21/11/2024

Ամենակարևորը՝ Արցախի հարցը փակված չէ

Արցախի հարցը փակված չէ: Այս արտահայտությունը Հայաստանում հնարավոր է լսել շատ հաճախ, թե ներքաղաքական նկատառումներով, թե նաեւ պարզապես տարբեր մարդկանց գնահատականների, պատկերացումների, եզրահանգումների, ընդհուպ մարդկային պարզ էմոցիաների համատեքստում հնչող հայտարարարությունների տեսքով: Այդ արտահայտությունն առավել հաճախ հնչեց նախօրեին՝ Արցախի անկախության օրը:

Արտահայտությունը երբեմն ուղեկցվում է իրավա-քաղաքական փաստերով ու փաստարկներով, երբեմն՝ պարզապես ցանկություններով, հնչում հուզական, պաթետիկ: Այստեղ կա իսկապես նուրբ դիլեմա: Հայաստանը, Հայաստանի հանրությունը, հայ ժողովուրդը պետք է պահի՞ Արցախի հարցը «բաց», թե՞ ոչ: Եթե դիտարկենք օրինակ կառավարող մեծամասնության մոտեցումը, ապա այն ըստ էության հետեւյալն է՝ Հայաստանն այսօր չունի դա անելու գործնական կարողություն, խոսելը չի տա որեւէ գործնական օգուտ, բայց կարող է ուժգնացնել արդեն Հայաստանի հանդեպ մարտահրավերները, հետեւաբար պետք է կենտրոնանալ «իրական Հայաստանի» վրա:

Եվ սա ասում է այն կառավարող ուժը, որը մինչեւ 2020 թվականի պատերազմը ըստ էության գերազանցում էր նախկին բոլոր իշխանություններին իր ռազմա-հայրենասիրական հռետորաբանությամբ, պաթոսով եւ արմատականությամբ: Ընդ որում, հնչում են շատ գնահատականներ, որ հենց այդ դիրքորոշումներն էին պատերազմ հասունացնող պատճառները: Սրանք սակայն ավելի շատ պայմանավորված են թերեւս ներքաղաքական հաշվարկներով, քան խնդրի քաղաքական աշխարհաքաղաքական խորքային դիտարկումով: Մինչդեռ, այդ դիտարկումն անհրաժեշտ է ոչ միայն հետագիծը հնարավորինս ամբողջական դիտարկելու համար, այլ նաեւ Արցախի հարցի ապագա որեւէ ուղեգիծ:

Հարցը փակված չէ, սա թերեւս անխոս: Սակայն, բուն խնդիրն այն է, թե ի՞նչ է նշանակում դա: Հարցը փակված չէ գերտերությունների, ուժային կենտրոնների օրակարգերում, ռազմավարություններում, գուցե տակտիկական սցենարներում: Սակայն շատ բարդ է ասել, գնահատել, թե նրանցից որ մեկը, երբ, ինչ շեշտադրումներով կամ ինչ ինտենսիվությամբ կարող է որոշել «դուր բերել» հարցը քաղաքական ասպարեզ եւ կիրառել այս կամ այն նպատակով: Եվ այստեղ բնականաբար Հայաստանը ձեռք կբերի պահանջարկ, որպես հարցը խաղարկելու միջոց: Ե՞րբ կարող է լինել դա, ժամանակային ինչ կտրվածքով, տարինե՞ր, թե՞՞ տասնամյակներ անց, ինչպիսի՞՝ քաղաքակա՞ն, թե՞ ռազմական տրամաբանությամբ զարգացումների հաշվարկով, թերեւս անիմանալի է: Բայց, կարծել, որ Հայաստանը ի վիճակի է լինելու խուսափել առնչությունից եւ ներգրավումից՝ եթե որեւէ ուժային կենտրոն լրջորեն մտածի հարցը առաջ բերելու մասին, կլինի թերեւս միամտություն:

Հետեւաբար, Հայաստանը իր զարգացման մարտավարական ու ռազմավարական սցենարներում, իր սոցիալ-հոգեբանական միջավայրերում պետք է ունենա իրադարձությունների այդպիսի զարգացման նվազագույն պատրաստվածություն: Դա սակայն պահանջում է ոչ թե պաթետիկ կամ հուզական խոսք, ոչ թե ցանկալին իրականության տեղ դնելու խանդավառություն, այլ շատ հետեւողական աշխատանք: Աշխատանք Հայաստանի ամրացման, Հայաստանի ներքին կարողությունների զարգացման, Հայաստանի տնտեսական առողջացման եւ ինքնաբավ հնարավորությունների գործակցի աճի, ինստիտուցիոնալ արդիականացման, քաղաքական կենսունակ, մրցակցային համակարգի ձեւավորման ուղղությամբ: Այդ ամենը թույլ կտա, որ այս կամ այն սցենարի պարագայում, որտեղ Արցախի հարցը կգա ասպարեզ, Հայաստանի լինի ոչ թե գործիք, այլ՝ ըստ էության աշխարհաքաղաքական այդ սցենարի գործընկեր: