08/09/2024

Հայտնի են դարձել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են դարձել Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։

Այս մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Մազահիր Փանահովը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշել է, որ ընտրատարածքներում արդեն իսկ պարզվել են առաջատար թեկնածուները և հրապարակվել է նրանց ցուցակը:

Ադրբեջանի իշխող կուսակցության՝ «Ենի Ազերբայջանի» («Նոր Ադրբեջան») ներկայացուցիչները մեծամասնություն են ստացել 7-րդ գումարման խորհրդարանում:

Նոր գումարման խորհրդարան է անցել նաև անկախ թեկնածու Փոլադ Բյուլբյուլօղլուն, ով ներկայումս զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։

Երկրում ընտրելու իրավունք ունի 6 միլիոն 421 հազար 960 քաղաքացի: Խորհրդարանի 125 տեղի համար պայքարում էր 990 թեկնածու։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված քվեարկության գործընթացում ընտրողների ակտիվության մասին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ ընտրողների մասնակցությունը հանրապետությունում կազմել է 37,27 տոկոս։

Ընտրությունները կայացած են համարվում՝ անկախ մասնակցության թվից:

Հիշեցնենք՝ Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ անցկացվել են առանց ԵԽԽՎ-ի մասնակցության և երկրում մամուլի և իշխանության քննադատների աննախադեպ հետապնդումների ֆոնին։