Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում գործող «Մեգաշին» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է նաև Փարաքար համայնքի ղեկավարի խորհրդական Կարապետ Արթենյանը:
Ըստ նրա՝ հուլիսի 9-ին համապատասխան հանձնաժողով է ստեղծվել, որպեսզի Արմավիրի մարզում շահագործվող հանքերը ստուգվեն: Հանձնաժողովում ներգրավված են եղել ԱԱԾ-ի և ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ Փարաքարի համայնքապետարանի աշխատակիցներ:
«Այցելեցինք Մերձավան համայնքում գտնվող հանքեր, սկզբում՝ «Խիճ», ապա՝ «Մեգաշին» ՍՊԸ: «Մեգաշին»-ը հանք չէ, բետոնի և բազալտի ջարդոնի՝ խճաքարի արտադրամաս է, բետոն են արտադրում, բետոնամեշալկաներ են աշխատում: Ամբողջ գործունեությունը իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի՝ վարելահողերի վրա, իսկ գյուղնշանակության հողի վրա արդյունաբերական գործունեություն իրականացնելու իրավունք չկա: Բացի այդ՝ որոշակի հատված էլ համայնքային հող է, որը կրկին օգտագործում է «Մեգաշին» ՍՊԸ-ն»,- մանրամասնել է Արթենյանը:
Նրա խոսքով՝ տեղում կազմել են արձանագրություն, որի մեկ օրինակը փոխանցել են «Մեգաշին»-ի տնօրենին՝ Սեդրակ Սիմավորյանին: Այն նաև կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն:
«Այսօր՝ ժամը 3-ին, հրավիրել էինք, որ մասնակցեն վարչական վարույթին: Իրենք ներկայացրել էին առարկություն, թե ինչու չեն եկել, մենք առանց նրանց հանձնաժողովի նիստ արեցինք, որոշեցին տուգանել, ըստ օրենքի՝ 150 հազար դրամ և կասեցնել գործունեությունը»,- մանրամասնել է Կարապետ Արթենյանը:
Հարցին՝ ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը, նա արձագանքել է. «Կասեցրել ենք այնքան ժամանակով՝ մինչև փաստաթղթերը կբերեն իրավական դաշտ՝ հողերի նպատակային նշանակությունը կփոխեն: Ոնց կարելի է գյուղնշանակության հողի՝ վարելահողի վրա բետոն և շեբեն արտադրել. պիտի փոխեն հողի գործառնական նշանակությունը: Էլ չեմ ասում, որ որոշակի տարածք էլ համայնքային հող կա, պետք է գործառնական և նպատակային նշանակությունը փոխվի, փաստաթղթաշրջանառությունը բերվի օրինական դաշտ»:
Նկատենք, որ Մերձավան բնակավայրում գործող «Մեգաշին» ՍՊԸ-ն, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է Մերձավան համայնքի նախկին ղեկավար Լեւոն Գրիգորյանի որդուն՝ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդյա Գրիգորյանին, որը նաև առաջադրվել էր Փարաքարի համայնքապետի թեկնածու:
Հիշեցնենք, որ Մերձավանում գործող հանքերի հետ կապված ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն էին դիմել Մերձավանի բնակիչներ, դժգոհել, որ դրանք տարիներ շարունակ անօրինական կերպով են աշխատում՝ վնաս պատճառելով պետությանն ու տեղի բնակիչներին, նաև առողջական խնդիրների առաջացման պատճառ են դառնում:
Այդ ժամանակ Վոլոդիա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ օրինական գործունեություն են ծավալում:
Բաց մի թողեք
Երևանում դուստրը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է եղել. Լուսանկար
Հայաստանում կոռուպցիան շարունակում է մնալ մարտահրավեր
Կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարվել է 18 անշարժ գույքի հափշտակություն