16/09/2024

Շարժումը «սխալ հաշվարկով» անշարժացրածներն ի՞նչ հաշվարկով են աշնանը շարժվելու

Աշնանը՝ սեպտեմբերին, արձակուրդից վերադառնալ ու ակտիվ պայքարը վերսկսել պատրաստվող «սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը, որը մարզային այցելություններին զուգահեռ նաև բակային ֆորմատով է մարդկանց տրամադրությունները շոշափում ու փորձում նախապատրաստել առաջիկա պրոցեսներին, Շենգավիթում բնակիչների հետ հանդիպման ժամանակ որոշ փակագծեր է բացել Տավուշից մեկնարկած և ԱԺ շենքի դիմաց հունիսի 12-ին հրահրված բախումից հետո «գեյմ օվեր» հայտարարելու մասին։

Նա մասնավորապես խոստովանել է, որ սխալվել են իրենց հաշվարկում․ «Հաշվարկի, գաղափարական ու իրենց (իշխանության-խմբ․) բարոյականության իմաստով որոշ առումով սխալվել ենք: Այն պատկերացումներն ու համոզումները, որ ունեինք իրենց հանդեպ, այնքան էլ ճիշտ չէին, ես դա ընդունում եմ»:

Փաստորեն, սրբազանին ու նրան գործողություններ հուշող հայտնի «խաղավարները» հաշվարկել էին, որ եթե նախորդ անգամները չեն կարողացել հասնել գեներացրած արհեստական օրակարգի իրագործմանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ապա այս անգամ Փաշինյանը խղճմտանք կզգա, գիշերները մղձավանջի մեջ կանցկացնի, կտեսնի, որ իր հրաժարականի պահանջով հերթական ավանտյուրան գլխավորում է եկեղեցու սրբազան հայրը, կճնշվի նրա հաթաթաներից, կվերցնի ու հրաժարական կտա, կասի՝ ջհանդամ, որ 680 հազար քաղաքացի ինձ 2021-ին մանդատ է տվել երկիրը կառավարելու, խաղաղության օրակարգն ի կատար ածելու համար, տամ «Միլիոնին»՝իշխանությունը, բավարարեմ ռևանշիտների կապրիզը․․․․ «պադո՜ւմայեշ»։ Եղածն իշխանություն է, էլի՜․․․․

Սրբազանն ու նրա քաղաքական պատրոնները, իրոք, սխալվել են, ու՝ կոնցեպտուալ հարցում՝ ժողովրդի՛ց (քվեարկությամբ) փոխանցված իշխանության, դրա նկատմամբ ահռելի պատասխանատվության վերաբերյալ իրենց չափումներում։ Ռևանշիստների այս խմբակը, նկատենք, երբեք չի ստանձնել իշխանությունը ժողովրդական քվեարկության արդար արդյունքների հիման վրա, այլ՝ ուզուրպացրել է իշխանությունն ու այն պահելու համար կիրառել բռնապետական մեթոդներ, այդ թվում՝ ոստիկանական բիրտ ուժ, քաղաքական հետապնդումներ, շինծու քրեական գործերով հետապնդումներ ու հիվանդ արդարատություն։ Իշխանության նկատմամբ պատասխանատվության բացակայության ամենաաղաղակող վկայությունը տվել է ՀՀ արդարդատության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը 2018-ի հայտնի իրադարձություններից հետո ասուլիսում․ «Կարծում եմ, որ հիմնական խնդիրը մեր՝ Հանրապետական կուսակցության կողմից չհասկացվածությունն է, մեկ քաղաքական կուսակցության՝ իշխանությունը մենաշնորհելու վտանգը: Սա մեր գլխավոր սխալն է, որը մենք ընդունում ենք, իսկ երկրում ուժեղ ընդդիմության առկայությունը նշանակում է ուժեղ պետություն»։ 2018-ին այդ ուզուրպատորների խմբակը ստիպված էր զիջել իշխանությունը, զիջել ոչ թե ինչ որ անհատի կամ քաղաքական ուժի, այլ՝ժողովրդին, նրան, ում էլ պատկանում է իշխանությունը։ Արդ,եթե սրբազանն ու շարժման կազմկոմիտեն իրենց հաշվարկները կառուցում են իշխող քաղաքական ուժի բարոյականության վրա, ապաև՝կասկածներ հայտնում վերջինիս՝բարոյականություն ունենալ-չունենալու մասով, ապա պետք է իմանան՝ նրանք այսպիսով կասկածում են ժողովրդի մեծամասնության բարոյականությանը։ Այն ժողովրդի, որն իր հաշվարկներում, ի տարբերություն եկեղեցու սպասավորի ու նրա թիկունքում կանգնած քաղաքական սուբյեկտների, անկեղծ է ու ադեկվատ։ Ահա այդ անկեղծության ու ադեկվատության հետ է, որ չեն համակերպվում 2018-ից հետո պարբերաբար «մեյդան» դուրս եկող ու ակնհայտորեն բարոյականության հետ խնդիրներ ունեցող զանազան «փրկիչներն» ու «մեսիաները»։

Արդ, ի՞նչ հաշվարկով է սույն շարժման կազմկոմիտեն աշնանը նորից «քամի տատանելու», «մթնոլորտ պղտորելու» մտադրություն հայտնում, արդյո՞ք այն, որ Բագրատ Գալստանյանը հոգևորականին անհարիր բառապաշար գործածելով, Փաշինյանի կերպարը դեմոնիզացնելով (դիվականացնելով), նրան «նեռ» ու «չարիք» անվանելով կարողացել է հանրային նոր խմբեր պոտենցիալ սրբազանականներ մոբիլիզացնել, որոնք էլ աշնանը բան ու գործ թողած, գալու են միտինգների ու «նեռին գահընկեց» անելու սիզիփոսյան աշխատանքին» լծվելու։ Թե՞ սրբազանի ու նրա խորհրդատուների հաշվարկն այն է, որ Ալիևը, սինխրոնացնելով իր խոսույթը հայաստանյան ռևանշիստների հետ, մի բան «կբզբզա», իրենք էլ վերջինիս «բզբզացածը» կօգտագործեն ներքաղաքական քաոս գեներացնելու նպատակով։

Հիմա այն մասին, թե ինչու այս շարժումն էլ չարժանացավ հանրային լայն աջակցության։ Որքան էլ դրա կազմակերպիչները փորձեցին Տավուշում տեղի ունեցող սահմանազատման գործընթացի ուղղությամբ գրգռել հասարակության ուշադրությունը ու շարժման օրակարգ հռչակեցին սահմանազատումը կասեցնելը, այն, սակայն, արագ տրանսֆորմացվեց քանիցս իր անկենսունակ լինելը ապացուցած օրակարգի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական, նոր ժամանակավոր կառավարություն և․․․․տռա լյա, լյա, լյաների այն շարքը, որն արդեն երեք տարի է՝ընդդիմությունը թութակում է։ Այս ավանտյուրան հղացածների հաշվարկն այն էր, որ «Արցախը Ադրբեջանին հանձնած» ու դեռ այդքանից հետո աթոռին մնացած Նիկոլ Փաշինյանին չի ներվի «Հայաստանի տարածքից» զիջումներ անելը՝մասնավորապես «Տավուշի չորս գյուղերը» Ադրբեջանին զիջելը, «հող հանձնողին հանձնենք հողին» դոգմայի հետևորդները զանգվածաբար դուրս կթափվեն, կմիանան Բագրատ Գալստանյանին ու Նիկոլի հեռացումը եթե ոչ օրերի, ապա՝ ժամերի հարց կդառնա։ Դրա համար էր սրբազան հայրը ժամերով հաշվարկում Նիկոլ Փաշինյանի հեռացման ժամկետը՝ մեկ ժամ, հետո՝ 96 ժամ։ Ընդգծենք, որ սրբազանականների հաշվարկի հիմքում դրված էր նաև մի շատ զորեղ փաստարկ՝ ՀՀ-ում ապաստանած 120 հազար արցախահայերի դժգոհ,հականիկոլական հատվածը ևս կմիանա շարժանն ու հնարավոր կլինի «մասսովկա» ապահովել։ Մայիսի 9-ին տեղի ունեցած ամենաբազմամարդ հանրահավաքը՝ մոտ 32 հազար, հնարավոր եղավ ապահովել նաև արցախահայությանը զանգվածաբար ներգրավելով։ Ակնկալվում էր, որ Կիրանցից քայլերթով մայրաքաղաք հասնելուց հետո հրապարակում արդեն իսկ կրիտիկական» մասսա հավաքված կլինի ու «կայծակնային մարտ»-ի միջոցով հնարավոր կլինի հասնել կառավարության հրաժարականին։

Միչդեռ այս հաշվարկը խաբուսիկ դուրս եկավ։ Մայիսի 9-ի հանրահավաքից հետո, երբ Բագրատ արքեպիսկոպոսը հյուրանոցում «առանձնացով» «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու շարժման հետագա անելիքները (պարզ է, չէ՞, թե ինչ անելիքների մասին է խոսքը), այ այդ պահից սկսած այլևս կանխատեսելի էր՝ «Բագրատ»-յան շարժումը գնում է «Իշխան»-ական շարժման տրորած ճանապարհով, այսինքն՝ դեպի անխուսափելի ձախողում։ Այս «առանձնացումը» Բագրատ Գալստանյանի ու նրա ղեկավարած շարժման համար ունեցավ «Հուդայի համբույրի» էֆեկտ՝ դրանից բխող կանխատեսելի հետևանքներով։

Հ․ Մանուկյան