«Ինչպե՞ս կարելի է ագրեսորին դաշնակից, ընկեր, եղբայր անվանել: Դա ինչպե՞ս է համատեղվում պաշտոնական Բաքվի քաղաքականությանը, որ նեոգաղութականության դեմ անողոք պայքարի կոչ է անում: Թե դա Ռուսաստանին չի՞ վերաբերում? Ու՞մ տարածքային ամբողջականությունն է Ադրբեջանը ճանաչում՝ միջազգային սահմաններով Ուկրաինայի՞, թե ուկրաինական տարածքներն անեքսիայի ենթարկավ Ռուսաստանի՞: Երկու աթոռի վրա նստելու ցանկությունը մեծ է: Բայց չպետք է մոռանալ, որ երբեմն կտրվում է այնտեղ, որտեղ բարակ է»՝ Պուտին-Ալիեւ հայտարարությունն այսպես է գնահատել ադրբեջանցի քաղվերլուծաբան Միրկադիրովը:
«Մարդիկ Ալիեւից ապահովագրված չեն նույնիսկ Ցյուրիխում, ուստի Միրկադիրովն ընտրել է այլասացությունը, բայց «ինչպե՞ս կարելի է ագրեսորին դաշնակից, ընկեր, եղբայր անվանել» հարցադրման ենթատեքստում քաղաքական լուրջ խնդիր կա»:
Բանն այն է, որ պետական անկախության վերականգնման մասին Ադրբեջանի 1991 թ. հոկտեմբերի 18-ի ակտով Ռուսաստանը ճանաչված է օկուպանտ, իսկ ԽՍՀՄ կազմում Ադրբեջանի ԽՍՀ գոյությունը՝ գաղութացում: Որքանո՞վ է իրողությանը համապատասխանում ձևակերպումը, որ Ռուսաստանը 1806-1828թվականներին և 1918-ի ապրիլի 28-ին օկուպացրել է Ադրբեջանը, նրա տարածքը ենթարկել անեքսիայի, էական է միայն պատմական բանավեճի տիրույթում: Իրավա-քաղաքական առումով դա պետք է կազմի ռուս-ադրբեջանական միջպետական հարաբերությունների հիմքը: Ադրբեջանում 1989-91թվականների քաղաքական շարժման առանցքում դրված է եղել ռուսական գաղութատիրությունից ազատվելու, անկախ և բացառապես թուրքական կողմնորոշման պետություն ստեղծելու գաղափարը:
Օգոստոսի 19-ին Վլադիմիր Պուտինը ծնկել է ոչ թե Ադրբեջանի նախկին նախագահ, այլ՝ ԿԳԲ-ի գեներալ-լեյտենանտ, ԽՄԿԿ Քաբյուրոյի անդամ, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Հեյդար Ալիեւի հիշատակի առջեւ, մարդու, որ ավելի քան մեկ տասնամյակ խորհրդային արտաքին հետախուզության ռեզիդենտն է եղել Մերձավոր Արեւելքում:
Մենք ԽՍՀՄ-ի, Հարավային Կովկասի երեք միութենական հանրապետությունների քաղաքական պատմությունը վատ գիտենք, այլապես ոչ ոք չէր բարձրաձայնի, որ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը հասունացել է քառասունչորսօրյա պատերազմից հետո, որովհետեւ ստույգ է, որ Ջեբրայիլ-Նախիջեւան ավտոմայրուղու կառուցման նախագիծը հաստատվել է, երբ Հեյդար Ալիեւը միութենական կառավարության առաջին փոխվարչապետն էր:
Ի՞նչ է ակնարկում Միրկադիրովը, երբ ասում է, որ դժվար է երկու աթոռի վրա նստել, որտեղ «բարակ է, այնտեղ էլ կարող է կտրվել»: Նկատի ունի, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ «եղբայր խաղալու» Իլհամ Ալիեւի ռեսուրսը մեծ չէ՞, կանխատեսում է ռուս-թուրքական սուր հակասություննե՞ր, որ Ադրբեջանին կկանգնեցնեն ճակատագրական որոշման առջեւ: Կարելի է մի ամբողջ շարք հռետորական հարցադրումներ անել:
Խնդիրն այն է, որ նա ներկայացնում է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության նկատմամբ ադրբեջանական հանրային, այսպես ասած՝ «միջին-վիճակագրական» վերաբերմունքը:
Բայց դա «մխիթարություն» չէ, քանի դեռ մենք չգիտենք՝ այդ ռազմավարական համագործակցության սահմանը ո՞րն է: Վլադիմիր Պուտինի «տրոցկիզմը» Հարավային Կովկասի եւ սահմանակից երկրների «ինտեգրացիայի» ի՞նչ «խճանկար» է ընդգրկում:
Կարո՞ղ ենք հասկանալ, կռահել, կանխատեսել: Էմոցիոնալ արձագանքները զրո նշանակություն ունեն, որովհետև քաղաքականությունը սառը «խորտիկ» է:
Պուտինի պատվին պաշտոնական ընդունելությանը մատուցվել է «փուռը տված նոխազ»: Եթե ազգային ավանդույթներով առաջնորդվեին՝ Ռուսաստանի նախագահի սեղանին պետք է «չոբանբուղլամա» դրվեր: Խորհրդանշակա՞ն է:
Իսկ խորհրդանշական չէ՞, որ ութսունամյա Փոլադ Բյուլբյուլ-օղլին Պուտինի համար երգել է «Подмосковные вечера», հընթացս փոխելով մեկ բառ. «Как мне дороги ленинградские вечера»: Ոչ թե գոնե «петербиргские», այլ հատկապես «ленинградские»: Բյուլբյուլ-օղլին Միլլի մեջլիսի պատգամավորության թեկնածու է «Շուշիի ընտրատարածքից»: Իսկ Միրկադիրովի հարցադրումները Բաքվում չեն հնչի: Կխոսեն խոհանոցներում: Բայց որտեղ եւ երբ կկտրվի «բարակը»՝ մեր խնդիրը չէ: Պուտին-Ալիեւ համատեղ հայտարարությունը փաստում է, որ կողմերը նոր աշխարհակարգում բաժանարար գծերը չեն ընդունում: Հայաստանի սուվերենության սահմանը բաժանարար գի՞ծ է:
Պուտինի՝ Բաքու կատարած այցին զուգահեռ, տարածվվեց Եվրահանձնաժողովի խոսնակի հայտարարությունը, որ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին մինչեւ Կլիմայի գագաթնաժողովը, որը կայանալու է Բաքվում, Հայաստանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր:
Հնարավոր չէ ասել, թե կա՞ արդյոք Եվրահանձնաժողովի խոսնակի այդ կոչի եւ Պուտինի այցի միջեւ որեւէ կապ, որը դարձել է ժամանակագրական զուգորդման պատճառ, սակայն ինքնին այդ ժամանակագրությունը հետաքրքիր է: Պուտինը Բաքվում հայտնում է հայ-ադրբեջանական խաղաղությանը նպաստելու պատրաստակամություն, ինչը սակայն ավելի շատ հնչում է իբրեւ այդ գործընթացը պարզապես արեւմտյան մոդերատորությունից ռուսական մոդերատորության դաշտ տեղափոխելու հայտ:
Դրան զուգահեռ, Եվրահանձնաժողովից հնչում է կոչ Ալիեւին՝ ստորագրել խաղաղության պայմանագիրը, օգտագործել Կլիմայի գագաթնաժողովի պահն ու գնալ այդպիսի քայլի: Հնչում է՝ «չգնալ ռուսական մոդերատորության»: Տպավորություն է սակայն, որ իրավիճակը խորքում շատ ավելի «լայնաշերտ» է: Դա չի նշանակում անշուշտ, որ չկա մոդերատորության համար մրցակցություն: Սակայն, պետք չէ անուշադրության կամ մոռացության մատնել հանգամանքը, որ Պուտինի այցը տեղի է ունենում Կուրսկի մարզում իրավիճակի ֆոնին: Ավելին, Պուտինի այցի մասին խոսվել է հենց այդ իրավիճակը ձեւավորվելուց հետո:
Իսկ Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակում գոնե առայժմ կա մի ըստ էության առանցքային հանգամանք՝ դեպի Եվրոպա ռուսական գազաբաշխիչ մեծ կայանի գրավումը: Ուկրաինական զինուժը գրավել է այն, սակայն որեւէ քայլ չի արել դրա գործունեության ռեժիմը փոխելու, այլ կերպ ասած՝ ռուսական գազի ընթացքը դեպի Եվրոպա կանգնեցնելու համար: Ավելին, Կուրսկի ուղղությամբ գրոհն ու գազաբաշխիչ կայանի գրավումը թանկացրել են գազը Եվրոպայում, եւ ըստ եվրոպական մամուլի՝ ավելացրել Ռուսաստանի եկամուտները: Այդ իրավիճակին զուգահեռ էլ, Գերմանիան Հյուսիսային հոսք գազատարի պայթյունի գործի քննությունը տանում է դեպի Ուկրաինա, դեպի պաշտոնական Կիեւ:
Դեկտեմբերի 31-ին սպառվում է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագիրը: Մինչ այժմ այդ պայմանագիրը գործել է ըստ էության ժամացույցի ճշգրտությամբ, չնայած պատերազմին: Սակայն, պետք է համաձայնել, որ փոքր ինչ տարօրինակ կլինի, եթե Ուկրաինան Ռուսաստանի հետ պայմանավորվի շարունակել պայմանագիրը, այսինքն թարմացնել այն: Մինչդեռ, Գերմանիան, ըստ այդ երկրի հեղինակավոր մամուլի, կողմնակից է, որ շարունակվի մատակարարումը, քանի որ չնայած տեսակարար կշռում դա ընդամենը 6-7 տոկոսն է, բայց այսօր Եվրոպան պատրաստ չէ հրաժարվել գազի այդ չափից, այն էլ ձմռանը:
Այդտեղ ի հայտ է գալիս Բլումբերգի տեղեկությունը, որ քննարկվում է ադրբեջանական գազի տարբերակը՝ ռուսական խողովակով ադրբեջանական գազ դեպի Ուկրաինա, հետո Եվրոպա: Սա կարող է լինել տարբերակ, երբ կգոհացնի գործնականում բոլորին: Ձմեռնամուտին Եվրահանձնաժողովին հազիվ թե գազի խնդիրը գործնականում ավելի հետաքրքրի, քան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը, առավել եւս, որ միայն ոզնուն թերեւս պարզ չլինի, որ չկա այդպիսի գործնական համաձայնագրի ստորագրման իրական հնարավորություն:
Բաց մի թողեք
Ադրբեջանը պատրաստվում է ստորագրված կանոնակարգի տապալմա՞ն
Կազանյան «տրիումֆ» չի լինի, իսկ «բաժանում» միանգամայն հնարավոր է
Օգտագործել այդ հանգամանքը՝ հայ-ֆրանսիական հարաբերությունը զարգացնելու համար