23/12/2024

Վաշինգտոնը երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ, հիմնական սկզբունքներն անփոփոխ են. ԱՄՆ պետքարտուղարություն

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն, անդրադառնալով ամերիկյան վարչակազմի հնարավոր փոփոխությունից հետո Վաշինգտոնի արտաքին քաղաքականության փոփոխության մասին հարցին, նշել է, որ Կառավարության արտաքին քաղաքականությունը կարող է փոխվել տարբեր նախագահական վարչակազմերի օրոք, այնուամենայնիվ, ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները մնում են անփոփոխ։

Այս մասին ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին։

Պետքարտուղարությունն, անդրադառնալով հայ-ամերիկյան վերջին զորավարժությունների, ինչպես նաև այդ համատեքստում Ադրբեջանից հնչած արձագանքների վերաբերյալ հարցերին՝ նշել է, որ պաշտոնական Վաշինգտոնը երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ, որի օրինակն է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ կայուն համագործակցությունն՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի շրջանակներում։

«ԱՄՆ-ն առանձին պաշտպանական և անվտանգային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ներառյալ՝ համագործակցությունը բազմազգ զորավարժություններում՝ Վրաստանում վերջերս տեղի ունեցած Agile Spirit, ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության և մի շարք այլ երկկողմ ձևաչափերով՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի նման», – նկատել է Պետքարտուղարությունը։

Խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի վերաբերյալ՝ ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել է իր խոսնակի՝ վերջին ճեպազրույցի ընթացքում արված հայտարարությունը. «Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, և մենք հանձնառու ենք այդ գործընթացի աջակցմանը։ Եկել է խաղաղության ժամանակը»:

Պետքարտուղարությունից պատասխանել են նաև այն հարցին, թե ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներով կառավարող վարչակազմի հնարավոր փոփոխությունից հետո Հարավային Կովկասի հարցերում կարո՞ղ է արդյոք փոփոխությունների ենթարկվել նաև ամերիկյան արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ Պետքարտուղարությունն անկուսակցական հաստատություն է, և Միացյալ Նահանգների կառավարության արտաքին քաղաքականությունը կարող է փոխվել տարբեր նախագահական վարչակազմերի օրոք։

«Այնուամենայնիվ, ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները մնում են անփոփոխ, որոնք ներառում են անվտանգության, ժողովրդավարության, բարգավաճման և զարգացման խթանում Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում», – եզրափակել է Պետքարտուղարությունը: