16/09/2024

Զախարովան տրորեց Արցախում ռուս խաղաղապահների դիերը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով հարցին, թե Ռուսաստանն ինչպես է տեսնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձը, այսպես ասած հարցին հարցով է պատասխանել, թե՝ իսկ ինչպես է տեսնում այդ հարցը Նիկոլ Փաշինյանը:

Զախարովան նշել է, թե իրենք տեսել են այդ առնչությամբ Ադրբեջանի ներկայացրած ծրագիր, սակայն չեն տեսել Հայաստանի մոտեցումը: Զախարովան ըստ ամենայնի ակնարկում է այն, որ Հայաստանը չի հայտնել ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» պատրաստակամություն: Երբ նա նշում է, թե տեսել են Ադրբեջանի պատկերացումը, ապա մնում է եզրակացնել, որ ակնարկը հենց «հայելայնության» մասին է, քանի որ բավականին ակնառու է, որ Բաքուն արցախահայության վերադարձի առումով խնդիրը դիտարկում է հայելային:

Ադրբեջանն ասում է, որ ադրբեջանցիներն էլ պետք է վերադառնան Հայաստան, նրանք, որոնք հեռացել են 1990-ականների սկզբին: Ռդ ԱԳՆ խոսնակը ըստ երեւույթին ակնարկում է, որ Հայաստանը չի ընդունում այդպիսի հարցադրում, հետեւաբար փակ է արցախահայության վերադարձի հարցը: Սա իհարկե մանիպուլյատիվ դիրքորոշում է, եթե դա է դիրքորոշումը: Մանիպուլյացիան իհարկե ՌԴ ԱԳՆ-ին եւ նրա խոսնակին մեղմ ասած խորթ երեւույթ չէ: Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, ապա չեն կարող արցախահայության եւ ադրբեջանցիների վերադարձի հարցերը լինել հայելային, որովհետեւ արմատապես տարբեր է դրանց բովանդակությունն ու բնույթը:

Ադրբեջանցիները, որ ԽՍՀՄ տարիներին բնակվել են Հայաստանում, հեռացել են առանց որեւէ պարտադրանքի կամ բռնության, նրանց կյանքին, առողջությանը, գույքին չի սպառնացել որեւէ վնաս: Նրանք հեռացել են իրենց գույքը հանգիստ տնօրինելով՝ վաճառելով, կամ փոխանակելով Ադրբեջանից՝ արդեն իրապես փախչող հայերից շատերի հետ: Ավելին, Խորհրդային Հայաստանի կառավարությունը նույնիսկ սահմանել է հեռացող ադրբեջանցիների գույքի փոխհատւցում, եւ, ցանկության դեպքում նրանք կարող էին օգտվել այդ հնարավորությունից:

Պատկերը բացարձակապես այլ է ոչ միայն Արցախը հարկադրաբար լքած բնակչության, այլ նաեւ դեռեւս 1990-ականներին բռնությունների եւ հետապնդումների հետեւանքով Ադրբեջանի տարբեր քաղաքներից փախստական դարձած հայերի համար: Այն, որ Զախարովան չի տեսել Արցախում «էթնիկ զտման» գնահատականներ, իհարկե իրավացի է, եւ պարզ է, որ դա քաղաքականությունն է, որին այսօր տուրք են տալիս բոլոր ուժային կենտրոնները:

Բայց, Զախարովան չի տեսել նաեւ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա ադրբեջանական գրոհի հետեւանքով մաղված ռուս խաղաղապահների մեքենա՞ն, եւ խաղաղապահներից 4-ի դի՞երը: Թե նրանք զոհվել են ադրբեջանական երգ ու պարի, այլ ոչ թե Արցախի դեմ լայնածավալ գրոհի հետեւանքով: Երբ Արցախում պաշտպանված չի եղել միջուկային գերտերություն Ռուսաստանի զինվորի կյանքը, ինչպե՞ս կարող էր իրեն ապահով ու պաշտպանված զգալ արցախցին, որը ադրբեջանական լայնածավալ գրոհից հետո ստիպված է եղել տեղահանվել Հայաստան, ընդ որում հաշված օրերի ընթացքում: Հետեւաբար, ինչպե՞ս է հնարավոր վերադարձիի հարցը դիտարկել հայելային:

Սակայն, հարկ է նկատել, որ Ադրբեջանին կարծես թե առնվազն հաջողվել է ամրագրել այդ մոտեցումը, ինչի երկու վկայություն եղել է դեռեւս 2023 թվականին: Մայիսի 1-4-ին Վաշինգտոնում բանակցության առաջին օրը Կովկասի հարցերի գլխավոր բանակցող Բոնոն հայտարարել էր մամուլին, որ սեղանին է նաեւ երկու երկրներում «էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության» հարցը, ինչը ակնհայտորեն նշանակում էր նաեւ ադրբեջանցիների հարց, իսկ հուլիսի 25-ին Մոսկվայում արտգործնախխարարների եռակողմ հանդիպման առնչությամբ արդեն առավել բաց ու հստակ տեքստով էր նշվում, որ քննարկված հարցերի շարքում է ադրբեջանցիների այսպես կոչված «վերադարձի» հարցը:

Սա անշուշտ ծուղակ է Երեւանի համար՝ հայելայնությունը, քանի որ այն ըստ էության չի տալու Արցախի հայության վերադարձի աներկբա իրավունքի իրացման իրատեսական հնարավորություն, փոխարենը հնարավորություն է տալու Ադրբեջանին առաջ մղել ադրբեջանցիների այսպես ասած «վերադարձի» արհեստական հարցը, ըստ էության Հայաստանում ստեղծելով «քաղաքական ականապատ» դաշտեր: