Բաքվում նախ ադրբեջանցի պաշտոնակից Ուոսուպովի, ապա նախագահ Ալիևի հետ բանակցություններից հետո ՌԴ ԱԽ քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Շոյգուն լրագրողներին ասել է, որ քննարկվել է հարցերի ամենալայն շրջանակ, առաջին հերթին՝ Հարավային Կովկասի անվտանգությունը:
«Դա Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրն է, որի տասերորդ խմբագրումը փոխանցվել է Երևանին և, իհարկե, այդ գործընթացին Արևմուտքի միջամտության շատ ակտիվ փորձերը», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Շոյգուն:
Ասվածից տպավորություն է ստեղծվում, թե «խաղաղության պայմանագիր» պետք է ստորագրեն Ռուսաստանը և Հայաստանը, Բաքուն միայն «փոստատարի» դեր ունի, Մոսկվայում խմբագրված տարբերակները փոխանցում է Երևանին, Հայաստանի պատասխան առաջարկությունները՝ Ռուսաստանին: Շոյգուն նաև ասել է, որ Ռուսաստանն աջակցում է «Իլհամ Հեյդարովիչ Ալիևի առաջարկած՝ բանակցությունների 3+3 ձևաչափին, և իրենք քննարկել են այդ թեման»:
Ըստ Շոյգուի, այդ ձևաչափը պետք է օգտագործել ոչ միայն հայ-ադրբեջանական կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման համար: «Թուրան» գործակալության գնահատմամբ՝ Շոյգուի այցից հետևում է, որ քննարկված բոլոր հարցերն ուղղված են նրան, որպեսզի խնդիրները լուծվեն առանց Արևմուտքի մասնակցության:
Դրանով է բացատրվում, որ Շոյգուն Երևան չի այցելել, Հայաստանի իշխանության հետ քննարկումներ չի ունեցել, քանի որ «այնտեղ բոլոր հարցերը նախընտրում են լուծել ոչ թե Ռուսաստանի, այլ՝ Արևմուտքի հետ»:
Շոյգուի Բաքու այցը և Ալիևի հետ բանակցությունների էության նրա կողմից բացահայտումը փաստացի Հայաստանին ներկայացված վերջնագիր է: Թեհրան և Բաքու ուղևորության ընթացքում Շոյգուի պատվիրակության կազմում ընդգրկված է եղել ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը, որը վերջին ամիսներին մի քանի անգամ Հայաստանի հասցեին բաց սպառնալիքներ է հնչեցրել:
Իրավիճակի ինտրիգը նրանում է, որ ժամանակն անցնում է, Ռուսաստանին Ուկրաինայում չի հաջողվում որևէ ուղղությամբ «բլից-կրիգ» իրականացնել, մարտերը հիմնականում դիրքային են, և կողմերը ծանր կորուստներ են կրում:
Մոսկվայում, որքանով հասկացվում է փորձագետների հնչեցրած տեսակետներից, դադարել են հավատալ, որ Թրամփի նախագահ ընտրվելու դեպքում Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային աջակցությունը կամ ՆԱՏՕ-ն կտրոհվի:
Այս իրավիճակում Ռուսաստանին Իրան-Իսրայել լայնածավալ բախումը լիովին ձեռնտու կլիներ: Շոյգուի Բաքվում արված բացահայտումներից կարելի է ենթադրել, որ Թեհրանում նրան «հիասթափեցրել են»:
Շոյգուն ըստ էության Արևմուտքի հետ դիմակայության անոնս է արել: Շարունակաբար պնդելով իր դեմ «երկրորդ ճակատ բացելու» Արևմուտքի ծրագրերից, Մոսկվան, կարծես, ինքն է ձգտում ԱՄՆ-ին ներքաշել զինված առճակատման մեջ:
Ի՞նչ դիրքորոշում ունի Թուրքիան: Ադրբեջանի հավանական քայլերը շատ զգալի մասով կախված են Էրդողանից:
Շոյգուն Ալիևին խոստացել է ռազմա-տեխնոլոգիական նոր համագործակցություն: Ի՞նչ որակի նոր սպառազինությունների մասին է խոսքը: Մոսկվան Ալիևին Հայաստանի դեմ է պատերազմի դրդում, թե ավելի նշանակալի դերակատարության մղու՞մ:
Ամեն դեպքում Ալիև-Շոյգու բանակցությունների մասին տեղեկատվությունը խորքային ենթատեքստեր ունի: Որքանո՞վ են առարկայական Հայաստանի անվտանգության արևմտյան երաշխիքները:
Ռուսաստանը, հավանաբար, մտահոգված է Իրանի և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հեռանկարից:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հեռանկարի տեսանկյունը