09/10/2024

Անկախության օրը՝ ոչ մի ռազմահայրենասիրական միջոցառում

Իշխանությունները կազմակերպված փորձում են մոռացության մատնել, ջնջել հանրության ենթագիտակցությունից Հայաստանի Հանրապետության պետականությանն ու անկախությանը, ինքնիշխանությանն ու արժանապատվությանը վերաբերող տոները։

Հրապարակ թերթը գրել է․ Պարզվում է` սեպտեմբերի 21-ը՝ ՀՀ անկախության օրը, իշխանությունը որոշել է պետական արարողակարգային միջոցառումներ չանել: Սահմանափակվելու են միայն մի խումբ զինվորականների նախագահականում շքանշաններ տալով։

Պատերազմը պարտված զինվորականներին խրախուսելուց զատ, մի միջոցառում էլ լինելու է Հայաստանի պատմության թանգարանում՝ Անահիտ աստվածուհուն նվիրված։ Թե ի՞նչ կապ ունի Անահիտ աստվածուհին ՀՀ անկախության օրվա հետ, պարզ չէ։

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության վարչության պետ Արմեն Խաչատրյանը «Հրապարակ»-ին ասաց, որ միջոցառումներ, որպես այդպիսին, չկան, նախագահականում տեղի կունենա պարգեւատրման արարողություն, մեկ էլ Հայաստանի պատմության թանգարանում կբացվի ԿԳՄՍ-ի կազմակերպած՝ «Մայր աստվածություն՝ Անահիտից Մարիամ» ցուցադրությունը։

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ ասաց, որ քաղաքապետարանն այդ օրը որեւէ միջոցառում չի կազմակերպել, հնարավոր է վարչական շրջաններում նշվի՝ վարչական շրջանների ղեկավարների նախաձեռնությամբ։

Մինչդեռ անկախության օրվա առիթով ամեն տարի Երևանում եւ Հայաստանի բոլոր քաղաքներում պետական մակարդակով կազմակերպվել են ռազմահայրենասիրական բնույթի տոնական միջոցառումներ, իսկ ամեն հինգ տարին մեկ Հանրապետության հրապարակում կազմակերպվել է ռազմական շքերթ։ Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ռազմական զորահանդես վերջին անգամ եղել է 2016թվականին։ 2021 թվականին անկախության 30-ամյակի առթիվ Հանրապետության հրապարակում շքերթի փոխարեն համերգ է տեղի ունեցել։

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է՝ Փաշինյանի կառավարությունը հետեւողականորեն կազմաքանդում է Հայաստանի Հանարպետության 33-ամյա պատմության բոլոր ավանդույթներն ու հենասյուները։
«Խոսքը միայն անկախության տոնակատարությանը չի վերաբերում, մեր ազգի բոլոր կարեւոր պետական տոները մոռացության են մատնված։ Մենք այլեւս չենք նշում Բանակի օրը, Մայիսյան եռատոնը, Անկախության օրը, որովհետեւ այս կառավարության անդամները հպարտությամբ ասում են, որ ՀՀ անկախության օրը սեպտեմբերի 19-նն է, այն օրը, երբ Արցախը էթնիկական զտման ենթարկվեց եւ հայաթափվեց։ Այս մարդկանց համար պատմությունը սկսվում է իրենց սեփական կետից: Ունեն պլան բ․ պետք է փոխեն Սահմանադրությունը եւ մոռացության տան Անկախության հռչակագիրը։ Մեկ տարի առաջ այս օրերին Փաշինյանը հրապարակավ հայտարեց, թե սկսում է անկախական շարժում, ի հակակշիռ ծայրագավառիստների։ Եթե դու անկախության շարժում ես գլխավորելու, հատուկ շուքով պետք է նշեիր, բայց հատուկ մոռացության է տանում, որովհետեւ  նրանց առաքելությունն է՝ փոշիացնել հայ ժողովրդին միավորող, մեզ բոլորիս համախմբող «ես»-ի, «մենք»-ի գաղափարի հիմքում դրված արժեքները»,- ասաց նա։