկում է, որ Պուտինի հետ պայմանավորվածությունները Ալիեւի համար չեն կարող ունենալ անվտանգ հեռանկար:
Կասկածից վեր է, որ խոսելով ԽՍՀՄ մասին, Էրդողանն իհարկե նկատի է առնում այն վերաբերմունքը, որ Պուտինն ունի ԽՍՀՄ, դրա պատմության հանդեպ, դրա դերի հանդեպ, եւ այն քաղաքականությունը, որ վարում է Պուտինը նաեւ այդ ամենը «գլխում ունենալով»:
Էրդողանի հիշեցումն այդ տեսանկյունից բոլորովին պատահական չէ, այլապես հազիվ թե կար որեւէ այլ առիթ կամ պատճառ, որ նա հիշեր 80-ամյա վաղեմության այդ իրադարձությունը: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ այդ իրադարձությունների կրկնություն», կառավարության նիստում իր խոսքը ավարտել է Էրդողանը, Ալիեւին ուղղված զգուշացման կամ նախազգուշացման նկատելի բազմիմաստ տոնով: Այն հերթական անգամ վկայում է գնահատականի իրավացիությունը, որ Իլհամ Ալիեւը ներկայումս Պուտինի եւ Էրդողանի միջեւ «կռվախնձոր» է: