Օկուպացված Շուշիում Ալիևն օրերս նախաձեռնել էր և անցկացրեց «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթաժողովը, որին մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի նախագահները, Հյուսիսային Կիպրոսի թուրքական օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչը, Թուրքիայի փոխնախագահը, Հունգարիայի վարչապետ Օրբանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջինս, ասենք՝ Ալիևի հրավերն ընդունած մյուս բարձրաստիճան հյուրերը ևս, ի շարս այլևայլ հայտարարությունների, արել են նաև գրեթե նույնպիսի արտահայտություններ, ինչ վերջերս արտաբերել էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Այո, նա խայտառակ վատ հայտարարություններ էր արել: Հարցն այստեղ, սակայն, այլ է. Լուկաշենկոյի տխրահռչակ հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց միջպետական դիվանագիտական սկանդալ: Երդվել էր, որ երբեք այլևս ո՛չ ինքը, ո՛չ իր իշխանությունը ներկայացնող որևէ պաշտոնյա ոտք չի դնի Բելառուս: Հիմա, փաստորեն, Շուշի են մեկնել ու նույն արտահայտություններն են արել թյուրքական կամ թյուրքախոս երկրների ղեկավարները, որոնց թրքամետ, ադրբեջանամետ դիրքորոշումները հայտնի են, բայց որոնք նաև Հայաստանի գործընկեր-պետությունների ներկայացուցիչներ են, մասնավորապես՝ ՀԱՊԿ ու հատկապես՝ ԵԱՏՄ շրջանակներում:
Ու այդ ինչպե՞ս է լինում, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ մի կերպ չի արձագանքում, ասենք, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի ղեկավարների հայտարարություններին, ծպտուն անգամ չի հանում, չի ասում կեսի կեսը այն ամենի, ինչ ասաց Լուկաշենկոյի դեպքում: Ո՞նց է լինում այդպես:Իսկ հնարավո՞ր է, որ ամբողջ հարցն այն է, որ Բելառուսը, ի լրումն ամենի, Ռուսաստանի հետ «միութենական երկրի» անդամ-պետություն է և դրա համար Լուկաշենկոյի արտահայտությունները դիվանագիտական սկանդալի պատրվակ դարձան: Ի՞նչ է ցույց տալիս Փաշինյանի այս ակնհայտ «երկակի ստանդարտով» դիրքավորումը: Իսկ սա, ինքնին, հերթական անգամ թույլ է տալիս նկատել, որ Փաշինյանի մտահոգությունը ո՛չ Հայաստանն է, ո՛չ էլ, առավել ևս, Արցախը, ո՛չ էլ որևէ մեկի՝ արտահայտած թշնամանպաստ կարծիքը կամ հայտարարությունը: Ստացվում է՝ Փաշինյանի հիմնական խնդիրը Արևմուտքի թելադրանքով տվյալ դեպքում՝ Բելառուսի՝ որպես «միութենական պետության» անդամի միջոցով Ռուսաստանին հարվածելու, Ռուսաստանին վնասելու հերթական հնարավորությունն էր:
Ինչն էլ նա արեց կամ դրսևորեց: Հակառակ դեպքում ի՞նչն էր խանգարում, որ Փաշինյանը կամ նրա իշխանության ներկայացուցիչները նույնքան կոշտ արձագանքեին Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, էլ չենք ասում՝ իրենց պաշտելի Եվրամիության անդամ-երկրի ղեկավարի՝ Շուշիում ալիևյան միջոցառման մասնակցելուն, էլ չենք ասում՝ նրանց հնչեցրած հայտարարությունների մասին:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները