Պուտինը Բաքվում հայտարարել է, որ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունից եւ Ադրբեջան այցից հետո կկապվի եւ արդյունքի մասին կհայտնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ալիեւի հետ հանդիպանը խոսելով Հայաստան-Ադրբեջան կարգավորման մասին, Պուտինը հայտարարել է, որ չնայած Ռուսաստանն էլ բախվում է ճգնաժամերի, մասնավորապես ուկրաինական ուղղությամբ, այդուհանդերձ պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում անհրաժեշտ է դարձնում մասնակցությունը ռեգիոնում ծավալվող գործընթացներին:
Պուտինը հայտնել է, թե Ռուսաստանն ուրախ կլիներ աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարցերի կարգավորմանն ու խաղաղությանը, եթե իհարկե կողմերը տեսնեն դրա անհրաժեշտությունը: ՌԴ նախագահի ակնարկը թերեւս այն է, որ, չնայած ուկրաինական ուղղությամբ խնդիրներին, Ռուսաստանը իր համար կեսնական է դիտում նաեւ Հարավային Կովկասը եւ ուկրաինական ուղղությամբ տեղի ունեցողը չի նվազեցնի «պատմական» հետաքրքրությունը Կովկասի հանդեպ:
Արդյո՞ք սա ակնարկ էր Ալիեւին, որ նա չփորձի օգտվել Կուրսկի մարզում առաջացած իրավիճակից եւ Կովկասում անել քայլեր, թե՞ ակնարկ է Արեւմուտքին, միարժեք ասելն իհարկե բարդ է:
Սակայն, թերեւս փաստ է, որ Պուտինի հայտարարության գլխավոր հաղորդագրությունն այն է, որ ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի համար ոչ միայն չի նվազեցնում Կովկասի նշանակությունը, այլ առաջացնում է «ներգրավվածության անհրաժեշտություն»: Այստեղ իհարկե ստույգ գնահատականի համար, թե Մոսկվան ինչպես է պատկերացնում այդ ներգրավվածությունը, պետք է տիրապետել Ալիեւի հետ Պուտինի բանակցության դետալներին: Պուտինը հայտարարում է, որ դրանց մասին կպատմի Նիկոլ Փաշինյանին:
Նախ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է պատմելու՝ հեռախոսո՞վ, թե՞ նախատեսվում է որեւէ վիզուալ հանդիպում: Ենթադրվում է, որ խոսքը կարող է վերաբերել բավականին մոտ ապագայում շփման մասին, այլապես հազիվ թե Բաքու այցի մանրամասները Պուտինը Փաշինյանին հայտնի շաբաթներ անց:
Այստեղ «ինտրիգն» այն է, թե այդ մանրամասներն ի՞նչ առաջարկ են պարունակելու: Պուտինը խոսել է սահմանազատման եւ սահմանագծման մասին, ճանապարհների ապաշրջափակման մասին, խաղաղության պայմանագրի մասին, բայց սրանք ընդհանուր գնահատականներ են եւ պետք է հասկանալ, թե արդյո՞ք Մոսկվան ունի կոնկրետ առաջարկ, որն առաջինը քննարկել է Ալիեւի հետ:
Եվ արդյոք այն, որ առաջարկն առաջինը քննարկվել է Ալիեւի հետ, ենթադրում է, որ դրանում կան «նորարարություններ», որոնք տարբեր են Բաքվի՝ մինչ այժմ եղած մոտեցումներից, ու ըստ այդմ ենթադրում են համաձայնեցում Ադրբեջանի հետ, որից հետո էլ՝ ներկայացում Հայաստանին:
Իհարկե հնարավոր է անել տարբեր մտավարժանքներ, իրավիճակի բարդ ու խրթին բնույթն ու միջազգային իրադրությունը տալիս են դրա մեծ դաշտ: Բաքու Պուտինի այցը թույլ է տալիս մտածել, որ Մոսկվան փորձում է ստանձնել նախաձեռնություն, սակայն միարժեք չէ՝ պրոցեսը այսպես ասած սառեցնելո՞ւ միտումով՝ իր համար առավել կարեւոր ու ռազմավարական դիտարկվող Հյուսիս-հարավ նախագիծն առաջ մղելու համար, թե՞ հակառակը՝ այդ նախագծի հարցում Բաքվից համաձայնություններ ստանալու դիմաց Հայաստան – Ադրբեջան գործընթացը առաջ մղելու միտումով:
Բաց մի թողեք
COP 29-ի գործնական անհաջողություններից ի՞նչ հետևություններ է անելու Իլհամ Ալիևը
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կզիջե՞ն դիրքերը, թե՞ Մեծ Բրիտանիայի միջոցով կհավասարակշռեն ազդեցության ոլորտները
Եվրոպական կառույցները «կրակը կուղղե՞ն Ալիևի վրա»