13/05/2025

Միջուկային գործարքի վերադարձը կդառնա արդեն ռազմա-քաղաքական նոր իրավիճակի «ծածկոց»

Ջո Բայդենի վարչակազմը Իրանին փոխանցել է բավականին արագ միջուային գործարքի վերականգնմանը վերադառնալու պատրաստակամության մասին, պայմանով, որ գործարքում տեղի կունենան աննշան փոփոխություններ:

Իրանական կողմը մեկ անգամ չէ, որ հայտարարել է գործարքի վերականգնման պատրաստակամության մասին: Այդ մասին խոսել է նաեւ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանը, որի արտաքին գործերի նախարար կարող է նշանակվել Աբաս Արագչին՝ Իրանի նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆի տեղակալը:

Հիշեցնեմ, որ միջուկային գործարքը կնքվել էր հենց ռեֆորմիստական կառավարության շրջանում՝ նախագահ Հասան Ռոհանի եւ արտգործնախարար Զարիֆ: Սպիտակ տունն առայժմ պաշտոնապես չի հերքել կամ հաստատել տեղեկությունը, թեեւ Ջո Բայդենը իր պաշտոնամուտից էլ խոսել է Տրամպի ճեղարկած գործարքը վերականգնելու մասին: Իհարկե երեք տարվա ընթացքում չի եղել շարժ այդ ուղղությամբ եւ Սպիտակ տանն դեմոկրատական վարչակազն ու Իրանում պահպանողական նախագահ Ռեյիսիի վարչակազմը գոնե առերեւույթ չեն գնացել այդ հարցում առաջ:

Չի բացառվում, որ Բայդենի վարչակազմի համար ներկայումս հարցի գինը, արժեքը մեծ է, քանի որ հաջողությունը կարող է բավականին օգտակար լինել նախընտրական արշավի ընթացքում, հատկապես, որ Սպիտակ տան ներկայիս վարչակազմը գործնականում չունի որեւէ շոշափելի արտաքին քաղաքական հաջողություն, որը հնարավոր է ամերիկացի ըտրողին ներկայացնել իբրեւ ձեռքբերում:

Հնարավոր է, որ Սպիտակ տունը փորձում է օգտագործել պահը՝ Իրանում այսպես ասած ռեֆորմիստ նախագահի հանգամանքը, եւ ստանալ թեկուզ կարճաժամկետ նախընտրական էֆեկտ, իսկ հետո՝ ինչպես կաստացվի: Միեւնույն ժամանակ, չի բացառվում, որ այդ կերպ նաեւ վարչակազմը փորձում է Իրանին հետ պահել Մոսկվայի հետ ռազմավարական նոր պայմանագրի ստորագրումից, որը սպասվում է հոկտեմբերին՝ ԲՐԻԿՍ կազանյան գագաթնաժողովի ընթացքում: Թեման սակայն ունի մի ուշագրավ դետալ:

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն օրեր առաջ հայտարարեց, որ իրենց տվյալով, մոտ երկու շաբաթ անց Իրանը կունենա միջուկային ռումբ ստեղծելու հնարավորություն: Այդ դեպքում ո՞րն է իմաստը, որ կողմերը վերադառնան միջուկային համաձայնագրին, եթե նրա նպատակը Իրանի միջուկային ծրագիրը կառավարելն էր եւ թույլ չտալը, որ այն ստանա ռազմական բնույթ:

Չի բացառվում, որ միջուկային գործարքի վերաբերյալ տեղեկություններով, իրանական կողմն է փորձում «նախաձեռնողականությամբ» փաստի առաջ դնել Սպիտակ տանը, որովհետեւ, ամեն ինչով, հնարավոր բոլոր մոտիվներով հանդերձ, այդուամենայնիվ մեծ հարց է, թե արդյո՞ք նախընտրական կիզակետում գտնվող վարչակազմը ի զորու է զբաղվել այնպիսի տարողունակ ու մեծ գործընթացով, ինչպիսին միջուկային գործարքի վերականգնումն է, եթե հաշվի առնենք, որ այդ գործարքն ուներ նաեւ այլ կողմեր՝ եվրոպական քառյակ եւ Ռուսաստան:

Իրանին մնացել է երկու շաբաթ, թե ավելի երկար ժամանակ՝ միջուկային ռումբի հնարավորության համար, բայց ըստ ամենայնի Թեհրանն այդ ճանապարհը կանցնի մինչեւ եզրագիծ: Կհայտարարվի՞ միջուկային կարգավիճակի մասին, թե՞ ոչ, սա արդեն հարցի այլ կողմ է:

Չի բացառվում, որ միջուկային գործարքի վերադարձը դառնա արդեն ռազմա-քաղաքական նոր իրավիճակի «ծածկոց», որի հարցում իհարկե Իրանի հետ խոսակցությունն այլեւս իրականացված կլինի մտքում ունենալով նրա նոր կարգավիճակը: