08/09/2024

ԼՂ-ից բռնատեղահանվածները «կարոտով հիշեն» գեներալ Վոլկովին եւ նրա «հայամետ կեցվածքը»

Հայկական մեդիա տիրույթում Բաքվի ռազմական գերատեսչության խոսնակ minval.az-ին հղումով տեղեկություն է տարածվել, իբր 2022թ. սեպտեմբերի 2-ին ԼՂ-ում ՌԴ զորախմբի հրամանատար գեներալ Վոլկովը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ողջույնի ուղերձ է հղել, որի տեքստը «գեղեցիկ շրջանակի մեջ է տեղադրված եղել՝ ապակու տակ եւ ձեւավորված ռուսական եռագույնի գույներով»:

Որ սա հորինվածք է, կասկածել պետք չէ: Այլապես Բաքվի լրատվամիջոցը կտարածեր Վոլկովի «սրբապատկերի» լուսանկարը: Ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքուն:

Ռուսական զորախմբի հրամանատար գեներալ Վոլկովը հայտնի է հակահայկական երեք գործողությամբ. 2020թ. դեկտեմբերին նրա ներկայությամբ են ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները ներխուժել Խծաբերդ եւ Հին թաղեր, գերեվարել ութ տասնյակ հայ զինծառայողների: 2022թ. մարտի 24-ին գեներալ Վոլկովն է կազմակերպել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի եւ Քարագլուխ բարձունքի մի հատվածի հանձնումն Ադրբեջանին: 2022թ. դեկտեմբերի 2-ին գեներալ Վոլկովն է արտոնել, որ ադրբեջանցի «էկոակտիվիստները» փակեն Շուշի-Քարինտակ խաչմերուկը, որով եւ սկսվել է Արցախի շրջափակումը:

Սրանք անառարկելի, անհերքելի փաստեր են, ինչպես եւ այն, որ Վոլկովն անմիջականորեն ենթարկվել է ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ գնդապետ Կիմին, իսկ վերջինս 2022թ. մարտի 22-23-ին գտնվել է Բաքվում: Այդ այցի շրջանակներում էլ, ըստ էության, հաստատվել է Արցախը «Փառուխ առ Փառուխ» Ադրբեջանին հանձնելու ծրագիրը, ինչի մասին Ազգային ժողովում ահազանգել է Նիկոլ Փաշինյանը:

Գեներալ Վոլկովին ներկայացնելով որպես «սեպարատիստների բարեկամ»՝ Բաքվի քարոզչությունը նրանից մաքրում է հանցավորության հետքերը, առհասարակ ժխտում ԼՂ-ն լիովին օկուպացնելու, հայ բնակչության բռանատեղահանության հարցերում Ադրբեջանին Ռուսաստանի ցուցաբերած աջակցությունը:

Բացառված չէ, որ դա Մոսկվային Ալիեւի «շնորհակալությունն» է: Բայց, ամենայն հավանականությամբ, առկա է նաեւ ներքաղաքական անհրաժեշտություն. Ադրբեջանում նախընտրական շրջան է, որոշակի ուժեր, հանրային-մտավորական շրջանակներ Ալիեւին քննադատում են Ռուսաստանի «ենթակայության տակ մտնելու» համար:

Ներկայացնելով, որ Վոլկովը ԼՂ-ից ետ է կանչվել Բաքվի, այսինքն՝ Իլհամ Ալիեւի, պահանջով, պետական քարոզչությունը հերոսացնում է «հաղթած բանակի գերագույն գլխավոր հրամանատարին»: Ստեղծվում է կերպար, որ անգամ ՌԴ նախագահ Պուտինն է Ալիեւի դեմ անզոր, եւ նա ԼՂ խնդիրը լուծել է «բացառապես սեփական կամքի եւ ադրբեջանական ժողովրդի հերոսության շնորհիվ»:

Անհավանական չէ, որ Վոլկովի «հայամետ» կերպարը նպատակ ունի հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնատեղահանված բնակչության շրջանում արծարծել Ռուսաստանի, ռուս զինվորականության հանդեպ նոստալգիկ տրամադրություններ, ինչի հակառակ կողմը Հայաստանի իշխանության նկատմամբ անվստահության, անհանդուրժողականության խթանումը կարող է լինել:

Բաքվի նենգամտությունը հասկանալի է: Հայկական լրատվամիջոցն ինչո՞ւ է նպաստում, որպեսզի ԼՂ-ից բռնատեղահանվածները «կարոտով հիշեն» գեներալ Վոլկովին եւ նրա «հայամետ կեցվածքը»՝ խնդիրը դա է: