12/10/2024

Այսօր Հայաստանն իսկապես վտանգված է, որովհետեւ չկա Արցախը, չկան հարակից տարածքները

«Հրապարակ»-ի զրուցակիցը Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանն է:

– Մի առիթով ասել էիք՝ եթե մենք Արցախի հարցով չզբաղվենք, Արցախի հարցն է մեզնով զբաղվելու: Նկատի ունեիք ՀՀ անվտանգության խնդիրը: Ինչո՞ւ է կարեւոր վերադարձի խնդիրը բանակցությունների օրակարգ բերելու հարցը:

– Իհարկե, եթե մենք Արցախի հարցով չզբաղվենք, Արցախի հարցն է մեզնով զբաղվելու եւ զբաղվում է։ Չգիտեմ, եթե դիվանագիտությամբ զբաղվող մարդ կա եւ սա չի հասկացել, իսկապես զարմանալի է, որովհետեւ սա փաստ է։ Մենք ասենք, որ մեզ համար Արցախի հարցը փակված է, գոյություն չունի, եւ մտածենք, որ իրոք Արցախի հարց գոյություն չունի՝ ուղղակի միամտություն է։ Այսօր Ադրբեջանի ամեն քայլը բխում է Արցախի շուրջ նախորդ 25-30 տարիներին տեղի ունեցած իրադարձությունների պրիզմայից, տրամաբանությունից։ Ալիեւն այսօր մեզնից այդ 30 տարիների իրադարձությունների հետ կապված վրեժն է լուծում՝ ե՛ւ միջանցքի պահանջը, ե՛ւ Հայաստանի տարածքների նկատմամբ իր հավակնությունները, ե՛ւ, առհասարակ, այնպիսի պայմանագիր ձեռք բերելը, որով ուղղակի հարցը մեկընդմիշտ կփակվի, ինչպես նաեւ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը: Սրանք` բոլորը, Արցախի հետ առնչություն ունեցող հարցեր են, արցախյան հակամարտության այդ տարիներին տեղի ունեցող իրադարձություններին ի պատասխան տրամաբանությունից են բխում, հետեւաբար, միամտություն է կարծել, որ ասելով՝ Արցախի հարցը փակված է, հնարավոր է հույս ունենալ, որ երաշխավորում ենք Հայաստանի անվտանգությունը։ Ճիշտ հակառակն է՝ միայն Արցախի հարցը հետ բերելով բանակցային օրակարգ, մենք մեզ կարող ենք ավելի պաշտպանված զգալ։
Ես այստեղ մի զուգահեռ անցկացնեմ․ երբ 30 տարի մենք ունեինք Արցախ եւ հարակից տարածքներ, Հայաստանն առավել անվտանգ էր, սահմաններն անխոցելի էին, ունեինք ռազմաքաղաքական, ստրատեգիական խորք եւ առավել պաշտպանված էինք զգում մեզ։ Կորցրինք Արցախը, հարակից տարածքները, Հայաստանի սահմանները դարձան խոցելի, Ադրբեջանն արդեն մխրճվել է Հայաստանի սահմաններից ներս եւ սպառնում է լրացուցիչ մեծ կորուստներով։

Այսօր Հայաստանն իսկապես վտանգված է, որովհետեւ չկա Արցախը, չկան հարակից տարածքները։ Նույն տրամաբանությունն աշխատում է բանակցություններում․ երբ դու բանակցային սեղանի վրա չունես Արցախի հարց, օրակարգային են դառնում միայն Հայաստանին վերաբերող հարցերը՝ սահմանազատում, որն արդեն Հայաստանի տարածքին է վերաբերում, միջանցքի հարց, ադրբեջանցիների վերադարձ Հայաստան․․․։ Այնքան է սահմանափակվում օրակարգը, որ դու նույնիսկ առեւտուր անելու հնարավորություն չունես, եւ Հայաստանն ավելի խոցելի է դառնում արդեն բանակցային հարթությունում, ուստի Արցախի հարցը, արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու հարցն օրակարգ բերելով մենք ստանում ենք բանակցային խորք, իսկ այն թեզը, որ այս հարցն օրակարգ բերելով մենք կարող ենք պատերազմ հրահրել կամ հրահրել այն, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, ուղղակի անթույլատրելի արգումենտ է եւ բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։
Ընդհակառակը՝ այս հարցն օրակարգ բերելով, մենք նպաստում ենք առավել կայուն խաղաղությանը, իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցիների վերադարձին, դա բոլորովին այլ հարթության խնդիր է։ Տոյվո Կլաարի՝ ԵՄ ներկայացուցչի վերջին հարցազրույցը նայեք, ասում է՝ մեկը մյուսի հետ որեւէ կապ չունի․ ադրբեջանցիները լքել են Հայաստանը 90-ականների սկզբին, հայերը՝ Ադրբեջանը, իսկ Արցախը բոլորովին այլ է։ Եվ դրանք համեմատության մեջ դնելն ուղղակի ժողովրդին մոլորեցնելու միջոց է։

– Այն, ինչ տեղի ունեցավ 2020-ին, դրանից հետո, հիմա, դիվանագիտության ձախողման հետեւանք է: Կոմպետենտ ու ճիշտ դիվանագիտության արդյունքում հնարավո՞ր է շտկել իրավիճակը, այն պայմաններում, երբ մեզ վերաբերող հարցերը վաղուց առանց մեզ՝ միմյանց հետ պայմանավորվելով են լուծում:

– Այո, 2018 թ․ իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունները դիվանագիտական փորձ չունեին եւ մերժեցին նախկինում կուտակված փորձից օգտվելը, ընտրեցին իրենց ինքնուրույն ճանապարհը։ Այդ փորձի եւ դիվանագիտական հմտության բացակայության պայմաններում ձախողումների այսպիսի շարք եղավ։ Ահավասիկ, 6 տարի անց ասել, որ իշխանությունները փորձ են կուտակել, սխալ կլինի, որովհետեւ կուտակված փորձը ձախողումների, պարտության փորձ է, դա բացասական փորձ է, եւ հույս ունենալ, որ այդ 6 տարիների դիվանագիտական փորձի հիման վրա հնարավոր է ինչ-որ բան շտկել, ուղղել եւ հաջողություն ունենալ, դժվար է պատկերացնել։

Միանշանակ, այստեղ իշխանություններն օգնության կարիք ունեն, բայց նրանք ո՛չ հարցնում են, ո՛չ ցանկանում են այդ օգնությունը, ուղղակի շարունակում են իրենց ճանապարհը, ուստի մենք դատապարտված ենք նույն այս ճանապարհը շարունակել, որը կարող է, իսկապես, առավել ծանր վիճակում դնել Հայաստանը։ Մեր շուրջը ստեղծված իրավիճակը բավականին բարդ է, գլոբալ իրավիճակն է բարդ, իշխանություններն ուղղակի չունեն ճիշտ կողմնորոշվելու հմտություն։ Այսօր՝ այս պայմաններում, մենք դաշնակիցներ չունենք` հներին կորցրել ենք, նորերը ձեռք չենք բերել եւ չենք կարողանում ինչ-որ քաղաքական ուղղություն վերցնել ու դրանով առաջնորդվել։
Նայեք, նախորդ բոլոր իշխանություններն ինչ-որ ուղենիշ ունեին՝ Տեր-Պետրոսյանի ժամանակ դա հավասարակշռության քաղաքականությունն էր, մեր ժամանակ` 10 տարի, կոմպլեմենտար քաղաքականություն էինք որդեգրել, որը միանշանակ դրական արդյունքներ էր տվել՝ ե՛ւ Արցախի հարցում, ե՛ւ տարածաշրջանային հարաբերություններում։ Դրանից հետո՝ Սերժ Սարգսյանի ժամանակ, այսպես կոչված, բազմավեկտոր քաղաքականություն էր հռչակվել։ Անկախ նրանից, թե դրա տակ ինչ բովանդակություն էին դնում, ուղենիշ կար, առնվազն։ Հայաստանի գործող իշխանություններից ես չեմ տեսել այդ ուղենիշը, եւ այս անորոշ վիճակում, իսկապես, ակնկալել, որ մենք դրական արդյունքներ կունենանք, միամտություն կլինի։ Սա, իհարկե, բավականին ծավալուն, առանձին հարցազրույցի թեմա է, ես շատ ընդհանուր անդրադարձա, որովհետեւ ամեն մի բառի տակ խորը բովանդակություն կարող է լինել։ «Կոմպլեմենտար»-ը մեկ բառ է, բայց դրա տակ լուրջ բովանդակություն կա, եւ ես կարծում եմ, որ այսօր Հայաստանի համար այդ ճանապարհը ճիշտ ճանապարհ կլինի։ Մի օրինակ բերեմ՝ Սառը պատերազմից հետո ԱՄՆ-ի քաղաքականությունը Սովետական Միության նկատմամբ մեկ բառով էր բնորոշվում՝ զսպման քաղաքականություն՝ containment, բայց դա շատ խորքային բովանդակություն ուներ, հատորներ են գրվել այդ 1 բառի շուրջ։

Արտաքին քաղաքականությունները մեկ բառով են բնութագրվում, բայց այդ բառն իր բովանդակությունն ունի։ Այսօր Հայաստանում դա իսպառ բացակայում է, եւ դրա հիմնական պատճառը փորձի, հմտությունների պակասն է եւ, որ առավել վտանգավոր է ՝ այս 6 տարիների բացասական փորձի կուտակումը։

– Որքան էլ աշխարհաքաղաքական իրավիճակը բարդ լինի, ու Ալիեւին հաջողվի օգտվել դրանից, ուռճացված չէ՞ այդ երկրի «անպարտելի» կերպարը: 

– Իհարկե, Ադրբեջանը շատ խոցելի պետություն է բոլոր առումներով՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսության, նույնիսկ` նավթային պաշարների սպառման, նավթի գնի անկման, բայց հույս դնել այդ ամենի վրա, որ դա հիմք կլինի մեզ համար՝ ուժային առավելության հասնել Ադրբեջանի նկատմամբ, սխալ ճանապարհ է։ Մենք այսօր մեր մրցակցությունն Ադրբեջանի հետ պետք է դիտարկենք դիվանագիտական հարթության վրա, դրա համար էլ դիվանագիտական հմտությունն առաջնային է դառնում, եւ այն բոլոր հարցերը, որ ես հարցազրույցում քննարկել եմ, վերաբերում են դիվանագիտությանը, եւ այդ առումով ես կարծում եմ՝ մենք կկարողանանք առավելություն ունենալ ու արդյունքների հասնել։ Իհարկե, զուգահեռաբար, մենք ներսում՝ Հայաստանում, բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու՝ ժողովրդավարությունից մինչեւ տնտեսություն, բանակի վերազինում։ Դիվանագիտական աշխատանքին, արցախցիների վերադարձի եւ Արցախի հարցը կենդանի պահելուն զուգահեռ, այդ ամենով պետք է զբաղվել, պետությունն ամրացնել, հասնել ներքին միասնության։ Մենք պետք է կարողանանք մեր դաշնակցային հարաբերությունները ճիշտ կառուցել, ունենալ արտաքին քաղաքականության հստակ ուղենիշ, վարել արդյունավետ քաղաքականություն։ Բայց նորից վերադառնալով գլխավոր հարցին՝ հայրենազրկման առաջին տարելիցին, եկեք զոհի կերպարից դուրս գանք, մտնենք պայքարի մեջ, ունենք բոլոր հիմքերը` արցախահայության` իրենց տներ վերադառնալու հարցը բերելու օրակարգ եւ փորձելու միասնական ջանքերով դա անել հնարավորինս կարճ ժամկետում։