16/09/2024

ՌԴ նախագահը ռազմա-քաղաքական «առաջնագիծ» է դուրս բերում իր «ժառանգորդին»

ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետի խորհրդական Ալյոխինը իր տելեգրամյան ալիքում գրել է, որ մարզում ստեղծված իրավիճակի եւ հայտարարված հակաահաբեչական օպերացիայի համակարգումը կիրականացնի ՌԴ նախագահ Պուտինի խորհրդական Ալեքսեյ Դյումինը:

Ըստ Ալյոխինի, ուժային բլոկի եւ մնացյալ բոլոր գերատեսչությունների գործողությունները կլինեն նրա համակարգման ներքո: Նա հիշեցրել է, որ Դյումինը ծնունդով Կուրսկի մարզից է եւ նրա համար նաեւ պատվի հարց է ծննդավայրը պաշտպանելը: Իհարկե այստեղ պատվի հարցից զատ, կան բավականին ուշագրավ հարցեր, որոնք առնչվում են ռազմա-քաղաքականությանը: Ալեքսեյ Դյումինը Պուտինի օգնականն է:

Այդ պաշտոնին նշանակվել է 2024 թվականի մայիսին՝ Պուտինի վերընտրությունից հետո: Այդ ժամանակ հայտարարվեց, որ նոր պաշտոնում Դյումինը համակարգելու է ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ սպորտը: Մինչ նախագահի օգնական նշանակվելը, Դյումինը եղել է Տուլայի նահանգապետ:

Առավել հետաքրքրականն այն է, որ մինչ այդ Դյումինը եղել է ՌԴ նախագահի անվտանգության ծառայությունում, որից հետո նա եղել է Ռուսաստանի գլխավոր ռազմական հետախուզության պետի տեղակալ, եւ ըստ ռուսական ԶԼՄ-ների առանցքային դեր է ունեցել Ղրիմի օպերացիայում: 2017 թվականին արդեն Տուլայի նահանգապետ Դյումինը դիտվում էր ՌԴ նախագահ Պուտինի հնարավոր ժառանգորդներից մեկը:

Անկասկած է, որ Դյումինը ՌԴ իշխանական վերնախավում, Պուտինի մերձջավոր շրջապատում առանցքային դեմքերից մեկն է, հետեւաբար Կուրսկում ուկրաինական ճեղքումից հետո ստեղծված իրավիճակում հակաահաբեկչական գործողությունը համակարգողի կարգավիճակը ստանում է ուշագրավ երանգավորում:

Հաշվի առնելով իրավիճակի տեղեկատվական աղմուկի ուժգնությունը, եթե Դյումինը կարողանում է ապահովել համեմատաբար շոշափելի դինամիկայով դրական արդյունք, ապա մեծ հավանականությամբ, համեմատաբար երիտասարդ սերնդի գործիչ Դյումինը այդպիսով մեծ քայլ կանի ՌԴ վերնախավում դիրքերի ամրապնդման հարցում, եւ հնարավոր է նաեւ հենց «ժառանգորդի» կարգավիճակի հարցում:

Տվյալ պարագայում հարցն այն չէ, որ վաղը կամ մյուս օրն է պետք լինելու այդ «ժառանգը»: Ինքնին «ժառանգորդը» դա քաղաքական կարգավիճակ է, ներիշխանական կարգավիճակ, որը արդեն իսկ ենթադրում է ուժերի նոր հարաբերակցություն: Այդպիսով, առնվազն նկատելի է, որ իրավիճակը Կուրսկում կարող է բերել ՌԴ ներիշխանական համակարգում ուժերի նոր հարաբերակցության, եթե իհարկե Դյումինին հաջողվի ցույց տալ արդյունք:

Մյուս կողմմից, անարդյունավետությունն էլ կբերի ուժերի հարաբերակցության փոփոխության, պարզապես այլ տրամաբանությամբ: Փաստացի, ՌԴ նախագահը ռազմա-քաղաքական «առաջնագիծ» է դուրս բերում իր «ժառանգորդին», կամ համենայն դեպս իր համար ամենավստահելի մարդկանցից մեկին: Դա ծայրահե՞ղ քայլ է, թե՞ «պլանային»: Սա հարց է: