16/06/2025

Տղամարդն անկանոն կրակոցներ է արձակել, վնասել համագյուղացու տան ցանկապատը, նետել զենքն ու հեռացել

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հուլիսի 16-ին՝ գիշերվա ժամը 1-ին, Դալար գյուղում հնչել են կրակոցներ:

Պարզվել է, որ անհայտ անձը Դալար գյուղի Մանուկյան փողոցի տներից մեկի մոտ հրազենից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով վնասվել է տան ցանկապատը:

Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և համագործակցելով Արարատի մարզային վարչության քրեական հետախույզների հետ, պարզել են, որ հուլիսի 16-ի ժամը 1-ի սահմաններում Դալար գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը իր վարած «ՎԱԶ-2107»-ի սրահից ապօրինի պահվող ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել՝ վնասելով համագյուղացու տան ցանկապատը, ինչից հետո ինքնաձիգը նետել է դեպքի վայրի հարակից տարածքում և մեքենայով հեռացել:

Հետագա միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին: Բաժնում տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է, որ ինքն է կրակոցներ արձակել, քանի որ իր վրա թափառող շներ են հարձակվել:

«ՎԱԶ-2107»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, Դալար գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: