13/10/2024

Հայաստանի ներքին դիմադրունակության առավելագույն ինտենսիվ աշխատանքը բոլոր մակարդակներում

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու ցամաքային զորքերի հրամանատարը շարունակում են այցերը Հայաստանի հետ սահմանին մերձ տեղակայված զորամասեր: Նախօրեին տարածվեց տեղեկություն, որ Հասանովն ու ցամաքային զորքերի հրամանատարը՝ նրա տեղակալը, ստուգել են մարտական պատրաստությունն ու զգոնությունը:

Այսօր Հասանովը խոսել է զինժառայողնների սոցիալական խնդիրների ու կեցության պայմանների մասին: Այդ ամենում ադրբեջանական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանի մասին շարունակում է կիրառել «պայմանական սահման» ձեւակերպումը: Ընդ որում, այդ կիրառությունը կարծես թե չի հուզում թե Հայաստանին, թե նաեւ միջազգային որեւէ դերակատարի:

Համենայն դեպս, որեւէ կերպ չկկա հարցադրում, թե ինչու՞ է Բաքուն կիրառում «պայմանական սահման» ձեւակերպումը: Կան չսահմանազատված եւ չսահմանագծված սահմաններով այլ պետություններ, բայց կարծես թե չկա այդպիսի կիրառում: Օրինակ, Ադրբեջանը նույն սահմանագծվածության ու սահմանազատվածության խնդիրն ունի Վրաստանի հետ, բայց կարծես թե որեւէ կերպ չի կիրառում վրաց-ադրբեջանական «պայմանական սահման» ձեւակերպումը:

Այս հանգամանքը պարզորոշ վկայում է, որ անգամ չնայած սահմանազատման ու սահմանագծման հարցում կանոնակարգի ստորագրմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային անվտանգության ռեժիմը որոշելու է թերեւս ռեգիոնալ անվտանգության կարգը, այլ ոչ թե կանոնակարգը:

Ավելին, այդ կարգն է թերեւս «պայմանավորելու», թե ինչ տրամաբանությամբ է աշխատելու ստորագրված կանոնակարգը, եթե իհարկե այն անցնի ներպետական հաստատումների ամբողջական շարքը ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ադրբեջանում, որտեղ այդ գործընթացը դեռ չի էլ սկսել: Իսկ ռեգիոնալ անվտանգության կարգ գոյություն չունի:

Իհարկե ասել, որ ընդհանրապես անկարգություն է, կլինի սխալ: Այդուհանդերձ Կովկասում ձեւավորված է թե ռեգիոնալ, թե որոշակիորեն նաեւ արտառեգիոնալ ուժերի դերակատարում ենթադրող փոխհարաբերությունների որոշակի կարգ:

Բայց, այն գործնականում չունի որեւէ ամրագրում, կամ այլ կերպ ասած՝ կարգը հաստատված, «ստորագրված» չէ որեւէ ձեւաչափով, հետեւաբար այն ցանկացած պահի ենթակա է փոփոխության կամ խախտման, ինչի առիթ, պատճառ կամ մոտիվ կարող է ձեւավորվել անգամ ռեգիոնից զգալիորեն դուրս գտնվող գոտիներում այս կամ այն զարգացման հետեւանքով:

Ըստ այդմ, Հայաստանի համար շարունակում է գերխնդիր լինել ներկայումս առկա իրավիճակային «կարգի» բոլոր դերակատարների հետ հաղորդակցության նվազագույն բարվոք ռեժիմի ապահովումն ու Հայաստանի ներքին դիմադրունակության առավելագույն ինտենսիվ աշխատանքը բոլոր մակարդակներում, պետական կառավարումից մինչեւ հասարակական-քաղաքական հարաբերությունների համակարգ:

Հայաստանի համար կենսական հրամայական է հենց այստեղ հնարավորինս հաստատուն ու երկարաժամկետ պայմանավորվածությունների վրա հիմնված կարգի կամ «կանոնակարգի» հաստատումը: