23/12/2024

Ինչպե՞ս են ԼՂ նախկին պաշտոնյաները յուրացրել ԼՂՀ պետական հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցները

Civic.am-ի տրամադրության տակ են հայտնվել տվյալներ առ այն, թե ԼՂՀ նախկին պաշտոնյաներից ում ինչ ավտոմեքենա է պատկանել՝որպես պետական տարբեր մարմինների հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցներ, եւ թե ինչպես են հետագայում դրանք օտարվել նվիրատվության կարգով կամ էլ շարունակում են շահագործվել անձնական կարիքների համար։

Ըստ մեր աղբյուրի՝ «Արցախէներգո» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող Nissan X-Trail SL Platinium 2.5L մակնիշի ավտոմեքենան նվիրատվության պայմանագրով ձևակերպվել է Վահրամ Վյաչեսլավի Խաչատրյանի անվամբ:Վահրամ Վյաչեսլավի Խաչատրյանը «Արցախէներգո» ՓԲԸ-ում զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոն, մտերիմ հարաբերություններ ունի «Արցախէներգո» ՊԲԸ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Անդրանիկ Խաչատրյանի հետ, եղել է այսպես կոչված, նրա «կամակատարը»: Վերջինս վերը նշված պաշտոնում ստացել է մի քանի միլիոն ՀՀ դրամ ամսական աշխատավարձ:

ԼՂ ոստիկանության հաշվեկշռում գտնվող Toyota Camry 2.5 մակնիշի ավտոմեքենան նվիրատվության պայմանագրով ձևակերպվել է Բորիս Աշոտի Ջալավյանի անվամբ: Բորիս Ջալավյանը զբաղեցրել է ԼՂ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետի պաշտոնը։ Հայրը՝ Աշոտ Ջալավյանը շինարար է, վերջին տարիներին աշխատել է ԼՂ նախագահի հյուրերի ընդունելության տան տնօրեն: Բորիս Ջալավյանի աները Նորայր Գասպարյանն է, Արցախի հեռուստատեսության տնօրեն, մշակույթի նախարար, լրագրող: Բորիս Ջալավյանը իր ենթակա կանանց հետ հաճախակի ունեցել է ինտիմ հարաբերություններ։ Փաստացի նրան է պատկանում Երեւանի Ջրվեժ թաղամասում գործող «Մասիս» ռեստորանը:

ԼՂ ոստիկանության հաշվեկշռում գտնվող Toyota Fortuner 2.7 GAS ավտոմեքենան ձևակերպված է ԼՂ ոստիկանապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վրույր Վալերիի Խաչատրյանի դստեր՝ Սնեժանա Խաչատրյանի անունով: Վրույր Խաչատրյանը երկար ժամանակ աշխատել է որպես Քաշաթաղի շրջանի ոստիկանապետ, բնակվել է Քաշաթաղում, տիրապետել է շրջանի նյութական միջոցներին։ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ նշանակվել է փոխոստիկանապետ: Քաշաթաղից մեծ քանակությամբ մետաղի ջարդոն է իրացրել ՀՀ-ում։

ԼՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՊԿՀ-ին ամրակցված 2018թ. արտադրության NISSAN X-TRAIL SL PLATINIUM 2.5L մակնիշի 080 CC 90 հ/հ ավտոմեքենան հիշյալ նախարարության աշխատակից Արմեն Շաբոյի Առաքելյանի կողմից 2023թ. սեպտեմբեր ամսին տեղափոխվել էՀՀ և ներկայումս օգտագործվում է նրա կողմից՝ անձնական կարիքների համար:

Արսեն Սեյրանյանին սեփականության իրավունքով պատկանում է մեկ բնակարան Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում և երկու ավտոմեքենա ՝ 1989 թ. արտադրության «ՎԱԶ 2109 և 2008թ. արտադրության MERCEDES-BENZ E 350 4MATIC մակնիշի։

ԼՂ ԳՅՈՒՂԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ հիմնադրամին ամրակցված 2018թ. արտադրության NISSAN X-TRAIL SL PLATINIUM 2.5L մակնիշի 990օօ90 հ/h ավտոմեքենան հիշյալ հիմնադրամի աշխատակից Հրանտ Կամոյի Սաֆարյանի կողմից 2023թ. սեպտեմբեր ամսին տեղափոխվել է ՀՀ և ներկայումս օգտագործվում է նրա կողմից՝ անձնական կարիքների համար: Սեփականության իրավունքով նրա անվամբ հաշվառված է 4 տրանսպորտային միջոց՝ 2015թ. արտադրության TOYOTA CAMRY, 2021թ. արտադրության – FORD BRONCO, 2001թ. արտադրության VAZ 21213 և 2004թ. արտադրության TOYOTA 4RUNNER մակնիշի:

Նշենք, որ ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել https://civic.am/news/73053 էր, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-29 ընկած ժամանակահատվածում ԼՂ ՆԳՆ հաշվեկշռում գտնվող տասնյակից ավելի մեքենաներ օտարվել են ԼՂՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի օգնականի՝ Հարութ Արեգի Ավագյանի ու նրա մտերիմների անուններով։

Նույն՝ բռնի տեղահանման օրերին նաև թանկարժեք պետհամարանիշեր են հատկացվել Հարութ Ավագյանին ու նրա մտերիմներին։