Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի ելույթը Խաղաղության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել Նավպլիոնի Սինտագմա հրապարակում, որտեղ Հայաստանը հանդես է եկել որպես պատվավոր երկիր։

Մեծարգո պարոն քաղաքապետ,
Մեծարգո հյուրեր,
Տիկնայք և պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է գտնվել պատմական Նավպլիոնում և մասնակցել ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված Խաղաղության միջազգային օրվան նվիրված այս նշանակալից միջոցառմանը։
Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արգոլիդայի ակումբին, Պելոպոնեսի մարզին, Նավպլիոնի քաղաքապետարանին և բոլոր կազմակերպիչներին՝ այս գեղեցիկ նախաձեռնության, ինչպես նաև այն բարձր պատվի համար, որ այս տարի Հայաստանն է ընտրվել որպես միջոցառման պատվավոր երկիր։
Այս տարվա խորագիրը՝ «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ», արտացոլում է այն գաղափարը, որ խաղաղությունը չի կառուցվում միայն քաղաքական որոշումների կամ միջազգային պայմանագրերի միջոցով։ Այն ձևավորվում է մարդկանց միջև վստահությամբ, ժողովուրդների միջև երկխոսությամբ, մշակույթների փոխադարձ ճանաչմամբ և համամարդկային արժեքների նկատմամբ հավատարմությամբ։
Հայ ժողովրդի համար խաղաղությունը վերացական գաղափար չէ։ Այն մեր պետականության, անվտանգության և զարգացման առանցքային նախապայմանն է։
Այսօր Հայաստանը հետևողականորեն իրականացնում է խաղաղության օրակարգ՝ նպատակ ունենալով Հարավային Կովկասում հաստատել տևական խաղաղություն, բացել համագործակցության նոր հնարավորություններ և տարածաշրջանը վերածել կայունության, փոխկապակցվածության և զարգացման տարածքի։
Մենք համոզված ենք, որ խաղաղությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի վրա։
Այս տեսլականի գործնական արտահայտությունն է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Դրա նպատակն է վերաբացել տարածաշրջանային հաղորդակցությունները՝ ապահովելով երկրների միջև ազատ տնտեսական և մարդկային կապեր՝ առանց որևէ երկրի ինքնիշխանության սահմանափակման։
Վերջին շրջանում այս նախաձեռնությունը ստացել է նոր գործնական բովանդակություն։ «ԹՐԻՓՓ» (TRIPP – Trump Route for International Peace and Prosperity) նախագիծը, որը հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկի» կարևոր բաղադրիչ, նպատակ ունի ստեղծել նոր հնարավորություններ տարածաշրջանային և միջազգային առևտրի, ներդրումների և ենթակառուցվածքային համագործակցության համար։ Մենք հավատում ենք, որ ճանապարհները պետք է բաժանարար գծեր չլինեն, այլ կամուրջներ՝ կապելով Եվրոպան և Ասիան, ժողովուրդներին և տնտեսությունները։
Հայաստանը ցանկանում է լինել ոչ թե աշխարհաքաղաքական մրցակցության սահմանագիծ, այլ հուսալի գործընկեր և փոխկապակցվածության կենտրոն, որտեղ խաղաղությունը վերածվում է տնտեսական զարգացման, ներդրումների, նոր աշխատատեղերի և ժողովուրդների միջև վստահության։
Այս ճանապարհին առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները։
Մեր ժողովուրդներին միավորում են պատմական բարեկամությունը, ընդհանուր արժեքները և դժվարին ժամանակներում միմյանց ցուցաբերած աջակցությունը։ Այսօր այդ հարաբերությունները շարունակաբար զարգանում են քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, պաշտպանական և բազմաթիվ այլ ոլորտներում։
Մենք բարձր ենք գնահատում նաև Հունաստանի հետևողական աջակցությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության խորացման գործընթացում։ Հայաստանը վճռականորեն շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումները, իրավունքի գերակայության ամրապնդումը և եվրոպական գործընկերների հետ համագործակցության զարգացումը։
Սակայն խաղաղության ամենահզոր դեսպանը մշակույթն է։
Այս երեկո հայկական երգն ու պարը ներկայացվում են ոչ միայն որպես արվեստի ձև, այլև որպես ժողովրդի հիշողության, արժեհամակարգի և խաղաղասիրության արտահայտություն։ Մշակույթը այն լեզուն է, որը միավորում է մարդկանց նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաքականությունը դեռևս լուծումներ է փնտրում։
Հայ ժողովուրդը, անցնելով պատմության բազմաթիվ փորձությունների միջով, երբեք չի հրաժարվել խաղաղ ապագայի նկատմամբ հավատից։ Ընդհակառակը, մենք շարունակում ենք հավատալ, որ երկխոսությունը, համագործակցությունը և փոխադարձ հարգանքը միակ ճանապարհն են դեպի կայուն խաղաղություն։
Տիկնայք և պարոնայք,
Խաղաղությունը ամեն օր կատարվող ընտրություն է։ Այն պահանջում է քաղաքական կամք, համբերություն, պատասխանատվություն և հավատ ապագայի նկատմամբ։
Թող այս գեղեցիկ երեկոն Նավպլիոնից հնչեցնի մի պարզ, բայց հզոր ուղերձ ամբողջ աշխարհին՝ ժողովուրդներին միավորում են ոչ թե նրանց բաժանող սահմանները, այլ նրանց միավորող արժեքները։
Թող խաղաղությունը, մշակույթը և համագործակցությունը շարունակեն առաջնորդել մեր երկրներին դեպի ավելի անվտանգ, ավելի արդար և ավելի բարեկեցիկ ապագա։
Շնորհակալություն։






Բաց մի թողեք
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը
Հայաստանը, ԱՄՆ-ը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել ԹՐԻՓՓ-ի մասին
Իմ խնդիրն է՝ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ. Լուսանկարներ