16/09/2024

Ռուսաստանը փորձում է ձեւավորել Ադրբեջանի շահերի այլ միջավայր, որտեղ կլինի հնարավորինս նվազ Թուրքիա

Այն ժամանակահատվածում, երբ Պուտինը Բաքվում բանակցում էր Ալիեւի հետ, Մոսկվայում ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը հանդիպում է ունեցել Թուրքիայի դեսպանի հետ, դեսպանի խնդրանքով:

Ինչպես այդ հանդիպման մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն, Գալուզինը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է ուկրաինական թեման եւ կոչ է արել Անկարային «հրաժարվել հավաքական Արեւմուտքի ապակառուցողական քաղաքականությանը մասնակցելուց», սպառազինություն չմատակարարել Ուկրաինա:

Անշուշտ բավականին ուշագրավ կոնտրաստ է՝ Բաքվում Ալիեւի հետ Պուտինի ջերմ հանդիպումն ու գրեթե ծնկաչոք խոնարհումը Հեյդար Ալիեւի հուշարձանին, իսկ Մոսկվայում փոխարտգործնախարարի հորդորը Թուրքիային՝ չլինել ապակառուցողական եւ չմասնակցել արեւմտյան քաղաքականությանը:

Այս կոնտրաստը լավագույնս բացատրում է հեռախոսազանգը, որ Պուտինի այցից առաջ Էրդողանը ունեցել էր Ալիեւի հետ: Էրդողանն էլ ըստ ամենայնի Ալիեւին է հորդորել «չմասնակցել Ռուսաստանի քաղաքականությանը»:

Ռուսաստանը նկատելիորեն փորձում է բաժանել Ադրբեջանին ու Թուրքիային, միայն այդ կերպ դիտարկելով իր կովկասյան կենսունակության հնարավորությունը: Ըստ էության, այստեղ է ռուս-ադրբեջանական այն դաշնակցության «մեխը», որի մասին թուղթը Պուտինն ու Ալիեւը ստորագրել են 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինայի վրա ՌԴ գրոհից երկու օր առաջ: Բնականաբար, խոսքն այն մասին չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան դադարելու են կապված լինել Շուշիի հռչակագրով եւ այլ փաստաթղթերով:

Բայց, փաստաթղթերը, հռչակագրերը կենսունակ եւ գործուն են, եթե ապահովվում են տնտեսա-քաղաքական եւ ռազմա-քաղաքական կոմունիկացիոն հնարավորություններով, ուղեկցվելով ընդհանուր հետաքրքրություններով եւ շահերով: Ռուսաստանը փորձում է ձեւավորել Ադրբեջանի շահերի այլ միջավայր, որտեղ կլինի հնարավորինս նվազ Թուրքիա:

Սա իհարկե բարդ խնդիր է Մոսկվայի համար: Ավելին, սա նույնիսկ առավել բարդ խնդիր է, քան պատերազմն Ուկրաինայում: Բայց, այդ խնդիրը Ռուսաստանի համար պակաս կարեւոր չէ, եթե չասենք՝ առավել կարեւոր, առանց որի արդյունավետ լուծման, Մոսկվան ռազմավարական քիչ խնդիրներ կլուծի անգամ Ուկրաինայում աներկբա հաղթանակի պարագայում: