Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կեղծ է որակել «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորման քաղաքական դրդապատճառների վերաբերյալ լուրերը։
«Ես այստեղ կեղծ տեղեկություններ եմ ընթերցում Ֆրանսիայի վերաբերյալ՝ Պավել Դուրովի ձերբակալությունից հետո։ Դա Ֆրանսիայի տարածքում տեղի է ունեցել շարունակվող իրավական հետաքննության շրջանակում։ Այն ոչ մի կերպ քաղաքական որոշում չէ. դա դատավորների որոշելիքն է»,- X-ի իր միկրոբլոկում գրել է Մակրոնը։
Դուրովը բերման է ենթարկվել Լե Բուրժե օդանավակայանում օգոստոսի 24-ի երեկոյան։ Դա տեղի է ունեցել մասնավոր ինքնաթիռից իջնելիս, որն իբր ժամանել է Ադրբեջանից։ Ըստ ֆրանսիական մամուլի՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, եղել է երկրում հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում։
Ֆրանսիական դատարանը օգոստոսի 25-ին 48 ժամով երկարացրել է «Տելեգրամ»-ի 39-ամյա հիմնադիր Պավել Դուրովի կալանքի ժամկետը, հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով AFR-ին։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Դուրովին ձերբակալելու հրաման է տրվել խարդախության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբերհարձակման, կազմակերպված հանցավորության, երեխաների դեմ հանցագործությունների և ահաբեկչական քարոզչության գործերով նախաքննության շրջանակներում։
Բաց մի թողեք
15 միլիարդ դոլարի դատական հայց. Թրամփն ընդդեմ The New York Times-ի
Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի բիզնեսմեն. ինչն է պատճառը. Լուսանկար
«Թրամփը բավականաչափ ուժ ունի՝ Պուտինին ստիպելու վախենալ իրենից». Զելենսկու ակնկալիքները ԱՄՆ նախագահից