08/09/2024

Հայաստանը կկարողանա՞ խուսափել սիրիականացումից

Ռեջեբ Թայփ Էրդողանը ռազմածովային ակադեմիայի շրջանավարտների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան չորս հարյուր տարի իշխել է Իրաքում, Իրանում, Սիրիայում և Պաղեստինում:

«Նրանք, ովքեր քննադատում են Իրաքի, Իրանի, Սիրիայի և Պաղեստինի հետ մեր հարաբերությունները, նույնիսկ եթե դա արվում է ոչ չարամտորեն, անկիրթ են: Հարցնել, թե ի՞նչ գործ ունի Թուրքիան Իրաքում, Սիրիայում և Կատարում՝ բացարձակ տգիտություն է»,—ասել է Էրդողանը:

Որ Իրաքը, Սիրիան և Պաղեստինը մի քանի դար իրականում Օսմանյան կայսրության մաս են կազմել՝ անհերքելի իրողություն է: Պատմությունը գիտի թուրք-իրանական մի քանի պատերազմներ, բայց Իրանը երբեք պետական անկախությունը չի կորցրել: Թուրք-պարսկական վերջին պատերազմում, ընդհակառակը, հաղթել է Պարսկաստանը և 1736 թվականին վերահաստատել Կովկասի նկատմամբ իր իրավազորությունը:

Այս առումով «Թուրքիան չորս հարյուր տարի կառավարել է Իրանը» հայտարարությունը բացարձակ անգիտություն է, եթե դատենք պատմագիտության չափանիշներով: Բայց Էրդողանը քաղաքական միտք է արտահայտել, որը, հավանաբար, պետք է դիտարկել անցյալ շաբաթավերջին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հնչեցրած հեռանկարի համատեքստում:

Լավրովն ասել է, որ արտգործնախարարությունների և հատուկ ծառայությունների պատասխանատուների ձևաչափով ընթանում են քառակողմ՝ Ռուսաստան-Թուրքիա-Սիրիա-Իրան բանակցություններ: Նա հույս է հայտնել, որ տեսանելի ապագայում կհաջողվի կազմակերպել բարձր մակարդակի հանդիպում:

Խնդիրն այն է, որ, ինչպես աղբյուրներն են փոխանցում, Իրանը կտրուկ դեմ է թուրք-սիրիական «սեպարատ հաշտությանը»: Համարվում է, որ Էրդողան-Ասադ հանդիպումը չի կայանում, քանի որ Թեհրանը «թույլ չի տալիս»:

Օսմանյան «հպատակների» շարքում նշելով նաև Իրանին, Էրդողանը, հավանաբար, ակնարկել է, որ Թեհրանը «բարձրագույն կարգի խաղացող չէ» և չպետք է խոչընդոտի թուրք-սիրիական հաշտությանը:

Ռուսաստանում «շուրջ մեկ ամիս հանգստանալուց հետո» Սիրիայի նախագահ Ասադը խորհրդարանում ելույթ է ունեցել և գրեթե պարզ հասկացնել տվել, որ Սիրիայի հյուսիսի քրդական ինքնավարության հարցում իր և Էրդողանի մոտեցումները համընկնում են:

Նա Սիրիայի հյուսիսից թուրքական զորախմբի հեռանալու հարցում անսպասելի loyalություն է դրսևորել և ասել, որ հարցը կլուծվի, երբ Սիրիան այդ տարածքներում Թուրքիայի համար «ընդունելի պայմաններ կստեղծի»:

Սիրիայի հյուսիսի քրդական ինքնավարությունը գոյություն ունի Միացյալ Նահանգների շնորհիվ: Էրդողանը ձգտում է այդ կառույցը ոչնչացնել: Իրանը դեմ է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ռազմական ներկայությանը: Էրդողանը փաստացի սպառնում է Իրանին:

Բաքվում Ռուսաստանի դեսպանը կրկին խոսել է Հարավային Կովկասի կարգավորման 3+3 ձևաչափով Թուրքիայում բանակցություններ կազմակերպելու մասին: Եթե Սիրիայի, այսինքն՝ Մերձավոր Արեւելքի ստատուս-քվոյի հարցում Ռուսաստանը և Թուրքիան մի ճամբարում են, Իրանը՝ մյուս, ապա ի՞նչ երաշխիք կա, որ Հարավային Կովկասի դեպքում նրանք միասնական են կամ կարող են լինել:

Նման երաշխիք չկա: Հայաստանի գերխնդիրն է դիվանագիտական պատնեշներ ստեղծել «սիրիականացման ծրագրի» դեմ: