14/12/2024

Վրաստան – Արևմուտք հարաբերություններն ու արգելքները, ինչ է սպասվում Հայաստանին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ դադարեցնում է Վրաստանին ֆինանսական օգնությունը: Բլինքենը հայտարարել է, որ Վրաստանի քաղաքականությունը չի համապատասխանում Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամակցության չափանիշներին:

Անկասկած է, որ ԱՄՆ դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թբիլիսին փորձում է չդառնալ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության կողմ: Սա իհարկե ԱՄՆ ու Վրաստանի հարաբերության հարցն է, որն իհարկե էական շերտերով առնչություն է ունենալու Կովկասի գործընթացներին ու ստատուս-քվոյին:

Այյդ հարցերին մենք անդրադարձել ու անդրադառնում ենք պարբերաբար, ընդգծելով այդ ամենում գլխավորը՝ Հայաստանի համար կենսական կարեւորություն ունի Վրաստանում կայունությունը, ինչպես նաեւ հայ-վրացական փոխհարաբերության կայուն զարգացումը, արդեն համահունչ այն ռազմավարական գործընկերությանը, որի վերաբերյալ հռչակագիր Երեւանն ու Թբիլիսին ստորագրեցին 2024 թվականի հունվարին՝ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցի ընթացքում: Վրաստանի եւ Արեւմուտքի հարաբերության որոշակի սառեցման կամ գոլացման ֆոնին, Հայաստանը խորացնում է հարաբերությունը նույն Արեւմուտքի հետ:

Այստեղ հաճախ է հնչում գնահատական, թե Հայաստանի հանդեպ արեւմտյան ուշադրությունն աճում է, որովհետեւ Վրաստանը փորձում է տարածություն պահել Արեւմուտքից: Գործնականում սակայն, այստեղ «փոխարինման» կամ «փոխատեղման» հարց չէ բոլորովին: Կա իհարկե Կովկասի ընդհանուր «քեյս», որտեղ սակայն բոլոր երեք պետությունների առնչությամբ կան առանձին հանգամանքներ, շերտեր, մոտիվներ ու ծրագրեր: Սա իհարկե իմիջայլոց, քանի որ բուն խնդիրը, ինչպես նշեցի, հայ-վրացական ռազմավարական գործընկերությանը համահունչ հարաբերության պահպանումն ու զարգացումն է:

Իհարկե, կասկածից վեր է, որ արտաքին քաղաքական եւ անվտանգային հանգամանքները չեն կարող չունենալ այդ հարաբերության վրա իրենց ազդեցությունը: Բայց, նաեւ հենց դրա համար է անհրաժեշտ երկու կառավարությունների ողջախոհությունն ու հեռատեսությունը, նաեւ իմաստնությունն ու հասունությունը, որպեսզի չեզոքացնեն հնարավոր այդ ազդեցությունը: Առավել եւս, որ դա գործնականում կարող է լինել նաեւ երկու երկրների ինքնիշխան կարողության ու ներուժի շոշափելի ցուցիչներից մեկը:

Տիպական արևմտյան մամուլում Վրաստանի իշխող կուսակցությունը ներկայացվում է որպես «ռուսամետ»։ Իսկ նրան ընդդիմանում են «ժողովրդավարական» կուսակցությունները։ Responsible Statecraft պարբերականի կայքում գրում է Քվինսի անվան Պետական կառավարման պատասխանատվության ինստիտուտի եվրասիական ծրագրերի տնօրեն Անատոլ Լիվենը, որի հեղինակային հոդվածն ամբողջությամբ փոխանցում է inosmi.ru-ն։

Ընդսմին, Լիվենը հավաստիացնում է, որ դիտարկումների հիմքում Վրաստանի թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ իր անմիջական շփումներն են։ Նա արևմտյան աշխարհին ուղղակի հորդորում է Վրաստանին չդիտարկել որպես Ռուսաստանի «խամաճիկ» և հիմնավորում է, որ իրավիճակն «ավելի բարդ է, քան ընկալվում է»։

Լիվենը դիտարկել է, որ վրացական վերնախավը Եվրամիության նկատմամբ «թերահավատ է», և դա բացատրվում է նրանով, որ «Վրաստանի արևմտյան հարևանը ոչ թե Լեհաստանն է, այլ՝ Թուրքիան, երկիր, որ մոտ կես դար է՝ ԵՄ անդամակցության է սպասում»։ Նրա գնահատմամբ՝ Թբիլիսիում տպավորություն է իշխում, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը պայմանավորված է Ուկրաինայով։

Վերլուծաբանը կարևորել է նաև Վրաստանում Չինաստանի «ազդեցության կայուն աճը» և մասնավորեցրել, որ Թբիլիսին Պեկինի հետ մի շարք համաձայնագրեր է կնքել, որոնցից ամենակարևորը նա համարում է Անակլիա նավահանգստի վերակառուցման և արդիականացման ծրագիրը։

Քաղաքական առումով Լիվենի առանցքային եզրակացությունն այն է, որ, գուցե, Վրաստանի ընդդիմությունը «գումարային առումով համեմատական առավելություն ունի, բայց տարբեր կուսակցությունների միջև հակասությունները չափազանց սուր են, և նրանք հազիվ թե միավորվեն մեկ միասնական դաշինքում»։

Ի վերջո, նա կարծում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Արևմուտքը խաղադրույք է դնելու իր կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների վրա, իսկ քարոզչությունը կառուցվելու է այն մատրիցայով, որ «իշխանությունը ավտորիտար է, և նրան հեռացնելու միակ հնարավորությունը փողոցային պայքարն է»։ Վերլուծաբանը ենթադրում է, որ եթե նման սցենար գործի դրվի, ապա Վրաստանը «կմատնվի լրջագույն փորձության»։

Այս հրապարակումը համընկնում է Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության կոշտ որոշումներին։ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններին կհաջորդի վրաց-ամերիկյան հարաբերությունների վերաբեռնում։

Բայց Վրաստանի ընտրությունները տեղի կունենան ավելի վաղ՝ հոկտեմբերին։ Եվ եթե հաղթող ճանաչվի իշխող կուսակցությունը, իսկ ընդդիմությունը և ՀԿ-երը փողոցային պայքար սկսեն, ապա ո՞րն է երաշխիքը, որ Բիձինա Իվանիշվիլիին կհաջողվի հաղթահարել փորձությունը։ Լիվենը բացահայտել է «Վրացական երազանքի» հիմնական քարոզչաթեզը՝ «Եթե ընդդիմությունը հաղթի, պատերազմ կսկսվի» և ընդգծում, որ հանրային կարծիքի վրա «դա զգալի ազդեցություն է թողել»։

Ռուսաստանի ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը հայտարարել է, որ Հայաստանի հանրության շրջանում հակառուսական տրամադրություններ սերմանելու ԱՄՆ և Եվրամիության ձեռնարկումները «ոչ մի լավ բանի չեն բերի»։ Բաքվի իշխանական լրատվամիջոցն այդ տեղեկությունը տարածել է այս խորագրի ներքո՝ «Մոսկվա. հայերին Ռուսաստանի դեմ տրամադրելու փորձերը վատ ավարտ կունենան»։

Անատոլ Լիվենը նկատել է, որ վրացական հանրության մի հատված Արևմուտքից դժգոհ է, որ «մատը մատին չխփեց, երբ Ռուսաստանը գրավում էր Աբխազիան և Հարավային Օսեթիան»։ Զգուշացնող դիտարկում է։ Հայաստանի հետ հաշտության հարցում Արևմուտքը կհամոզի՞ Ադրբեջանին: Հանուն ինչի՞՝ կարելի է ենթադրել, բայց՝ ի՞նչ գնով է դա հնարավոր։