Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումը չի լինի 2027 թվականից շուտ: Այդ մասին հայտնի է դարձել սահմանադրական փոփոխության խորհրդի նիստից հետո, որ տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Փաստորեն սա նշանակում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր չի՞ կնքվի 2027 թվականից շուտ:
Այդ հարցն առկա է այն պատճառով, որ Ադրբեջանը ընդհուպ նախագահի մակարդակով հայտարարում է, որ պայմանագրի ստորագրման խոչընդոտ է Հայաստանի սահմանադրությունը, որն ըստ Ալիեւի պարունակում է Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնություն: Եզրակացվում է, որ այդ մտացածին պնդման «հիմքը» Հայաստանի անկախության Հռչակագրին սահմանադրության մեջ արվող հղումն է:
Իսկ Հռչակագրում կա հղում Հայաստանի եւ Արցախի ԳԽ-ների 1989 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմանը, որով Լեռնաային Ղարաբաղը հայտարարվում է Հայաստանին միավորված: Մինչեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու դրա հետեւանքով ձեւավորված նոր ստատուս-քվոն եւ ուժերի նոր հարաբերակցությունը, ոչ միայն միջազգային որեւէ դերակատար, այլ նույնիսկ Ադրբեջանը երբեք չի խոսել Հայաստանի սահմանադրության մեջ առկա խնդրի մասին:
Եթե լիներ այդպիսի խոսակցության «հիմք», ապա Բաքուն անկասկած չէր զլանա դրա մասին կրկնել անվերջ: Ըստ այդմ, ներկայիս հայտարարությունների «հիմքը» ընդամենը պատերազմն է եւ ուժերի նոր բալանսը: Ստացվում է, որ, կամ Հայաստանը պետք է ընդունի նոր Սահմանադրություն եւ «կտրի» սահմանադրության ու անկախության Հռչակագրի միջեւ կապը, կամ Բաքուն պետք է հրաժարվի իր պայմանից: Սահմանադրության փոփոխության խորհրդի անդամներից առնվազն որոշները հայտնում են, որ դրանում որեւէ խոսք չկա
Հռչակագրի մասին: Ինչ խոսք, դա չի նշանակում, որ չի կարող լինել վաղը: Ամբողջ հարցը հետեւյալն է՝ Հայաստանը կատարելու՞ է Ադրբեջանի առաջ քաշած ակնհայտ պայմանը, կամ՝ Ադրբեջանը հրաժարվելու՞ է իր պայմանից:
Թե՞ կա «միջանկյալ» տարբերակ, որի մասին ի դեպ բարձրաձայնել է Իլհամ Ալիեւը, ասելով, թե խաղաղության պայմանագրի տեքստը պահանջում է երկարատեւ աշխատանք, բայց փոխարենը հնարավոր է նախաստորագրել այսպես ասած հիմնական սկզբունքների շրջանակային համաձայնագիր:
Բայց, անգամ այդ համաձայնագիրը պետք է ունենա բովանդակություն, հետեւաբար կարեւոր է, թե ինչպիսին է լինելու այն եւ որքանով է այդ բովանդակությունը «ամրագրելու» ՀՀ սահմանադրության առնչությամբ Բաքվի բարձրաձայնած պահանջը: Երեւանը հայտարարում է, թե սահմանադրության փոփոխության հարցը բացառապես ներքին օրակարգ է: Բայց, Ադրբեջանի հայտարարությունները գործնականում ստեղծել են «անշրջելի» իրավիճակ:
Ըստ ամենայնի, եթե իհարկե բանը պայմանը կատարելը չէ՝ պարզապես «ներքին գործ» փաթեթավորումով, ապա Երեւանը թերեւս փորձում է գործել ժամանակ շահելու տրամաբանությամբ՝ մի կողմից Բաքվին առիթ չտալու, մյուս կողմից՝ պահանջից խուսափելու նկատառումով:
Ընդ որում, հնարավոր է երկրորդ տարբերակը, այլապես, Ադրբեջանը հազիվ թե բարձրաձայն պահանջներով փաստացի ավելորդ բարդություն ստեղծեր Երեւանի համար, եթե այն պատրաստ էր անվրեպ կատարել պայմանը:
Բայց, այդ՝ երկրորդ տարբերակի պարագայում ստացվում է, որ Ադրբեջանը իր պայմանը դարձրել է «միջազգայնորեն լեգիտիմ», այլապես չէր լինի դրանից հրաժարման պարագայում սադրանքի կամ ագրեսիվության առիթ տալու ռիսկը:
Դրա վկայությունն է այն, որ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ոււորլիքը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշել էր, թե գուցե ճիշտ կլինի, որ Երեւանը Բաքվին համոզիչ կերպով հավաստիացնի, որ կփոխի սահմանադրությունը: Մինչդեռ, լավ կլիներ, որ նախկին համանախագահն ասեր, օրինակ, թե արդյո՞ք Մինսկի խմբի համանախագահության գործունեության ամբողջ ընթացքում երբեւէ քննարկվել կամ դիտարկվել է այդպիսի հարց, երբեւէ դրվել է սեղանին կամ օրակարգում:
Ավելին, գուցե հենց այդպիսի հարց երբեւէ եղած չլինելու համար է նաեւ, որ Իլհամ Ալիեւը ուզում է, որ այլեւս չլինի նաեւ Մինսկի խումբն ու համանախագահությունը, որովհետեւ դրա լուռ գոյությունն անգամ «պարունակում» է այն հանցավոր ճանապարհի հետքը, որով Իլհամ Ալիեւը փոխել է ստատուս-քվոն եւ որի վրա կառուցում է իր ներկայիս մտացածին պահանջներն ու շանտաժը:
Ի դեպ, այդ առումով, Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը թերեւս ունի շատ ավելի նուրբ տողատակ, քան այսպես կոչված «Ադրբեջանի տարածքային ամբողջության» մասին «փստարկը»:
Նոր սահմանադրությունը ըստ էության իրավա-քաղաքական առումով նշանակելու է նոր պետություն, այսինքն՝ այն պետության իրավա-քաղաքական տրանսֆորմացիա, որի հետ Իլհամ Ալիեւը ավելի քան երկու տասնամյակ բանակցել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Այդ պետության իրավա-քաղաքական սուբյեկտությունը, նույնիսկ քաղաքական հռետորաբանության խիստ «մեղմասացության» պայմաններում, միեւնույն է անջնջելի է դարձնում Բաքվի անցած հանցավոր հետքը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 20:
Այդ հետքը ջնջելն է Իլհամ Ալիեւի սահմանադրական «փորացավը»:
Բաց մի թողեք
ԵՄ դիտորդները՝ սահմանազատումից առաջ և հետո
Այդուհանդերձ ներիշխանական պրոցեսները ունեն ավելի լուրջ հիմք, մոտիվ կամ պատճառ
ԵՄ դիտորդները Հայաստանում անվտանգային աչք ու ականջ են