18/07/2024

Երկու տարում որքա՞ն գումար է ծախսվել Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի կառուցման աշխատանքների համար. մանրամասներ

Կոտայքի մարզում գտնվող Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման աշխատանքների համար 2023 թվականին ուղղվել է ընդհանուր 422 միլիոն 509 հազար 263 դրամ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի 2023 թ․ գործունեության մասին ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված հաշվետվությունից:

Հիշեցնենք, որ 2022-ի այս օրերին՝ հուլիսի 9-ին, Հատիս լեռան գագաթին տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը։ Խնդրո առարկա հաշվետվության մեջ, նկատենք, երկու տողով է ներկայացված հիշյալ համալիրի կառուցմանը հատկացված միջոցների մասին. մի դեպքում՝ 237 միլիոն 496 հազար 310 դրամ, մյուս դեպքում՝ 185 միլիոն 12 հազար 953 դրամ։

Հիմնադրամի նախորդ՝ 2022 թ․ հաշվետվությունից դատելով էլ՝ եւս 93 միլիոն 100 հազար դրամ համալիրի կառուցման աշխատանքներին հատկացվել է 2022-ին։ Այսինքն՝ երկու տարվա ընթացքում ավելի քան կես միլիարդ դրամ է հատկացվել մեծ աղմուկ հանած պրոյեկտը գլուխ բերելու համար:

Գագիկ Ծառուկյան հիմնադրամի (գործում է 2003-ից) տնօրենը ԲՀԿ ղեկավար Գ․ Ծառուկյանի դուստրն է՝ Անահիտ Ծառուկյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդու կինը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են Գագիկ Ծառուկյանը, նրա մայրը, կինը, ինչպես նաեւ՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու Դավիթ Մանթաշյանը։

Հիշեցնեք՝ Գագիկ Ծառուկյանը մայիսի 14-ին հայտարարեց, որ Հիսուս Քրիստոսի արձանը պատրաստ է, և այն կբացվի եկող տարվա վերջին։

«Արձանը պատրաստ է արդեն, տեղը պատրաստ է, հիմա ճոպանուղին են տեղադրում։ Մյուս տարվա վերջ բացումը կանենք, ամբողջ աշխարհին կհրավիրենք, և տա Աստված, որ Աստված մեզնից երես չթեքի»,- «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական եռօրյա ֆորումի շրջանակներում նշել էր ԲՀԿ առաջնորդը։

Հայտնի է, որ «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցույթի հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանը։

Իր եւ իր ընտանիքի այդ գաղափարի մասին 2021 թ․ ԱԺ ընտրություններում պարտված ԲՀԿ ղեկավարն ազդարարեց 2022-ի հունվարին։ Մայր աթոռը, Գերագույն հոգևոր խորհուրդը դեմ արտահայտվեցին գաղափարին՝ ընդգծելով՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ Հայ առաքելական եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

ՀՀ վարչապետ Փաշինյանն էլ, ընդհակառակը, դրական էր արձագանքել Ծառուկյանի գաղափարին, քանի որ այն, ըստ Կառավարության ղեկավարի, կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։

Նշենք, որ համալիրի հիմնարկեքի հաջորդ օրը ԿԳՄՍՆ-ն պահանջեց դադարեցնել համալիրի կառուցման աշխատանքները, քանի որ հիմնադրամը նախագիծ չէր ներկայացրել, չուներ կառուցապատման թույլտվություն։ Հատիս լեռան տարածքից 146 հեկտարը հիմնադրամը ձեռք էր բերել 2022 թ․-ին։ Լեռան գագաթը սեփականաշնորհելու փաստը հանրային դժգոհության ալիք բարձրացրեց, հնագետներն էլ ահազանգեցին՝ տարածքում պատմամշակութային արժեք ներկայացնող հնավայր կա։

Ժամանակ անց՝ 2023 թ․ մարտին, ԿԳՄՍ նախարարությունն ու «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հուշագիր ստորագրեցին, որով ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսեց լեռան գագաթի մի հատվածի պեղումները: Պեղումներից ամիսներ անց, ինչպես «Հետք»-ն էր պարզել, հիմնադրամը հրաժարվել էր հնավայրի մի մասն ընդգրկող տարածքների նկատմամբ սեփականության իր իրավունքից։ Ակունք համայնքի ավագանու 2023 թ.-ի որոշմամբ մի շարք հողամասեր ճանաչվել են համայնքային սեփականություն։ 2024 թ․-ի մարտին Ակունք համայնքի ղեկավարի որոշմամբ 1․22 հա, 0․7 հա և 0․09 հա մակերեսով հողամասերը ճանաչվել են Ակունք համայնքի սեփականություն։ Համայնքին վերադարձված հողամասերի ընդհանուր մակերեսը 2.01 հեկտար է։

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի արձաններ կան Բոլիվիայում, Վիետնամում, Լեհաստանում, Պորտուգալիայում, ամենահայտնին էլ, թերևս, Ռիո դե Ժանեյրո քաղաքում տեղակայված արձանն է։ 1931 թվականի հոկտեմբերի 12-ին կայացավ Կորկովադու լեռան գագաթին տեղադրված արձանի հանդիսավոր բացումն ու օծումը, եւ այն դարձավ Բրազիլիայի խորհրդանիշը։

Հ․Գ․ 2023թ․ հաշվետվությունից տեղեկացանք հիմնադրամի այլ ծրագրերի մասին։ Մասնավորապես՝ 10 միլիոն դրամ նյութական աջակցություն է ցուցաբերվել «Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին, 39 միլիոն 849 հազար 946 դրամ՝ Առինջի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին, Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցու սպասարկման ծախսերին՝ 11 միլիոն 237 հազար 296 դրամ, ԼՂ-ից Հայաստան եկած կարիքավոր ընտանիքներին էլ հատկացվել է 170 միլիոն 441 հազար 392 դրամ։ Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը կազմել է 695 միլիոն 855 հազար 999 դրամ։