Հուլիսի 31-ի գիշերը Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական թեւի առաջնորդ Իսմայիլ Հանիան:
Նույն օրը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը պաշտոնական հայտարարություն է տարածել, որ օգոստոսի 15-ին խորհրդարանը հատուկ նիստ կգումարի, որպեսզի ի ցույց դրվի «Պաղեստինի ժողովրդի եւ նրա գործին վճռական աջակցությունը, հնարավորություն ստեղծվի, որ պաղեստինյան բռնաճնշված ժողովրդի ձայնը լսվի աշխարհում»: Նիստին ելույթ կունենա Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը, — ամփոփել է Թուրաիայի խորհրդարանի նախագահը:
Իր հերթին Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Աբասը օգոստոսի 14-15-ին կայցելի Անկարա, ինչից հասկացվում է, որ Աբասը նախ բանակցություններ կվարի Էրդողանի հետ, ապա ելույթ կունենա Թուրաիայի խորհրդարանում: Բաքվի իշխամալան լրատվամիջոցն այս տեղեկատվությանը հավելում է, որ նախապես ծրագրված էր, որ օգոստոսի «մի օր թուրք պատգամավորների առջեւ ելույթ կունենան Աբասը եւ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիան, որ ահաբեկչության հետեւանքով Թեհրանում սպանվել է չորեքշաբթի առավոտյան»:
Ի՞նչ աղբյուր է նման տեղեկատվություն փոխանցել՝ պարզ չէ: Բայց հուլիսի 29-ին թուրքական մամուլը հաղորդել էր, որ նախկին արտգործնախարար Դավութօղլուն առաջարկել է Աբասի փոխարեն Թուրքիայի խորհրդարան հրավիրել Հանիային: ՀԱՄԱՍ-ի եւ Պաղեստինի ինքնավարության առաջնորդի միջեւ հակասությունները հայտնի են: Էրդողանը պաղեստինյան երկու առաջատար ուժերի միջեւ խորհրդատվություննե՞ր է նախաձեռնել, Աբասն այդ պատճառով է անպատասխան թողել Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունենալու հրավերը եւ համաձայնել, երբ Հանիան սպանվե՞լ է:
Պաղեստինի ներքին խնդիրների տեղյակ աղբյուրները պնդում են, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդությունը միանձնյա չէ, եւ Հանիան լիովին չէր տիրապետում իրավիճակին: Շարժումն ունի ավելի արմատական տրամադրված գործիչներ, որոնք Իսրայելի հետ բանակցությունները առհասարակ մերժում են:
Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Աբասն, ընդհակառակը, ունի բանակցունակ քաղաքական գործչի համարում: Հանիայի սպանության առթիվ Իրանի արտգործնախարար Ալի Բաղերիի հայտարարության մեջ չափազանց ենթատեքստային ձեւակերպում կա: Նա այդ գործողությունը որակել է «Իրանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն», եւ Թեհրանի պատասխան գործողությունները հիմնավորել «ինքնապաշտպանության իրավունքով»:
Իսլամական հանրապետությունն, ըստ այդմ, տարածաշրջանում հնարավոր սրացման պատասխանատվությունը հասցեագրել է Իսրայելին: ՄԱԿ-ում Իրանի դեսպան Իրավանին նույնպես հայտարարել է, որ Իրանը ունի ինքնապաշտպանության իրավունք: Այս համատեքստում Թուրքիան ակնհայտորեն ձգտում է Պաղեստինի ժողովրդի եւ պետականության երաշխավորի դերակատարության:
Բայց, թվում է, իրավիճակ սրելուն զուգահեռ Էրդողանը նպատակ ունի շեշտադրել Թուրքիայի միջնորդության հանգամանքը: Ի տարբերություն ՀԱՄԱՍ-ի, Պաղեստինի ինքնավարության առաջնորդը միջազգային ճանաչում ունի: Թուրքիայի խորհրդարանում նրա ելույթը, հավանաբար, Իսրայելի հասցեին այն ձեւակերպումներով չի կառուցվելու, որ օգտագործում է Իրանը:
Որոշ մեկնաբաններ այն տեսակետն են պաշտպանում, որ Իսրայելի դեմ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումը Պաղեստինի պետության հռչակման ծրագիրը ձախողելու նպատակ է հետապնդել: Մահմուդ Աբասի Անկարա այցը, եթե ամեն ինչ ընթանա՝ ինչպես ծրագրված է, Թուրքիայի խորհրդարանում նրա ելույթը կարող են մոտավորարևելյան կարգավորմանն Անկարայի ներգրավվածության հնարավորություն բացել:
Հանիայի սպանությունն, այսպիսով, Պաղեստինի հարցում Իրանին թողնում է ՀԱՄԱՍ-ի հետ մենակ, եթե Էրդողանին հաջողվի Մահմուդ Աբասի այցը կազմակերպել եւ խորհրդարանում նրա ելույթի միջոցով Իսրայելին որոշակի ազդակներ հղել:
Այլ բան է, թե ՀԱՄԱՍ-ը որքանո՞վ է Աբասին Պաղեստինի ժողովրդի եւ նրա դիմադրական շարժման առաջնորդ ճանաչում: Դա արդեն Թուրքիայի խնդիրը չի լինի: Անկարային պետք է մտնել իսրայելա-պաղեստինյան կարգավորման դերակատարների «ակումբ»: ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Հանիայի միջոցով դա չի ստացվել, եւ Էրդողանը փորձում է խաղի մեջ մտնել Մահմուդ Աբասի հետ:
Ի՞նչ արդյունքի կհասնի Էրդողանի «ոսկերչական դիվանագիտությունը» այս փուլում, երբ նրա եւ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի հարաբերությունները ծայրաստիճան լարված են, խիստ կասկածելի է: Բայց ո՞վ է ասել, որ Նաթանյահուն հավերժական է կամ Իրանը չի դիմի այնպիսի քայլերի, որ Թուրքիայի «խաղաղարար» դերը պահանջված չի լինի:
Բաց մի թողեք
«Թուրք զինվորը կարող է պարտվել, թուրքական դիվանագիտությունը չի պարտվում»
Իրանի դեմ Իսրայելի հարձակումը «թուլացնում է նաև Ռուսաստանին»
Կասկածից վեր է, որ շարունակությունը ենթադրելու է նոր դերակատարների ներգրավում