08/09/2024

Ինչ նոր ու ցավոտ փոխզիջումների մասին է խոսել Միլլերը, դեռ ինչ ենք զիջելու

Վաշինգտոնից «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ հուլիսի 15-ի ճեպազրույցում պետքարտուղարության մամլո խոսնակ Միլերը խոսել է նաեւ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով վերջին հանդիպմանը «ձեռք բերված առաջընթացի» մասին:

«Մենք հասել ենք առաջընթացի, ես մանրամասնություններ չեմ բացի: Մենք դեռեւս համաձայնություն չունենք, բայց չենք պատրաստվում դադար առնել, քանի դեռ դրան չենք հասել»,- ասել է Միլերը: Նա հիշեցրել է եռակողմ հանդիպման մեկնարկին պետքարտուղար Բլինքենի դիտարկումը, որ կողմերը երկար ճանապարհ են անցել եւ հասել առաջընթացի:

Միլերը բանակցային իրավիճակը գնահատել է այսպես. «Մենք կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց կողմերը պետք է բարդ ընտրություն կատարեն եւ գնան դժվար փոխզիջումների, եւ մենք նրանց մղելու ենք, որպեսզի լուծեն այդ վերջնական տարաձայնությունները եւ համաձայնության հասնեն»:

Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին Ադրբեջանի փորձագիտական հանրությունը լռում է: «Թուրանը» Միլերի դիտարկումներին ավելացրել է, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ստորագրել մեկամսյա ժամկետում, բայց Իլհամ Ալիեւն ասել է, որ տեքստի շուրջ համաձայնությունը հնարավոր է մի քանի ամիսների ընթացքում:
Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի խոսքից կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնը հայ-ադրբեջանական «վերջնական տարաձայնությունների հաղթահարման» հույս ունեն մինչեւ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները, թեեւ դժվար է միանշանակորեն գնահատել՝ «մենք» ասելիս Միլերը նկատի ունի գործող վարչակա՞զմը, թե՝ Միացյալ Նահանգներն առհասարա՞կ:

Ամեն դեպքում վերջնական համաձայնության հասնելու հավանականությունը, երեւի, պետք է ոչ այնքան առարկայական տեսնել, եթե դա կապված է «բարդ որոշումներ ընդունելու եւ դժվար փոխզիջումների գնալու» հետ: Մանավանդ հասկանալի չէ, թե, օրինակ, ի՞նչ դժվար փոխզիջման պետք է գնա Հայաստանը, եթե բանակցություններում Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի քննարկվում, իսկ մյուս հարցերը Երեւանի համար գրեթե կարմիր գիծ են թե սահմանազատման, թե կոմունիկացիաների գործարկման առումով:

Հայաստանի տարածքային ամբողջականության եւ նրա հետ 1991թ. դրությամբ միջպետական սահմանի ճանաչումը Բաքվի համար «դժվար որոշու՞մ» է, Ադրբեջանը դա գնահատում է սկզբունքային փոխզիջու՞մ, փոխարենը Հայաստանից ակնկալում է սահմանադրական փոփոխություն եւ Նախիջեւանի հետ էստերիտորիալ կամ «հատուկ ռեժիմով» հաղորդակցությու՞ն:

Վաշինգտոնում Միրզոյանը եւ Բայրամովը ի՞նչ առաջընթացի են հասել, եթե սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգի համաձայնեցումը պայմանավորված ժամկետում տեղի չի ունեցել եւ քննարկումներ չեն ընթանում: Համենայն դեպս, այդ մասին տեղեկություն չկա, թեեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը «նորություններ» էր անոնսավորել դեռեւս Վաշինգտոն մեկնելուց առաջ:

Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո անսպասելի հայտարարություն է արել Երեւանում Իրանի դեսպանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության իրավունքի մասին: Սա հստակ պաշտոնական դիքորոշու՞մ է, թե՞ բանակցություններին ներգրավվելու փորձ: Վաշինգտոնյան բանակցությունների մասին Մոսկվայի հրապարակային արձագանք չկա: Թուրքական պետություններ կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովին Ղազախստանի նախագահը հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել:

Բայց այս համատեքստում, կարծես, ամենաէականը ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունն է, ըստ որի Անկարան ակնկալում է հայ-ադրբեջանական շուտափույթ կարգավորում, որի «վերջին ակորդ» նա տեսնում է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը: Հայաստանի «դժվար որոշումը» դա՞ է: Ծանրագույն հարց է: