Անդրանիկը ծնվել է Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 2019 թ.-ին: Մեկ տարի անց զորակոչվել է բանակ: Մայրիկի հետ մտովի տեղափոխվում ենք երջանիկ օրեր՝ որդու մանկություն: «Աշխույժ, չարաճճի, համով տղա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լեյլին:
Դպրոցական տարիների մասին խոսելիս ընդգծում է՝ որդին յուրահատուկ սեր ուներ «Հայոց լեզվի» նկատմամբ. «Սկզբից շատ լավ՝ գերազանց էր սովորում, բայց մեծացավ, դրա հետ առաջադիմությունն էլ փոխվեց»: Իսկ իրականում գուցե պատճառը բոլորովին էլ այլ տեղում է թաքնված. «Մեր տանը դժբախտություն պատահեց, Անդրանիկը դա շատ ծանր տարավ և նույն առաջադիմությունը պահպանել չկարողացավ, սովորում էր, բայց ոչ նույն կերպ, ինչպես նախկինում: Նրա մեծ եղբայրը 16 տարեկանում մահացավ: Ստուգումներ կատարեցին ու հայտնաբերեցին, որ ուռուցք ունի: Մի քանի ամսվա ընթացքում հիվանդությունն արագորեն զարգացավ: Անդրանիկը ծանր սթրես տարավ եղբոր կորստով»: Սա նաև «նպաստել» է, որ Անդրանիկը չշարունակի ուսումը բուհում, նրան ժամանակ էր պետք: «Բայց սովորել ուզում էր: Երբ փոքր էր, երազում էր օդաչու դառնալու մասին: Իսկ հետո նրան գրավում էր փրկարարի մասնագիտությունը, ուզում էր այդ ուղղությամբ կրթություն ստանալ, բայց այդ ընթացքում չստացվեց»:
Անդրանիկի ու հարյուրավոր տղաների նպատակների ու երազանքների իրականացումը պետք է բանակից վերադառնալուց հետո տեղի ունենար, բայց պատերազմն ամեն ինչ այլ ուղղությամբ տարավ: Անդրանիկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2020 թ.-ի հուլիսի 22-ին: Ծառայել է Արմավիրում՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում: Տիկին Լեյլին ասում է՝ որդին ուրախ է մեկնել ծառայության: «Իր ոտքը բանակ զորակոչվելուց առաջ կոտրվել էր, մաշկի վրա կորյակներ էին առաջացել: Երբ հանձնաժողովի ստուգումների էր գնացել, ասել էին՝ գնա Երևան, ստուգվի: Բայց Անդրանիկն ընդդիմանում էր. «Ես ուզում եմ գնալ բանակ, ծառայել»:
Իր զորակոչվելը մի քանի օրով ուշացավ, ընկերները գնացին, ինքը մնաց: Ասում էր՝ ես ուշանում եմ, ընկերներս գնացին, ես մնացի: Արդեն հուլիսի 22-ին իրեն էլ զորակոչեցին»: Չնայած ծառայության շատ կարճ ժամանակահատվածին, Անդրանիկը սիրով է ծառայել: «Ուրախ էր, տրամադրությունը՝ բարձր, ոչ մի օր չի դժգոհել իր ծառայությունից: «Մա՛մ, շատ լավ է ամեն ինչ, ես դժվարություն չեմ զգում»: Այդ ժամանակ էլ համավարակի տարածման շրջանն էր, չկարողացանք իրեն տեսնել: Ասում էր՝ ոչի՛նչ, մա՛մ, ծառայությանս վեց ամիսը կլրանա, արձակուրդ կգամ: Անգամ չկարողացանք իր երդմնակալության արարողությանը ներկա գտնվել»:
Անդրանիկը երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Ծառայում էր Արմավիրում, բայց պատերազմի սկսվելուց որոշ ժամանակ հետո տեղափոխվում է Որոտան (Կուբաթլու): Մայրիկի հետ զրույցում ասում եմ՝ թվում է, թե նրանք պետք է հանգիստ լինեին որդու համար այն առումով, որ անփորձ զինվորին պատերազմ չեն տանի: «Նույնը նաև մեր մտքին էր: Նախ երկու ամսվա ծառայող էր, համարում էինք, որ իրենք զենք էլ չեն տեսել: Դե, իսկ հետո էլ Հայաստանի տարածքում էր ծառայում: Բայց մեր գյուղից տասը զինվոր ունեինք, որ Ղարաբաղում էին ծառայում: Փառք Աստծո, տուն վերադարձան: Միայն Անդրանիկս և Մեղրիի զորամասում ծառայող մի տղա զոհվեցին»: Երբ հարցնում եմ, թե կոնկրետ ո՞ր օրն է տեղափոխվել մարտադաշտ, մայրիկն արձագանքում է՝ Անդրանիկը ոչինչ չէր ասում: «Զորամասից ասել են, որ, կարծես թե, հոկտեմբերի 18-ին: Ուշ է գնացել, բայց շուտ է զոհվել՝ հոկտեմբերի 22-ին:
Զորամասից տեղեկացրեցին, որ արկի բեկորն է դարձել զոհվելու պատճառը: Մեկ բեկորը դիպել է թոքին»: Հոկտեմբերի 21-ի երեկոյան մայրիկը խոսել է որդու հետ: «Հոկտեմբերի 22-ին էլ չի զանգել: Ասաց՝ մա՛մ, պալիգոններ ենք գնացել, խաբեց, չասաց, որ պատերազմ են տարել: Անընդհատ զրուցում էինք իր հետ, հարցնում՝ իրեն տանելո՞ւ են, թե՞ ոչ: «Չէ, մա՛մ, մեզ չեն տանելու, մենք նորակոչիկ ենք»: Հոկտեմբերի 22-ին իր հետ չեմ խոսել, հաջորդ օրը լուրը հասել էր գյուղ, որ Անդրանիկը զոհվել է»: Անդրանիկը շուտ է «վերադարձել» տուն: Շարքային Անդրանիկ Մանասյանի՝ ռազմական գործողություններին մասնակցության մասին ասվում է. «2020 թ.-ի հոկտեմբերին Անդրանիկ Մանասյանը մասնակցել է Որոտանի համար մղվող կատաղի մարտերին: Առավել աչքի է ընկել իր քաջությամբ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած համառ և անհավասար մարտում, որտեղ Մոտոհրաձգային գնդի մարտիկները հակառակորդի գերազանցող կենդանի ուժին հասցրել են հուժկու հարված՝ կանխելով մեր դիրքերը գրավելու բոլոր փորձերը:
Հակառակորդի ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում շարքային Մանասյանը ցուցաբերել է բացառիկ խիզախություն և ինքնուրույնություն, դիպուկահար հրացանով ոչնչացրել է մոտ մեկ տասնյակ թուրք-ադրբեջանական ասկյար: Շարքային Մանասյանը հակառակորդի հետ անհավասար պայքարում 2020 թ.-ի հոկտեմբերի 21ին ստանում է բեկորային վիրավորում, զինակից ընկերների օգնությամբ դուրս բերվում մարտի դաշտից, ցավոք, զինվորական հոսպիտալում չի հաջողվում փրկել հերոս հայորդու կյանքը»:
Մեր զրույցների ավարտին մշտապես հարցնում եմ ուժի աղբյուրի մասին: Սա ինքնանպատակ հարց չէ: Դժվարությամբ եմ այս հարցը տալիս ծնողներից, կանանցից կամ զավակներից յուրաքանչյուրին: Տիկին Լեյլիին նման հարց ուղղելը, կարծես, կրկնակի բարդ լիներ: Ինձ ոչ բնորոշ կամացուկ ձայնով հարցնում եմ՝ երկու տղա ունեի՞ք: Արձագանքում է՝ այո: «Երկու տղա ունեի, հիմա ոչինչ չունեմ»:Համարձակություն եմ գտնում հարցնելու՝ իսկ ի՞նչն է ուժ տալիս այս ծանր օրերում: «Ինձ թվում է, որ իրենք ներկա են, անընդհատ իրենց հետ եմ: Ես իրենց մահացած չեմ համարում, իրենք իմ կողքին են»:
Հ. Գ. – Անդրանիկ Մանասյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Կաթնաղբյուր գյուղի գերեզմանատանը՝ եղբոր կողքին:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 23-ի աստղագուշակ. Տնային գործերը փոքր-ինչ կշեղեն հոգսերից և ձանձրալի չեն թվա
Ծնկի իջա ու Աստծուն խնդրեցի, որ այլևս չտանջվի, այդ երեկո նա հանգչեց. Շահիրյան
Աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցուցակը