22/11/2024

Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան չեն հավատում Իրանի հռետորաբանությանը

Երեւանում տեղի ունեցող «Երեւանյան երկխոսություն» միջազգային դիվանագիտական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը համաժողովին մասնակցող Իրանի փոխարտգործնախարարի հետ:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ռեգիոնալ ճանապարհների ապաշրջափակման հարցում տարածքային ամբողջության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքի առնչությամբ Իրանի հաստատուն դիրքորոշումը: Իրանն այդ դիրքորոշումը վերջին օրերին բարձրաձայնում է տարբեր մակարդակներով ու պարբերաբար, թիրախում պահելով Ռուսաստանից հնչած հայտարարությունները, որոնց սկիզբը ըստ էության Պուտինի Բաքու կատարած այցի օրը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն էր, որ Երեւանը սաբբոտաժի է ենթարկում ճամապարհների ապաշրջափակման եռակողմ պայմանավորվածությունները:

Այդ հայտարարությունից հետո իրանական կողմը շատ ավելի ինտենսիվ ու բուռն է արձագանքում ճանապարհների վերաբերյալ հայտարարություններին, քան հայկական կողմը, ու նույնիսկ՝ քան Ռուսասանից հնչող հայտարարությունները: Պատկերն իսկապես բավականին տարօրինակ է, եւ այդ տարօրինակության վրա էլ «յուղ» ավելացավ այսօր, երբ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը իր բրիտանացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարեց Իրանի դեմ պատժամիջոցների մասին, այն բանի համար, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է տրամադրել Ռուսաստանին:

Այս մասին խոսվում է ամիսներ, եւ թերեւս կասկածից վեր է, որ այդ տեղեկության իսկության հաստատման հարցը հնարավոր էր լուծել շատ վաղուց, եւ թերեւս լուծված էր, ու այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է հիմա հայտարարվում այդ մասին եւ փաստացի պատժամիջոց սահմանվում Իրանի դեմ: Իրանի հանդեպ այդ քայլն արվում է այն ժամանակ, երբ Իրանը կոշտ հռետորաբանությամբ մեսիջներ է հղում Ռուսաստան:

Թե՞ Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան չեն հավատում այդ հռետորաբանությանը, չեն հավատում Իրան-Ռուսաստան այդ «հրաձգությանը», եւ Իրանի պահվածքում նկատում են խոչընդոտ հենց իրենց նպատակների համար: Բոլոր դեպքերում տարակուսելի է, որ Ռուսաստանի հանդեպ թե պաշտոնական, թե տեղեկատվա-քարոզչական մակարդակներում բավականին սուր արշավ իրականացնող Իրանը հանկարծ հայտնվում է ԱՄՆ ու Բրիտանիայի թիրախում մի հարցի վերաբերյալ, որի առնչությամբ Թեհրանին թիրախավորելու հնարավորություն կար թերեւս շատ վաղուց: Այստեղ իհարկե առանցքային հարցերից է այն, թե Իրանի հանդեպ սահմանվող նոր պատժամիջոցները որքանով կարող են հարվածի տակ դնել Հայաստան-Իրան հարաբերությունը: