15/01/2025

Փեզեշքյան – Ալիև – Պուտին, ինչ սպասել ․․․

Irna գործակալությունը հուլիսի 8-ին Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցից շատ էական մանրամասնություն է ներկայացրել:

Ռուսաստանի եւ Իրանի համապարփակ համագործակցության մասին համաձայնագրի նախապատրաստությունն ավարտված է, մենք պատրաստ ենք այն ստորագրել Ռուսաստանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում,- Վլադիմիր Պուտինին հավաստիացրել է Իրանի ընտրված նախագահ Փեզեշքյանը:

Մենք մեծ կարեւորություն ենք տալիս մեր բարեկամ եւ հարեւան Ռուսաստանի հետ հարաբերություններին եւ անկասկած կամրապնդենք այդ հարաբերությունները,- Փեզեշքյանին մեջբերում է Իրանի պաշտոնական լրատվամիջոցը:

ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը կգումարվի Կազանում՝ հոկտեմբերին: Իրանը տարեսկզբին հայտարարել է կազմակերպությանը միանալու մասին: ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկություն նաև Թուրքիան է հայտնել, բայց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հակադարձել է, որ կառույցի ընդլայնման ծրագիր առայժմ չկա:

ԲՐԻԿՍ-ի անդամ են Չինաստանը և Հնդկաստանը: Աստանայում Իլհամ Ալիևի հետ ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր ստորագրելուց հետո Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ասել է, որ աջակցում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի մտադրությանը:

Պուտին-Փեզեշքիան հեռախոսազրույցը կայացել է հուլիսի 8-ին, Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության պայմանագիր ստորագրելու մասին Իրանի ընտրված նախագահի տեսակետը հրապարակայնացվել է մեկ օր ուշացումով, ինչը ժամանակային առումով համընկնում է Ռուսաստանի նախագահի եւ Հնդկաստանի վարչապետի բանակցություններին:

Բաքվի իշխանական լրատվամիջոցն այդ առթիվ բացահայտ թշնամական ոգով հրապարակում է արել՝ Մոսկվային գրեթե բաց տեքստով մեղադրելով «Չինաստանի հաշվին Հնդկաստանի հետ բարեկամությունը խորացնելու» մեջ: Ավելի վաղ մենք դիտարկել էինք, որ ռուս-իրանական համապարփակ համագործակցության պայմանագրի ձախողումն Ալիևին բոլոր առումներով ձեռնտու կլիներ:

Եթե Փեզեշքյանի հավաստիացումն իրոք կայացված որոշում է, ապա ստացվում է, որ Ադրբեջանում կհատվեն չինական «հորիզոնականը» եւ ռուսաստանյան «ուղղահայացը»: Երկու նախագծերի վերաբերյալ Արեւմուտքը խիստ վերապահ է: Բայց ավելի սկզբունքային է, որ ռազմավարական համագործակցություն կառուցելով Ռուսաստանի հետ՝ Իրանը փաստացի ձգտում է ապահավակվել թուրքական աշխարհի «ներկալումից»:

Պետք է նկատի ունենալ նաեւ Հնդկաստանի եւ Արեւմուտքի որոշակի համերաշխության հանգամանքը: Իրանն, անկասկած, նաեւ Հնդկաստանի աջակցության կարիքն ունի: Այս դասավորությունը, եթե համաձայնությունները պայմանագրի տեսքի բերվեն, կունենա Հայաստանի շուրջ իրավիճակի որոշակի «պարպման» նշանակություն:

Ռուսաստանին համատեղել Չինաստանի եւ Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունները չի լինի անպայման պահանջելի: Կարծես թե ակնհայտ է, որ Պուտին-Փեզեշքիանը հեռախոսազրույցի ամենասկզբունքային խնդրի հրապարակայնացումը Հնդկաստանի վարչապետի մոսկովյան այցի համատեքստում է: