16/09/2024

Պուտինը ԲՌԻԿՍ-ի գագաթաժողովին տալիս է արտաքին քաղաքական տրիումֆի նշանակություն

Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հղելով ՌԴ ԱԳՆ ավելի վաղ տարածած տեղեկատվությանը, գրում է, որ հոկտեմբերի վերջին Կազանում կազմակերպվող ԲՌԻԿՍ-ի գագաթաժողովին հրավիրված են ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները:

Փոխարտգործնախարար Սաֆարյանն Ազգային ժողովում լրագրողներին ասել է, որ Հայաստանը կմասնակցի ԲՌԻԿՍ-ի գագաթաժողովին: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Խանդանյանի մեկնաբանությամբ՝ Հայաստանը այդ կառույցին անդամակցելու մտադրություն չունի:

ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովի շուրջ ինտրիգը լուրջ է. Թուրքիան և Ադրբեջանը կազմակերպությանը անդամակցելու հայտ են ներկայացրել, իսկ Կազանում պետք է հաստատվի ԲՌԻԿՍ-ին Իրանի անդամակցությունը:

Նախնական տեղեկություններով՝ այդ շրջանակներում կարող է ստորագրվել ռուս-իրանական համապարփակ համագործակցության պայմանագիրը: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ քննարկվում է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպման հարցը:

Ըստ այդմ, մեծ է հավանականությունը, որ ԲՌԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովը երկկողմ և այլ ձևաչափերով բանակցային հարթակի դեր նույնպես կկատարի: Չի բացառվում, սակայն, որ այն կբացահայտի նաև ներակազմակերպական հակասություններ:

Միջազգային մամուլում, ի մասնավորի, փորձագիտական գնահատական կա, որ ռուս-ուկրաինական կարգավորման միջնորդության հարցում Չինաստանը և Հնդկաստանը լուրջ մրցակցության մեջ են: Պետք է, թերևս, ավելացնել նաև Թուրքիային, որը չի դադարում հուսալ, թե կարող է Մոսկվային և Կիևին վերադարձնել ստամբուլյան պայմանավորվածություններին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը ԵՄ անդամ երկրների գործընկերների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «ստամբուլյան պայմանավորվածությունները չեղարկվել են Միացյալ Նահանգների պահանջով»:

Կազանում, ըստ երևույթին, նախատեսվում է Պուտին-Էրդողան հանդիպում: Հավանական է, որ կկայանա ՌԴ և Իրանի նախագահների առաջին հանդիպումը: Հայաստանը վարչապետ Փաշինյանի մակարդակո՞վ է մասնակցելու ԲՌԻԿՍ-ի գագաթաժողովին:

Եթե Երևանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու մտադրություն չունի, ապա ի՞նչն է կազանյան գագաթաժողովին մասնակցության մոտիվացիան: ԱՊՀ երկրների առաջնորդների հրավերի հանդեպ հարգա՞նքը, թե՞ այդ հարթակում երկկողմ կամ այլ ձևաչափով հանդիպումների անհրաժեշտությունը:

Բաքվում ՌԴ դեսպանն ասել է, որ նախապատրաստվում է 3+3 ձևաչափով նախարարական հանդիպում, որը ծրագրված է անցկացնել Թուրքիայում: Հնարավո՞ր է, որ նախնական քննարկումներ կազմակերպվեն Կազանում:

ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը գումարվում է Բաքու Պուտինի պետական այցից հետո: Ռուսաստանը փորձում է հայ-ադրբեջանական բանակցությունների մոսկովյան հարթակը վերականգնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևին առաջարկել է հանդիպել հայ-ադրբեջանական սահմանին: Բաքվի անուղղակի արձագանքներից դատելով՝ Ալիևը նման հանդիպման մտադրություն չունի:

Եթե Կազան մեկնի Նիկոլ Փաշինյանը, իսկ այլ մակարդակով Հայաստանի մասնակցությունը կլինի բացառապես արարողակարգային, Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպման առաջարկություն կանի՞: Պուտինը ԲՌԻԿՍ-ի գագաթաժողովին տալիս է արտաքին քաղաքական տրիումֆի նշանակություն, բայց տարաձայնությունները հարթելու հնարավորությունը նվազ է թվում: