22/11/2024

Կլաարը արցախահայությանը ցույց է տալիս Բաքվի դուռը

Ադրրբեջանն արձագանքել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, որը իր պաշտոնավարման ավարտին որոշել է խոսել արցախահայության վերադարձի իրավունքի մասին:

Նա ասել էր, որ Ադրբեջանն այդ հարցում ունի պարտավորություն եւ իր տպավորությամբ՝ չի հրաժարվում այդ պարտավորությունից: Կլաարը նաեւ ասել է, թե վերադարձի թեման ացախահայերը պետք է քննարկեն Բաքվի հետ ուղիղ երկխոսությամբ:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը արձագանքել է, եւ, թվում է, թե այսպես ասած պատասխանել Կլաարին, բայց գործնականում՝ շարունակել նրան: Բաքվի ԱԳՆ խոսնակը ասել է, որ Ադրբեջանը ճանաչում է այն հայերի վերադարձի իրավունքը, որոնք իրենց հերթին ճանաչում են Ադրբեջանի տաևրածքային ամբողջությունն ու ինքնիշխանությունը, այլ կերպ ասած՝ կընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն:

Ադրբեջանը փաստացի ասել է, թե ինչի՞ մասին է պատրաստ խոսել արցախահայերի հետ, եթե արցախահայության որեւէ ներկայացուցիչ «անսա» Կլաարի խորհրդին կամ հորդորին եւ «ուղիղ երկխոսի» Բաքվի հետ՝ վերադարձի թեմայով:

Այլ կերպ ասած, եթե այդ հարցում Բաքուն ու արցախահայերը մնում են դեմ դիմաց, մեղմ ասած դժվար չէ պատկերացնել, թե ինչ է գտնվելու քննարկման սեղանին, հետեւաբար՝ թե ինչ արդյունքի կարող է բերել այդ քննարկումը:

Հազիվ թե Կլաարին հայտնի չէր Բաքվի դիրքորոշումը: Այդ դեպքում հարց կառաջանա, թե նա ինչու՞ է խոսում այդ մասին: Այդ հարցի պատասխանն էլ Բաքվի արձագանքի մեջ է: Ադրբեջանի ԱԳՆ-ն Կլաարին մեղադրել է, որ իր «կողմնապահ» դիրքորոշմամբ վարկաբեկում է կառույցը, որը ներկայացնում է, ցույց տալով, որ այդ կառույցը չի կարող լինել անաչառ միջնորդ:

Ըստ էության, Տոյվո Կլաարը չի արել որեւէ կողմնապահ դիրքորոշում, այլ պարզապես ամորֆ ու վերացական հայտարարությամբ եւ «խորհրդով» կամ կարծիքով, փոխանցում է կատարել Բաքվին, տալով առիթ Եվրամիությանը մեղադրել կողմնապահության համար եւ այդ կերպ հրաժարվել նույն այդ Եվրամիության հովանու ներքո կայացած բանակցային գործընթացում իր ստանձնած պարտավորություններից:

Այն դեպքում, երբ Հայաստանից ըստ էության ստացել է առավելագույնը: Այդպիսով, ԵՄ հատուկ ներկայացուցչի կարգավիճակը օգոստոսի 31-ին թողնող Տոյվո Կլաարը իր հայտարարությամբ գործնականում ծառայություն է մատուցել Ադրբեջանին, այլ ոչ թե բարձրացրել արցախահայության վերադարձի իրավունքը:

Որովհետեւ, վերադարձի իրավունքը ինքնին ենթադրում է անվտանգության եւ այլ իրավունքների մի մեծ փաթեթ, որ քննարկվել է նույն բրյուսելյան ձեւաչափում, մինչդեռ Կլաարը այժմ արցախահայությանը պարզապես ցույց է տալիս Բաքվի դուռը, հիանալի իմանալով, թե ինչ կա այդ դռան հետեւում: