13/12/2024

«Խաղաղության COP»

Երեկ Ադրբեջանը կրկին խոսեց Բաքվում կայանալիք COP 29 համաժողովին Հայաստանի մասնակցության մասին։ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, COP 29-ի գործադիր տնօրեն Էլնուր Սուլթանովն ասել էր, թե 50 պետության ղեկավար հաստատել է մասնակցությունը, ակնկալում են, որ Հայաստանն էլ կմասնակցի։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ավելի վաղ ԱԳ նախարարի անունով պաշտոնական հրավեր էր եկել։ ՀՀ իշխանությունն առայժմ լռում է` չարձագանքելով հրավերին։ Կառավարությունից մեզ փոխանցել էին, թե Նիկոլ Փաշինյանն այս հարցին կանդրադառնա արձակուրդից հետո հրավիրվելիք ասուլիսին։

Հասարակության սուր արձագանքի՞ց են զգուշանում, թե՞ Հայաստանի մասնակցության գինը դեռ որոշված չէ։ COP 29-ի նախապատրաստական փուլն անցնում է Ադրբեջանին ուղղված միջազգային ճնշումների ներքո։

Մի կողմից, տարբեր գործիչներ ու բնապահպանական կազմակերպություններ կոչ են անում բոյկոտել Բաքվի համաժողովը՝ մարդու իրավունքների խայտառակ խախտումների, էկոլոգիական խնդիրների եւ հայ գերիների պատճառով։ Մյուս կողմից, Արեւմուտքը մեծացնում է ճնշումը՝ մինչեւ համաժողովը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցում։

«Ադրբեջանը պետք է օգտագործի COP 29-ի հնարավորությունը՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,- ասել էր Եվրահանձնաժողովի խոսնակը: Բաքուն այն անվանում է «Խաղաղության COP»` այն դեպքում, որ այն կայանալու է Արցախում էթնիկ զտումներից 1 տարի անց։