22/11/2024

Ռուսաստանի և Ուկրաինայի ընդհանուր կորուստները հասել են մեկ միլիոն մարդու. WSJ

Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ սպանվածների ու վիրավորների թիվը հասել է մեկ միլիոն մարդու, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրներին ու արևմտյան հետախուզության տվյալներին։

Ըստ ուկրաինական գնահատականների, որոնց վրա հիմնվել է պարբերականը, Ուկրաինայի զինված ուժերում զոհվածների թիվը կազմել է 80 հազար զինծառայող, իսկ վիրավորներինը՝ 400 հազար։ Ռուսական բանակի կորուստների թվերը տարբեր են. որոշ գնահատականներով՝ զոհված զինվորականների թիվը հասնում է 200 հազարի, իսկ վիրավորներինը՝ նույնպես մոտ 400 հազարի։ Պարբերականն ընդգծում է, որ կորուստները դժվար է գնահատել. կողմերից ոչ մեկը պաշտոնական տվյալներ չի հրապարակում։

The Wall Street Journal-ը կորուստների մեծ քանակն անվանել է խնդիր Ռուսաստանի համար, սակայն նշել է, որ գրեթե նույնքան քանակը ուկրաինական կողմից ավելի մեծ վնաս է պատճառում՝ հաշվի առնելով Ուկրաինայի բնակչության մի քանի անգամ փոքր լինելը։

Բացի դրանից, ինչպես գրում է WSJ-ը, մեծ կորուստները երկարաժամկետ հետևանքներ կունենան երկու երկրների համար, որոնք մինչ պատերազմը պայքարում էին բնակչության կրճատման դեմ՝ կապված հիմնականում տնտեսական և սոցիալական ցնցումների հետ։